русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
18 հոկտեմբերի 2019թ. ուրբաթ, ԳՁ
Պահք


Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 2.20-3.12

Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծոյ Որդու հաւատով եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար: 21 Եւ ես Աստծոյ շնորհը չեմ անարգում, քանի որ եթէ արդարութիւնը օրէնքից է, ապա Քրիստոս զուր մեռաւ:

3 1 Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Յիսուս Քրիստոս նկարագրուեց խաչը ելած: 2 Այս բանն եմ միայն ուզում իմանալ ձեզնից. օրէնքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թէ՞ հաւատի քարոզութեամբ: 3 Այդչափ անմի՞տ էք. սկսեցիք հոգով, իսկ հիմա մարմնո՞վ էք վերջացնում: 4 Եւ այդքան փորձութիւններ զո՞ւր անցան ձեր գլխով, եթէ անշուշտ զուր էին: 5 Իսկ արդ, նա, որ Հոգին բաշխեց ձեզ եւ զօրութիւններ գործեց ձեր մէջ, օրէնքի գործերո՞վ էր, թէ՞ հաւատի քարոզութեամբ: 6 Այսպէս «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան համարուեց որպէս արդարութիւն»: 7 Գիտէ՞ք արդեօք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հաւատից են: 8 Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւատով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»: 9 Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ: 10 Նրանք, որ օրէնքի գործադրողներն են, անէծքի տակ են, քանզի գրուած է, թէ՝ «Անիծեալ է ամէն մարդ, որ օրէնքի գրքում եղած բոլոր գրուածները չի պահում եւ չի գործադրում»: 11 Որ օրէնքով ոչ ոք չի արդարանայ Աստծոյ առաջ, այդ քաջ յայտնի է, որովհետեւ «արդարը,– ասում է,– հաւատով է ապրելու»: 12 Իսկ օրէնքը հաւատից չէ. բայց ով կատարի այն, նրանով կապրի:




Ավետարան ըստ Մարկոսի 13.24-37

24 Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ: 25 Եւ աստղերը երկնքից վար պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն: 26 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 27 Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից՝ երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը: 28 Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29 նոյնպէս եւ՝ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է՝ դռների առջեւ: 30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 31 Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: 32 Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33 Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը. 34 ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը եւ դռնապանին կպատուիրի, որ արթուն լինի: 35 Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: 36 Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: 37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք»:




 
sacredtradition.am