русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
29 մարտի 2024թ. ուրբաթ, ԴՁ
Աւագ ուրբաթ
Պահք
Յիշատակ չարչարանաց, խաչելութեան եւ թաղման Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի


Ավետարան ըստ Հովհաննեսի 13.16-18.1

16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: 17 Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: 18 Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ՝ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ «Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ». 19 հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: 21 Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը ինձ մատնելու է»: 22 Աշակերտներն իրար էին նայում՝ տարակուսելով, թէ ում մասին է ասում: 23 Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: 24 Սիմոն Պետրոսը նրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ում մասին է ասում: 25 Եւ սա Յիսուսի կրծքով ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: 26 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ եւ կտամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: 27 Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: 28 Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի համար այդ նրան ասաց. 29 որովհետեւ ոմանք կարծում էին, թէ քանի որ Յուդան է գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է», եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: 30 Իսկ նա, պատառը վերցնելով, իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր... 31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32 քանի որ եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կփառաւորի իրենով. եւ իսկոյն կփառաւորի նրան: 33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ «ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ», այժմ այդ ձեզ էլ եմ ասում: 34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կգաս իմ յետեւից»: 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կտամ»: 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կլինես»:

14 1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մօտ, որպէսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»: 5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձնով: 7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»: 8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա է անում գործերը: 11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի համար հաւատացէք ինձ: 12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կանի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: 13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կանեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով: 15 Եթէ ինձ սիրում էք, կպահէք իմ պատուիրանները. 16 եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի: 18 Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մօտ: 19 Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու: 20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ, ու ես՝ ձեր մէջ: 21 Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»: 22 Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»: 23 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կպահի, եւ իմ Հայրը նրան կսիրի. եւ մենք նրա մօտ կգանք ու նրա մօտ կօթեւանենք: 24 Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց: 25 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կուսուցանի եւ ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ: 27 Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: 28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: 29 Եւ հիմա ասացի ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ լինի, հաւատաք: 30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ ինձ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: 31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:

15 1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: 2 Ամէն ճիւղ, որ ինձ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի: 3 Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի: 4 Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքնիրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ՝ դուք, եթէ ինձ վրայ հաստատուած չլինէք: 5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող: 6 Եթէ մէկը ինձ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կնետուի ու կչորանայ, եւ այն կհաւաքեն ու կրակը կնետեն, եւ կայրուի: 7 Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզէք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կտրուի: 8 Իմ Հայրը փառաւորուած կլինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք: 9 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք: 10 Եթէ իմ պատուիրանները պահէք, կմնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ: 11 Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի: 12 Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: 13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: 14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: 15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: 16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ: 17 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: 18 Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: 22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: 23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: 25 Եւ այդ՝ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին: 26 Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա կվկայի իմ մասին. 27 կվկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»:

16 1 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի: 5 Բայց այժմ ես գնում եմ ինձ Ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում: 6 Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը: 7 Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կուղարկեմ ձեզ մօտ: 8 Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի ու արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում: 9 Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. 10 արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. 11 դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է: 12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել: 13 Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կխօսի, այլ ինչ լսի, այն կխօսի. եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ: 14 Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձնից, կյայտնի ձեզ: 15 Ամէն ինչ, որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձնից, կյայտնի ձեզ: 16 Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա՝ մի քիչ եւս, եւ ինձ նորից կտեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»: 17 Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կտեսնէք, եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»: 18 Եւ ասում էին. «Ի՞նչ է այն “մի քիչ եւս”-ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»: 19 Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա համա՞ր էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կտեսնէք ինձ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի: 21 Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց: 22 Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի: 23 Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ: 24 Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի: 25 Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ: 26 Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ ես պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, 27 քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ: 28 Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»: 29 Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում: 30 Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. 32 ահա պիտի գայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է: 33 Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:

17 1 Յիսուս, երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը. փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի, 2 ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամէնքին, որ նրան տուեցիր: 3 Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ՝ Յիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր: 4 Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. կատարեցի այն գործը, որն ինձ տուեցիր, որ անեմ. 5 եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ այն փառքով, որ ունէի քեզ մօտ նախքան աշխարհի լինելը: 6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: 7 Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուեցիր, ես նրանց տուեցի. 8 եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դու ուղարկեցիր ինձ: 9 Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են: 10 Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ: 11 Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս: Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք: 12 Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի: 13 Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան: 14 Ես նրանց տուեցի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ: 15 Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից: 16 Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ: 17 Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է: 18 Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: 19 Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ: 20 Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ՝ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, 21 որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, որ դու ուղարկեցիր ինձ: 22 Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք: 23 Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ: Եւ աշխարհը գիտենայ, որ դու ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր: 24 Հա՛յր, ում որ ինձ տուեցիր, կամենում եմ, որ ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը: 25 Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել: 26 Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»:

18 1 Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ-գնաց Կեդրոնի ձորի միւս կողմը. այնտեղ մի պարտէզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները:




