русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
21 օգոստոսի 2019թ. չորեքշաբթի, ԲՁ
Դ օր Վերափոխման
Պահք


Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38

26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծոյ համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:




Երգ երգոց 4.9-15

9 Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր: 10 Գեղեցկացան քո ստինքները, ո՛վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից: 11 Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի: 12 Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր: 13 Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճիով ու նարդոսով, 14 նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ, 15 բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից:




Եսայու մարգարեությունը 7.10-16

10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11 «Խորխորատում լինի թէ բարձունքում, քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»: 12 Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»: 13 Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթեւ բա՞ն է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել: 14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին: 16 Դրա համար Մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին,




Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.29-4.7

29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:

4 1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: 3 Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:




Ավետարան ըստ Ղուկասի 2.1-7

1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:




 
sacredtradition.am