русский  english    
ՆԱԽԱԳԾԵՐ


ՆԱԽԱԳԾԵՐ

ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
Հայ Առաքելական Եկեղեցու ծիսական օրացույց

(Daily Worship App)


Նախագծի առաջին թողարկումը պարունակում էր յուրաքանչյուր օրվա ծիսական անվանումը և սուրբգրային ընթերցվածքները (հայերեն թարգմանությունը` ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակության, 1999): Երկրորդ տարբերակում հավելվել է Եկեղեցու ամենօրյա ժամակարգությունը՝ յուրաքանչյուր ժամի հակիրճ բացատրություններով հանդերձ: Նոր թողարկումը (2.6) պարունակում է պահոց օրերի և կարևորագույն տոների բացատրություններ: Այդ բացատրությունների համար իբրև հիմք են ծառայել որոշ հոդվածներ «Մանկական քրիստոնեական հանրագիտարանից» («Արեգ» հրատարակչություն, 1998), որոնք էլեկտրոնային տարբերակում զգալի փոփոխության են ենթարկվել:


ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայ Եկեղեցու Ժամագրքում ժամերգություններից առաջ զետեղված են հավատի ընդարձակ դավանության («Դաւանութիւն ուղղափառ հաւատոյ») և մեղքերի խոստովանության («Զղջումն») տեքստերը: Առաջինին նախորդում է սատանայից հրաժարվելու կարգը («Հրաժարումն»), իսկ երկրորդին հաջորդում է մեղքերի արձակման կարգը («Արձակումն»): Այս տեքստերի բնագրերին կից հավելյալ նյութերում ներկայացված են նրանց աշխարհաբար նոր թարգմանությունները, ինչպես նաև` համառոտ մեկնաբանություններ:

Եկեղեցական ժամակարգությունը` քրիստոնյաների ամենօրյա ընդհանրական պաշտամունքը, բաժանված է օրվա որոշակի աղոթաժամերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարեպաշտական և աստվածաբանական իմաստավորումը:

Հայ Եկեղեցու ներկայիս Ժամագիրքը կազմված է հետևյալ 9 ժամերգություններից՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, 3-րդ ժամի (ժ. 9), 6-րդ ժամի (կամ Միջօրեի, ժ. 12), 9-րդ ժամի (ժ. 15. այս երեքը կոչվում են Ճաշու ժամեր), Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան:

Հնում բոլոր ժամերգությունները կատարվել են համապատասխան ժամերի՝ հատկապես վանքերում: Հետագայում դրանք սկսեցին կատարվել միասին. Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները՝ առավոտյան, Ճաշու 3 ժամերգությունները՝ ցերեկը, իսկ Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները՝ երեկոյան: Ներկայումս կատարվում են միայն Գիշերային, Առավոտյան և Երեկոյան ժամերգությունները. առաջին երկուսը՝ առավոտյան, իսկ վերջինը՝ երեկոյան: Մեծ պահքի շրջանում, բացի շաբաթ և կիրակի օրերից, մասամբ վերականգնվում է օրվա մեջ 3 անգամ միացյալ ժամերգություններ կատարելու կարգը:

Ժամակարգության տվյալ` էլեկտրոնային թողարկումը կազմված է ըստ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի Տոնացույցի (հրատ. 1774 թ.), որն արտացոլում է ուշ միջնադարից մինչև անցյալ դարասկիզբ Հայ Եկեղեցում գործող աստվածպաշտության ավանդությունը: Վերջինիս համաձայն` մշտապես կատարվում են օրվա բոլոր ժամերգությունները, բացի տերունի օրերից (որոնցում ընդհատվում են Արևագալի և Խաղաղական ժամերը) և շաբաթ օրերից ու տերունական տոների նախօրեներից (որոնցում զեղչվում է Խաղաղական ժամը):