Ավետարան ըստ Ղուկասի 22.1-65

1 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք: 2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտրում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից: 3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ տասներկուսի թւում էր: 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի: 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ: 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտրում նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի: 7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել պասեքը: 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին ու Յովհաննէսին եւ ասաց. «Գնացէք պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»: 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»: 10 Եւ նրանց ասաց. «Ահա, երբ քաղաք մտնէք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կմտնի: 11 Եւ կասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է. ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”: 12 Եւ նա ձեզ ցոյց կտայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կպատրաստէք»: 13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը: 14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ: 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: 16 Բայց ասում եմ ձեզ, որ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծոյ արքայութեան մէջ»: 17 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, որ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծոյ արքայութիւնը»: 19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»: 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած: 21 Բայց ահաւասիկ, իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է: 22 Եւ մարդու Որդին աշխարհից կգնայ՝ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնուի»: 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ով է, որ այդ անելու է: 24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ով պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: 28 Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրն ինձ խոստացաւ տալ արքայութիւնը, 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»: 31 Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել: 32 Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»: 33 Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»: 34 Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, երբ դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»: 35 Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»: 36 Եւ նրանք ասացին. «Եւ ոչ մի բանի»: Ապա ասաց. «Իսկ այժմ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի: 37 Բայց ասում եմ ձեզ. այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի ինձ վրայ, թէ՝ “Անօրէնների հետ դասուեց”. որովհետեւ ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»: 38 Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց. «Բաւական են»: 39 Եւ Յիսուս, ըստ իր սովորութեան, ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները: 40 Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»: 41 Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկէց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. 42 «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քոնը թող լինի»: 43 Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում: 44 Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետնին թափուելով: 45 Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46 եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վեր կացէք աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»: 47 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում՝ տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա է, նրա՛ն բռնեցէք»: 48 Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»: 49 Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»: 50 Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը: 51 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»: Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց: 52 Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի վրա՞յ էք գալիս սրերով ու մահակներով. 53 միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն այս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»: 54 Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից: 55 Երբ գաւթի մէջ կրակ վառեցին ու նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ: 56 Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան ու ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»: 57 Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»: 58 Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան ու ասաց. «Դու էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»: 59 Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր ու ասում. «Ճիշտ որ, սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»: 60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ՝ այդ ինչ ես խօսում»: Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց: 61 Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»: 62 Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ: 63 Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ ու խփում, 64 ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր, ո՞վ է, որ քեզ խփեց»: 65 Եւ հայհոյելով ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին:




Ավետարան ըստ Մարկոսի 14.27-72

27 Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. “Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն”: 28 Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»: 29 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»: 30 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»: 31 Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Եթէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում: 32 Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»: 33 Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել: 34 Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»: 35 Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետնին. եւ աղօթում էր, որ եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ: 36 Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ համար հնարաւոր է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու ես կամենում»: 37 Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ: 38 Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: 39 Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց: 40 Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան: 41 Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել է. եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը: 42 Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»: 43 Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից: 44 Մատնիչը նրանց նշան էր տուել՝ ասելով. «Ում հետ ես համբուրուեմ, նա է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ»: 45 Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան: 46 Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին: 47 Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց: 48 Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞: 49 Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում, եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների գրուածքները կատարուեն»: 50 Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան: 51 Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին, 52 եւ նա, թողնելով հագի կտորը, մերկ փախաւ նրանցից: 53 Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը: 54 Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս՝ քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ: 55 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտրում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում. 56 քանի որ նրա դէմ շատերը սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին: 57 Ոմանք վեր կենալով սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. 58 «Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. “Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կշինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ”»: 59 Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր: 60 Ապա քահանայապետը, կանգնելով մէջտեղում, Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»: 61 Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծոյ Որդին»: 62 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծոյ աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»: 63 Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ: 64 Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է: 65 Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ սպասաւորները ապտակում էին նրան: 66 Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում՝ գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս: 67 Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»: 68 Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց: 69 Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»: 70 Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»: 71 Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»: 72 Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ:




Ավետարան ըստ Մատթեոսի 26.31-56

31 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ «Հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն»: 32 Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»: 33 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»: 34 Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: 35 Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ: 36 Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»: 37 Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել: 38 Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»: 39 Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»: 40 Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ: 41 Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: 42 Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց, աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. քո կամքը թող լինի: 43 Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին: 44 Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց, աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց: 45 Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում: 46 Վե՛ր կացէք, գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»: 47 Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով: 48 Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա է, նրա՛ն կբռնէք»: 49 Եւ սա, իսկոյն մօտենալով Յիսուսին, ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց: 50 Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա համա՞ր դու եկար»: Այն ժամանակ մօտենալով ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին: 51 Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց-պոկեց: 52 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ե՛տ դիր իր տեղը, որովհետեւ ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն: 53 Թէ՞ կարծում ես՝ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր: 54 Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»: 55 Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ տաճարում նստում էի եւ ուսուցանում, եւ ինձ չբռնեցիք. 56 բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:




