русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
23 սեպտեմբերի 2020թ. չորեքշաբթի, ԳՁ
Պահք


Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 11.10-23

Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ: 11 Ինչո՞ւ: Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ: Աստուած գիտէ այդ: 12 Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտրում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են. 13 որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով. 14 եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը սատանան էլ է կերպարանւում որպէս լուսոյ հրեշտակ: 15 Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի: 16 Դարձեալ ասում եմ. ոչ ոք ինձ յիմար թող չհամարի – կամ գոնէ իբրեւ յիմար ընդունեցէք ինձ – որպէսզի ես էլ մի փոքր պարծենամ: 17 Եւ ինչ որ խօսում եմ, ոչ թէ ըստ Տիրոջ ուզածի եմ խօսում, այլ որպէս մի յիմար, որ պարծենալու վիճակում է գտնւում: 18 Եւ որովհետեւ շատերն են պարծենում ըստ մարմնի, ես էլ եմ պարծենալու: 19 Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով էք հանդուրժում, 20 քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցուածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարուածում է ձեր երեսին: 21 Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչում համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու: 22 Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23 Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ. Քրիստոսի պաշտօնեանե՞ր են (առաւել յանդգնութեամբ կասէի, թէ)՝ ես առաւել եւս: Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւել եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ:




Ավետարան ըստ Մարկոսի 10.17-23

17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը, առաջ վազելով, ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: 19 Պատուիրանները գիտես. մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: 20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: 21 Եւ Յիսուս, նրան նայելով, սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէկ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես, ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: 22 Եւ մարդը, այդ խօսքից խոժոռուած, գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: 23 Եւ Յիսուս, այս կողմ այն կողմ նայելով, ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:




 
sacredtradition.am