Մեծ տոներին ավելացող այլ արարողությունների հետ միասին որոշ ժամերգություններ յուրօրինակ փոփոխության են ենթարկվում` երբեմն կազմելով ընդհանուր հանդիսակարգի միայն մի մասը (ինչպես Ճաշու ժամերը` Ավագ հինգշաբթի և Ավագ ուրբաթ, և Երեկոյան ժամը` Ավագ ուրբաթ և տաղավար տոներին), երբեմն ճոխացվելով հավելյալ երգերով (ինչպես Երեկոյան ժամը` Ծաղկազարդին), երբեմն էլ իսպառ զեղչվելով (ինչպես Երեկոյան ժամը` Ավագ շաբաթ օրը): Նմանատիպ օրերի ժամակարգությունը ներկայացված է սովորական օրերից որոշակիորեն տարբերվող ցանկով:

Արևագալի երգերն ու հորդորակները, ինչպես նաև Խաղաղականի «Նայեաց սիրով» երգը կատարվում են միայն Մեծ պահքի օրերին, ինչը հրահանգված չէ Ժամագրքում:

Սիմեոնյան Տոնացույցում Մեծ պահքի առանձնահատկություններից է նաև այն, որ Երեկոյան ժամերգությունը, բացի շաբաթ և կիրակի օրերից և Տեառնընդառաջին նախորդող փետրվարի 13-ից, կատարվում է Ճաշու ժամերից անմիջապես հետո, իսկ Ճաշու մեսեդին և ընթերցվածքները տեղափոխվում են Երեկոյան ժամերգություն: Այս կարգը կատարվում է նաև այսօր, և այդ առիթով արարողության ժամանակ «երեկոյ» բառը փոխարինում են «միջօրէ» բառով: Սակայն Տոնացույցը նման որևէ նշում չի պարունակում, քանի որ ժամերգության ողջ բովանդակությունը սերտորեն կապված է երեկոյի խորհրդի հետ:

Ներկայումս Ավագ հինգշաբթի գիշերը սկսվող հսկման կարգը, որ կոչվում է խավարում, սույն թողարկման մեջ, համաձայն Տոնացույցի, ընդգրկում է Ավագ ուրբաթի ցանկով ներկայացված Գիշերային և Առավոտյան ժամերը:

Բացի Արևագալի, Խաղաղական և Հանգստյան ժամերից, ժամերգության որոշակի հատվածներ մշտապես փոփոխվում են ըստ յուրաքանչյուր օրվա խորհրդի և ձայնեղանակի: Նույն սկզբունքով է կատարվում նաև մյուս ծիսական գրքերից` Ավետարանից, Ճաշոցից ու Շարակնոցից քաղվող տեքստերի ընտրությունը: Տվյալ թողարկման մեջ սուրբգրային ընթերցվածքները ներկայացված են միայն հղումով (քանի որ դրանք առկա են օրացույցի «Սուրբգրային ընթերցվածքներ» բաժնում` աշխարհաբար թարգմանությամբ):

Օրվա ժամակարգության մաս է կազմում սուրբ պատարագի արարողությունը, որը կարող է տեղի ունենալ ամեն օր (բացի Մեծ պահքի սովորական օրերից), և որի առկայության դեպքում Ճաշու 9-րդ ժամը եզրափակող մասը` ժամամուտից մինչև Հավատամք, զետեղվում է պատարագի սկզբնամասում: Սույն թողարկման մեջ ներկայացված են կիրակի օրերին և կարևորագույն տոներին ու հիշատակություններին կատարվող հանդիսավոր պատարագները` համապատասխան ծիսական առանձնահատկություններով ու հավելումներով հանդերձ:

Ամբողջ ժամակարգությունը, բնականաբար, ներկայացված է Հայ Առաքելական Եկեղեցու ծիսական լեզվով` գրաբարով, սակայն յուրաքանչյուր արարողությանը կցված հավելյալ նյութերը (որոնցում առայժմ ներկայացված են միայն ժամերի իմաստների հակիրճ բացատրությունները) աստիճանաբար կլրացվեն ժամերգության որոշ հատվածների թարգմանություններով ու համապատասխան մեկնություններով:


Սեղմեք այստեղ ներբեռնելու համար iTunes-ից
Սեղմեք այստեղ ներբեռնելու համար Google Play-ից
 
sacredtradition.am