Ավետարան ըստ Մատթեոսի 26.57-75

57 Իսկ նրանք, բռնելով Յիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին: 58 Եւ Պետրոսը, հեռուից նրան հետեւելով, գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց տեսնելու համար վախճանը: 59 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտրում, որպէսզի նրան սպանեն, 60 բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61 ասացին. «Սա ասում էր. Աստծոյ տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»: 62 Եւ քահանայապետը վեր կենալով նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս. քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»: 63 Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին»: 64 Յիսուս նրան ասաց. «Դո՛ւ ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կտեսնէք նստած ամենազօր Աստծոյ աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»: 65 Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը: 66 Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է: 67 Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68 «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»: 69 Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դու էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»: 70 Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»: 71 Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: 72 Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ «Այդ մարդուն չեմ ճանաչում»: 73 Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները մօտենալով՝ Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: 74 Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ «Այդ մարդուն չեմ ճանաչում»: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց: 75 Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:




Ավետարան ըստ Հովհաննեսի 18.2-27

2 Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս եւ իր աշակերտները շատ անգամ այնտեղ էին հաւաքուել: 3 Եւ Յուդան, իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով: 4 Իսկ Յիսուս, իր վրայ եկող այս ամէնը տեսնելով, դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտրում»: 5 Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան: 6 Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետնին ընկան: 7 Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտրում: Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն: 8 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտրում, նրանց թոյլ տուէք գնալ». 9 որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ «Նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի»: 10 Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր: 11 Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանը դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խմեմ»: 12 Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին: 13 Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր: 14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի: 15 Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը: Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը: 16 Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ՝ դուրսը: Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց: 17 Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: 18 Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր: 19 Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին: 20 Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել: 21 Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»: 22 Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»: 23 Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»: 24 Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ: 25 Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ: 26 Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»: 27 Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց:




Ավետարան ըստ Հովհաննեսի 18.28-19.16

28 Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել: 29 Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»: 30 Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»: 31 Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրէք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32 (որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով է ինքը մեռնելու): 33 Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների Թագաւորը»: 34 Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ՞ ուրիշներն իմ մասին քեզ ասացին»: 35 Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թէ ես էլ հրեայ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»: 36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կմարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»: 37 Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու Թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ Թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան մասին վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»: 38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ հրեաների մօտ ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում: 39 Բայց դուք սովորութիւն ունէք, որ Զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»: 40 Բոլորը աղաղակեցին եւ ասացին. «Ո՛չ նրան, այլ Բարաբբային»: Եւ այն Բարաբբան աւազակ էր:

19 1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց՝ Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել: 2 Իսկ զինուորները, փշէ պսակ շինելով, դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին: 3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին: 4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, որ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր ու ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա այդ մարդը՝ ձեզ»: 6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ, ըստ մեր օրէնքի, պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծոյ Որդի դարձրեց»: 8 Երբ Պիղատոսն այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: 9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց. «Որտեղի՞ց ես դու»: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: 10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: 11 Յիսուս պատասխանեց. «Դու ինձ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն աւելի մեծ է»: 12 Սրանից յետոյ Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթէ նրան արձակես, ուրեմն կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսերը»: 13 Իսկ երբ Պիղատոսն այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ՝ այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: 14 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր Թագաւորը՝ ձեզ»: 15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր Թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: 16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչ հանուի:




Զաքարիայի մարգարեութիւնը 11.11-14

եւ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հօտերը, քանզի սա Տիրոջ խօսքն է: 12 Ես նրանց ասացի. “Եթէ ձեր աչքին հաճելի է թւում, ապա տուէ՛ք իմ վարձը, իսկ եթէ՝ ոչ, ասացէ՛ք”: Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»: 13 Տէրն ինձ ասաց. «Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար»: Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ տանը գցեցի բովի մէջ: 14 Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ:




Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 6.14-18

14 Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. 15 որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան, եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը: 16 Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ՝ Աստծոյ Իսրայէլի վրայ: 17 Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները: 18 Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն:




Եսայու մարգարեությունը 3.9-15

9 Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք սոդոմայեցիների նման իրենց մեղքերը պատմեցին ու յայտնի դարձրին: Վա՜յ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին 10 եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»: Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն: 11 Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի: 12 Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ եւ խոտորում ձեր շաւիղները: 13 Բայց ահա ներկայանալու է Տէրը, որ դատաստան անի, եւ իր ժողովրդին կանգնեցնելու է ատեանում: 14 Տէրն ինքը դատելու է իր ժողովրդի ծերերին եւ նրանց իշխաններին. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից յափշտակուածը ձեր տներում է: 15 Դուք ինչո՞ւ էք զրկում իմ ժողովրդին եւ ամօթահար անում տնանկներին»,– ասում է Տէրը՝ Զօրութիւնների Տէրը:




Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 2.5-11

5 Ձեզնից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6 որը Աստծոյ կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7 այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8 հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ: 9 Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10 որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. 11 եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ:




Եսայու մարգարեությունը 50.4-9

4 Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ: 5 Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, եւ ես խստասիրտ չեմ դառնայ ու չեմ ընդդիմանայ: 6 Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի եւ երեսս շուռ չտուեցի նախատինքից ու թքից: 7 Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար: Գիտեմ, որ չեմ ամաչելու, 8 քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ: Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ. 9 քանզի ահաւասիկ Տէրը, Տէրն է ինձ օգնական, եւ ո՞վ է, որ չարչարելու է ինձ:




Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 5.6-11

6 արդարեւ, մինչդեռ տկար էինք, Քրիստոս ճիշտ ժամանակին մեզ՝ մեղաւորներիս համար մեռաւ. 7 որովհետեւ արդար մարդու համար հազիւ թէ մէկը մեռնի, բայց բարի մարդու համար թերեւս մէկը համարձակուի մեռնել: 8 Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ: 9 Այժմ, որ մենք արդարացուած ենք նրա արեամբ, որչա՜փ եւս առաւել նրանով փրկուած պիտի լինենք այդ բարկութիւնից. 10 որովհետեւ եթէ մինչ թշնամի էինք, հաշտուեցինք Աստծոյ հետ նրա Որդու մահուամբ, որչա՜փ եւս առաւել, երբ արդէն հաշտուած ենք, փրկուած պիտի լինենք նրա կեանքով: 11 Եւ ոչ միայն այսքանը. այլ նաեւ պարծենում էլ ենք Աստծով մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով, որով եւ հաշտութիւնն իսկ ընդունեցինք:




Ամոսի մարգարեությունը 8.9-12

9 «Այդ օրը,– ասում է Տէր Աստուած,– այնպէս պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրէին, եւ երկրում լոյսը պիտի խաւարի ցերեկով, 10 ձեր տօնը սուգ պիտի դարձնեմ, ձեր բոլոր երգերը՝ ողբեր, ամէն տարիքի մարդկանց վրայ քուրձ պիտի գցեմ եւ կնտութիւն՝ բոլոր գլուխներին, այդ օրը պիտի դարձնեմ սիրելիի սգի օր եւ բոլոր նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ ցաւերի օր: 11 Ահա օրեր պիտի գան,– ասում է Տէր Աստուած,– եւ ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը. ոչ թէ՝ հացի սով կամ ջրի ծարաւ, այլ՝ Տիրոջ խօսքը լսելու սով: 12 Ջրերը պիտի յուզուեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք. նրանք պիտի գնան Տիրոջ խօսքը փնտրելու եւ չեն գտնելու:




Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 1.18-31

18 որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծոյ զօրութիւն. 19 քանի որ գրուած է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»: 20 Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ դպիրը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ: 21 Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ: 22 Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտրում, 23 մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների. 24 բայց նրանց համար, որ կանչուած են՝ հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծոյ զօրութիւնն ու Աստծոյ իմաստութիւնն է. 25 որովհետեւ Աստծոյ յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծոյ տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը: 26 Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումի՛ն նայեցէք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին. 27 բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին. 28 եւ Աստուած աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհուածներին ու ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. 29 որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծոյ առաջ. 30 որովհետեւ նրանով դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն, 31 որպէսզի, ինչպէս գրուած էլ է, «նա, ով պարծենում է, թող պարծենայ Տիրոջով»:




Եսայու մարգարեությունը 52.13-53.12

13 «Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի: 14 Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանայ մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է, 15 այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել»:

53 1 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը: 2 Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն: 3 Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց: 4 Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան: 5 Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք: 6 Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար: 7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց եւ, ինչպէս գառ, անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում: 8 Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուեցին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրինութիւնների պատճառով նա մահուան մատնուեց: 9 Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրինութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում: 10 Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տէրը կցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11 ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը: 12 Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրինութիւնների համար դատապարտուեց:




Թուղթ եբրայեցիներին 2.11-18

11 Քանզի նա, որ սրբացնում է, եւ նրանք, որ սրբացւում են, բոլորն էլ մէկից են. ահա թէ ինչու ամօթ չի համարում եղբայրներ անուանել նրանց եւ ասել. 12 «Քո անուան մասին պիտի պատմեմ իմ եղբայրներին, քո ժողովրդի հաւաքոյթի մէջ պիտի գովաբանեմ քեզ»: 13 Եւ դարձեալ. «Ես յոյսս պիտի դնեմ նրա վրայ»: Եւ դարձեալ. «Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որոնց Աստուած ինձ տուեց»: 14 Արդ, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեանը եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, ով մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ սատանային, 15 եւ ազատի նրանց, որ մահուան երկիւղով միշտ գերութեան վիճակում էին: 16 Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին: 17 Ուստի պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանուէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծոյ առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը. 18 որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարուեց՝ փորձութեան մատնուելով, այնպէս էլ կարող է օգնել փորձութեան ենթարկուածներին:




Ավետարան ըստ Մատթեոսի 27.1-56

1 Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ նրան սպանելու համար: 2 Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը: 3 Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց. 4 «Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»: 5 Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց, ինքն իրեն կախեց: 6 Իսկ քահանայապետները, արծաթ դրամները վերցնելով, ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»: 7 Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար: 8 Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է «Արեան ագարակ» մինչեւ այսօր: 9 Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ Վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10 եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»: 11 Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների Թագաւորը»: Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»: 12 Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց: 13 Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքա՜ն դրանք քո դէմ են վկայում»: 14 Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ: 15 Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային: 16 Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր: 17 Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». 18 քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան: 19 Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»: 20 Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն: 21 Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»: 22 Եւ նրանք ասացին՝ Բարաբբայի՛ն: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: 23 Ամէնքը ասացին. «Թող խաչուի՛»: Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Թող խաչուի՛»: 24 Եւ Պիղատոսը, տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ էլ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ Արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»: 25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեզ վրայ եւ մեր որդիների վրայ»: 26 Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի: 27 Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին: 28 Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին: 29 Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ Թագաւոր»: 30 Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին: 31 Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու: 32 Եւ դուրս ելնելով գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի: 33 Եւ, հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի, 34 Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել: 35 Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»: 36 Ու նստած նրան պահպանում էին: 37 Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ «Սա է Յիսուսը՝ հրեաների Թագաւորը»: 38 Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակների՝ մէկը՝ նրա աջից եւ միւսը՝ ձախից: 39 Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. 40 «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծոյ Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: 41 Նոյնպէս եւ քահանայապետները՝ օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի Թագաւորն է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ նրան կհաւատանք: 43 Եթէ նա յոյսը դրել էր Աստծոյ վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է այդ. քանի որ ասաց, թէ՝ “Աստծոյ Որդի եմ”»: 44 Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 45 Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը: 46 Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Նա Եղիային է կանչում»: 48 Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի: 49 Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կգա՞յ, որ նրան փրկի»: 50 Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: 51 Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռերը ճեղքուեցին, 52 եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53 ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին: 54 Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին էր սա»: 55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից նրան ծառայելու համար. 56 նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը:




Եսայու մարգարեությունը 63.1-6

1 Ո՞վ է սա, որ ելել, գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ: «Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին»: 2 Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն ասես հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը: 3 «Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արեցի. 4 քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր: 5 Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ: Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ: 6 Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց»:




Թուղթ եբրայեցիներին 9.11-28

11 Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինուած, 12 ո՛չ էլ նոխազների եւ զուարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով. 13 որովհետեւ եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրուած մոխիրը մաքրում են պղծուածներին մարմնի մաքրութեան համար, 14 որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի – որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ պատարագ մատուցեց Աստծուն – կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն: 15 Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումը ստանան. 16 որովհետեւ ուր որ կտակ կայ, կտակարարի մահը պէտք է հաստատուի, 17 քանի որ կտակը յետմահու է ուժի մէջ. ապա թէ ոչ՝ ինչպէ՞ս ուժի մէջ կլինի այն, քանի դեռ կտակարարը կենդանի է: 18 Ուստի եւ առաջին ուխտը առանց արեան չէր նուիրագործուի. 19 երբ բոլոր պատուիրանները Մովսէսի կողմից ծանուցուեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի եւ նոխազների արիւնը ջրի եւ կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հէնց օրէնքի գրքի եւ ամբողջ ժողովրդի վրայ 20 եւ ասաց. «Սա է արիւնը կտակի, որն Աստուած ձեզ պատուիրեց»: 21 Ապա արիւնը նոյնպէս ցանեց խորանի եւ պաշտամունքի ամբողջ սպասքի վրայ: 22 Եւ գրեթէ ամէն ինչ արիւնով էր մաքրւում ըստ օրէնքի, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէր լինում: 23 Եթէ պէտք էր, որ երկնաւոր բաների օրինակները այսպիսի ծէսերով մաքրուէին, ապա բուն իսկ երկնաւորները պէտք է մաքրուէին դրանցից էլ աւելի լաւ զոհերով. 24 քանզի Քրիստոս ոչ թէ ճշմարտութեան օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտաւ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստծոյ առաջ: 25 Ոչ թէ նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպէս քահանայապետը, որ սրբութիւնների սրբութիւնն էր մտնում ամէն տարի իրենը չեղած արիւնով. 26 այլապէս նա բազում անգամ պէտք է չարչարուէր աշխարհի սկզբից ի վեր: Բայց այժմ, դարերի վախճանին, նա մէկ անգամ ընդմիշտ յայտնուեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար: 27 Եւ ինչպէս որ մարդկանց սահմանուած է մէկ անգամ մեռնել, եւ այնուհետեւ՝ դատաստան, 28 նոյնպէս եւ Քրիստոս մէկ անգամ որպէս պատարագ մատուցուեց շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ առանց մեղքի պիտի յայտնուի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հաւատով փրկուելու համար:




Ավետարան ըստ Մարկոսի 15.1-41

1 Եւ իսկոյն վաղ առաւօտեան քահանայապետները եւ ամբողջ ատեանը՝ ծերերի եւ օրէնսգէտների հետ միասին, խորհուրդ անելով, կապեցին Յիսուսին եւ տարան յանձնեցին Պիղատոսին: 2 Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Դո՞ւ ես հրեաների Թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան եւ ասաց. «Դու ես ասում»: 3 Եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում: 4 Իսկ Պիղատոսը դարձեալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տես ինչքա՜ն են քեզ ամբաստանում»: 5 Եւ Յիսուս այլեւս ոչինչ չպատասխանեց, այնպէս որ Պիղատոսը շատ զարմացաւ: 6 Սակայն տօնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանաւոր, ում որ նրանք ուզում էին: 7 Եւ Բարաբբա անունով մէկը կար՝ բանտարկուած այն խռովարարների հետ, որոնք խռովութեան ժամանակ մի մարդ էին սպանել: 8 Ամբոխը սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբային արձակի: 9 Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների Արքային արձակեմ ձեզ համար». 10 քանի որ նա գիտէր, որ նախանձից մատնեցին նրան քահանայապետները, 11 որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբային արձակի իրենց համար: 12 Պիղատոսը դարձեալ խօսք առաւ եւ ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների Արքային»: 13 Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»: 14 Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»: 15 Իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց: Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի: 16 Եւ զինուորները նրան ներսի գաւիթը տարան, ուր պալատի բակն էր. մէկտեղ կանչեցին ամբողջ գունդը 17 եւ նրան հագցրին կարմիր քղամիդ ու ծիրանի եւ նրա գլխին փշերից պատրաստուած պսակ դրեցին 18 եւ սկսեցին նրան ողջոյն տալ ու ասել. «Ողջո՜յն քեզ, հրեաների Թագաւո՛րդ»: 19 Եւ եղէգով հարուածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով երկրպագում էին նրան: 20 Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան: 21 Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի: 22 Եւ նրան տարան Գողգոթա՝ մի տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի: 23 Զմուռսով խառնուած գինի տուեցին նրան, բայց նա չվերցրեց: 24 Եւ նրան խաչը հանեցին: Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ինչ պիտի վերցնի: 25 Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին: 26 Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների Թագաւորն է»: 27 Եւ նրա հետ խաչեցին երկու աւազակի. մէկը՝ նրա աջում, եւ միւսը՝ ձախում: 28 Եւ կատարուեց գրուածը, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց»: 29 Եւ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում. «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրում շինում, 30 ազատի՛ր ինքդ քեզ եւ իջի՛ր այդ խաչից»: 31 Նոյնպէս եւ քահանայապետներն իրենք իրենց մէջ, օրէնսգէտների հետ միասին, ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել: 32 Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի այդ Թագաւորը, թող այժմ իջնի խաչից, որպէսզի տեսնենք եւ հաւատանք դրան»: Եւ նրա հետ խաչուածներն էլ նախատում էին նրան: 33 Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը մինչեւ ժամը երեքը: 34 Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ: 35 Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»: 36 Եւ մէկը, առաջ վազելով, սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խմի, ու ասաց. «Թողէք տեսնենք, արդեօք Եղիան կգա՞յ նրան իջեցնելու»: 37 Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց: 38 Եւ տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց: 39 Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը, տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց եւ հոգին աւանդեց, ասաց. «Իրօք, այս մարդը Աստծոյ Որդի էր»: 40 Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից: Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն, 41 որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել:




Երեմիայի մարգարեությունը 11.18-12.8

18 Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կճանաչեմ. այն ժամանակ կտեսնեմ նրանց գործերը: 19 Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»: 20 Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քեզ յանձնեցի իմ դատը: 21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ՝ կմեռնես մեր ձեռքով»: 22 Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն: 23 Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»:

12 1 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան: 2 Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին: Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից: 3 Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար, եւ երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց: 4 Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամէնուրեք չորանայ: Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները»: 5 Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ: Եւ հիմա այս խաղաղ երկրի վրա՞յ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ, 6 քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրանք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին: Մի՛ հաւատայ նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին: 7 «Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը: 8 Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան:




