русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
9 փետրվարի 2023թ. հինգշաբթի, ԲՁ
Սրբոց Ոսկեանց քահանայիցն


Առակներ 24.1-12

1 Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ, 2 որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին: 3 Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ, 4 եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ: 5 Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից: 6 Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից: 7 Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին: 8 Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում: 9 Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ: 10 Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել: 11 Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում, եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար: 12 Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի:




Երեմիայի մարգարեությունը 30.18-22

18 Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կվերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնուի: 19 Այնտեղից կծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան: 20 Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին, 21 որոնց հանդէպ նրանք աւելի զօրաւոր պիտի լինեն: Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի: Պիտի հաւաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մօտ, քանզի ո՞վ ինքնիրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մօտ,– ասում է Տէրը:– 22 Դուք ինձ համար ժողովուրդ կլինէք, իսկ ես ձեզ համար կլինեմ Աստուած»:




Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.10-12

10 Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: 12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն:




Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12

1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:




 
sacredtradition.am