Թուղթ եբրայեցիներին 10.19-31

19 Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք՝ Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս 20 այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը. 21 եւ մեծ Քահանայ ունենալով Աստծոյ տան վրայ՝ 22 մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից եւ մեր մարմինը լուացած մաքուր ջրով: 23 Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ. 24 եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով, 25 եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ՝ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը: 26 Քանզի եթէ կամաւոր կերպով ենք մեղանչում ճշմարտութիւնն իմանալուց եւ ընդունելուց յետոյ, ուրեմն մեղքերի քաւութեան համար այլեւս ուրիշ զոհ չի մնում. 27 այլ մնում են դատաստանի ահեղ սպասումը եւ կրակի կատաղութիւնը, որ լափելու է Աստծոյ հակառակորդներին: 28 Մովսէսի օրէնքը արհամարհած մէկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայութեամբ: 29 Իսկ որչա՜փ աւելի խիստ պատժի արժանի պիտի համարէք նրան, ով ոտնահարել է Աստծոյ Որդուն եւ անմաքուր համարել նոր ուխտի արիւնը, որով մաքրուել է ինքը, եւ անարգել շնորհի Հոգին: 30 Արդարեւ, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրէժխնդրութիւնները, եւ ես պիտի հատուցեմ»,– ասում է Տէրը: Եւ դարձեալ. «Տէրը պիտի դատի իր ժողովրդին»: 31 Ահաւոր է ընկնել կենդանի Աստծոյ ձեռքը:




Ավետարան ըստ Ղուկասի 22.66-23.49

66 Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերեցին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»: 67 Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ: 68 Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ: 69 Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծոյ զօրութեան աջ կողմը»: 70 Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծոյ Որդի՞ն ես»: Եւ նա նրանց ասաց. «Դուք էք ասում, թէ ես եմ»: 71 Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»:

23 1 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը վեր կենալով՝ նրան տարաւ Պիղատոսի մօտ: 2 Եւ սկսեցին ամբաստանել նրան ու ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոս Թագաւորն է»: 3 Իսկ Պիղատոսը հարցրեց նրան ու ասաց. «Հրեաների Թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դո՛ւ ասացիր»: 4 Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Իսկ նրանք պնդում էին ու ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ: 6 Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է: 7 Եւ երբ իմացաւ, որ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր: 8 Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալում էր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել: 9 Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց: 10 Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում: 11 Հերոդէսն էլ՝ իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ: 12 Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար հանդէպ թշնամի էին: 13 Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին ու ժողովրդին եւ ասաց. 14 «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ՝ որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ, ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան. 15 եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն: 16 Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կտամ եւ կարձակեմ» 17 (որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար): 18 Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին ու ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային» 19 (որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր): 20 Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել: 21 Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»: 22 Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել նա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. նրան գանահարել կտամ եւ կարձակեմ»: 23 Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի: Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին: 24 Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի: 25 Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին: 26 Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից: 27 Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան: 28 Յիսուս դարձաւ ու ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, 29 որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն. “Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չսնեցին”: 30 Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեզ վրայ, եւ բլուրներին թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, 31 որովհետեւ երբ դալար փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կպատահի»: 32 Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար: 33 Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչ հանեցին. եւ չարագործներին էլ, մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը, խաչեցին: 34 Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: 35 Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծոյ ընտրեալ Որդին»: 36 Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան ու ասում. 37 «Եթէ դու ես հրեաների Թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»: 38 Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա է հրեաների Արքան: 39 Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»: 40 Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դո՛ւ, որ նոյն պատիժն ես կրում: 41 Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»: 42 Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո արքայութեամբ»: 43 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այսօր ինձ հետ դրախտում կլինես»: 44 Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց: 45 Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց: 46 Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց: 47 Եւ հարիւրապետը, տեսնելով, ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս, այս մարդը արդար էր»: 48 Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում: 49 Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները:




Զաքարիայի մարգարեութիւնը 14.5-11

Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը, եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ: 6 Այն օրը լոյս չի լինելու, այլ լինելու է ցուրտ ու պարզ օր: 7 Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր, այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան: 8 Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում, նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը, նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն: 9 Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միակը պիտի լինի, եւ նրա անունը պիտի լինի միակը: 10 Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝ Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը, Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը, մինչեւ Անկիւնների դուռը, Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները: 11 Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ, այլեւս նզովք չի լինելու, եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի:




Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 6.13-16

13 Պատուիրում եմ քեզ Աստծոյ ներկայութեամբ, որը կեանք է տալիս ամէն ինչի, եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դաւանութիւնը, 14 որ դու պահես պատուիրանը անբիծ, անարատ մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի, 15 որին իր ժամանակում յայտնի պիտի անի Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը՝ 16 նա, որ միայն ինքն ունի անմահութիւնը եւ բնակւում է անմատչելի լոյսի մէջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել. նրան՝ պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս: Ամէն:




Ավետարան ըստ Հովհաննեսի 19.17-37

17 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 18 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին: 19 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների Թագաւոր»: 20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն): 21 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր “հրեաների Թագաւոր”, այլ՝ ինչ նա ասաց. “Թագաւոր եմ հրեաների”»: 22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի՝ գրեցի»: 23 Իսկ զինուորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինուորի՝ մէկ մաս: Իսկ քանի որ պատմուճանն առանց կարի էր՝ վերեւից ներքեւ ամբողջովին հիւսուած շուրջանակի, 24 ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի». որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»: Զինուորներն այս բանն արեցին: 25 Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը, եւ Մարիամ Մագդաղենացին: 26 Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»: 27 Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ: 28 Այնուհետեւ Յիսուս, գիտենալով, որ ահա ամէն ինչ կատարուած է, որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ ծարաւ եմ: 29 Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինուորները լեղախառը քացախով մի սպունգ թրջեցին եւ այն դրեցին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին: 30 Երբ Յիսուս լեղախառը քացախը բերանն առաւ, ասաց. «Ամէն ինչ կատարուած է»: Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց: 31 Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վրայ մինչեւ շաբաթ օրը – որովհետեւ այն շաբաթը տօնական մեծ օր էր – հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց: 32 Զինուորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նոյնպէս եւ՝ միւսինը, որ նրա հետ խաչ էր հանուել: 33 Բայց երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած է, նրա սրունքները չկոտրեցին, 34 այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ: 35 Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. եւ նրա վկայութիւնը ճշմարիտ է, եւ նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք: 36 Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ «Նրա ոսկորը չպիտի փշրուի»: 37 Եւ դարձեալ միւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»:




Երեմիայի մարգարեությունը 11.18-12.8

18 Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կճանաչեմ. այն ժամանակ կտեսնեմ նրանց գործերը: 19 Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»: 20 Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քեզ յանձնեցի իմ դատը: 21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ՝ կմեռնես մեր ձեռքով»: 22 Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն: 23 Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»:

12 1 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան: 2 Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին: Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից: 3 Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար, եւ երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց: 4 Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամէնուրեք չորանայ: Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները»: 5 Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ: Եւ հիմա այս խաղաղ երկրի վրա՞յ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ, 6 քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրանք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին: Մի՛ հաւատայ նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին: 7 «Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը: 8 Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան:




Եսայու մարգարեությունը 52.13-53.12

13 «Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի: 14 Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանայ մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է, 15 այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել»:

53 1 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը: 2 Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն: 3 Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց: 4 Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան: 5 Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք: 6 Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար: 7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց եւ, ինչպէս գառ, անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում: 8 Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուեցին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրինութիւնների պատճառով նա մահուան մատնուեց: 9 Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրինութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում: 10 Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տէրը կցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11 ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը: 12 Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրինութիւնների համար դատապարտուեց:




Իմաստություն Սողոմոնի 2.1-22

1 Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից: 2 Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից: 3 Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ: 4 Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում, եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը: Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից: 5 Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել: 6 Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է: 7 Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով: 8 Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել: 9 Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել: 10 Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից: 11 Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի: 12 Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ օրէնքների դէմ մեղանչելու համար եւ պարսաւում է մեզ մեր երիտասարդական մեղքերի համար: 13 Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում: 14 Մեր առջեւ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա: 15 Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները: 16 Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն Հայր է կոչում: 17 Տեսնենք, արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ինչ է լինելու նրա վախճանը: 18 Եթէ, արդարեւ, Աստծոյ որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից: 19 Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը: 20 Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կլինի՞ նրան»: 21 Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը: 22 Չճանաչեցին Աստծոյ խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձը եւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը:




Զաքարիայի մարգարեութիւնը 12.8-14

8 Այն օրը Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի Երուսաղէմի բնակիչներին, եւ ամենատկարը նրանց մէջ պիտի լինի Դաւթի պէս, իսկ Դաւթի տունը՝ Աստծոյ տան նման, Տիրոջ հրեշտակի պէս նրանց առաջ: 9 Այն օրը ես պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնք կյարձակուեն Երուսաղէմի վրայ: 10 Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ. նրանք իրենց հայեացքը պիտի դարձնեն դէպի ինձ, պարելու փոխարէն լացուկոծ պիտի անեն, ինչպէս ողբում են սիրելի էակի վրայ, սուգ պիտի անեն, ինչպէս սգում են անդրանիկ զաւակի վրայ: 11 Այն օրը չափազանց մեծ սուգ պիտի լինի Երուսաղէմում, ինչպէս դաշտում կտրտուած նռնենիների վրայ եղած սուգը: 12 Պիտի հեկեկայ երկիրը. ամէն մի ազգատոհմ՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Դաւթի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Նաթանի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, 13 Ղեւիի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Սեմէիի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին:




Պետրոս առաքյալի Ա թուղթը 3.17-20

17 որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծոյ կամքը, քան՝ չարիք գործել: 18 Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտ եւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, 19 որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, 20 որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծոյ համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում:




Ավետարան ըստ Մատթեոսի 27.57-61

57 Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: 58 Սա, Պիղատոսի մօտ գնալով, Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի: 59 Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60 եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: 61 Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:




 
sacredtradition.am