русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը, որ տեսավ Վաղարշապատ քաղաքում, երբ նստած էր սուրբ եկեղեցում՝ բեմի վրա, Աստծո սեղանի մոտ, սուրբ կաթողիկեի մեջ

«Եվ ահա հանկարծակի բացվեց երկինքը, որից առատ լույս ծագեց և լցրեց ամբողջ երկիրը: Եվ երկրի վրա կանգնելով՝ ինձ երևաց քառակուսի բեմ մի ամպեղեն, որի բարձրությունը հասնում էր մինչև երկինք, և լայնությունը տարածվելով լցնում էր ամբողջ երկիրը: Եվ բեմի վրա երևում էր ազնիվ ոսկուց խորանարդ հենարան՝ Աստծո սպասավորությանն արժանի, ծածկված հույժ բարակ, սպիտակափայլ կտավով: Եվ խորանարդաձև ծածկոցի վրա պարզ երևում էր տերունական խաչի նշանը, որի երևույթը նյութեղեն չէր, այլ՝ լուսեղեն: Հանկարծ խաղաղասյուք օդը շարժվեց, և բացվեց կտավե ծածկույթի մի փեղկը: Այն կողմը նայելով՝ տեսա. բեմի վրա կար քառակողմ, ականակապ սեղան՝ բազմագույն ու պատվական ակներով ընդելուզված: Եվ սեղանի վրա կար մի սուրբ հաց և մի ողկույզ խաղող՝ երկնավոր փրկության պատվական խորհրդի համաձայն: Եվ սուրբ խորհրդին մոտիկ երևում էր ձիթենի մի ծառ՝ սաղարթաշատ, հույժ պտղալից: Հայացքով չէի կարողանում ընդգրկել նրա բարձրությունն ու լայնությունը: Պտուղները շատ էին ու լեփ-լեցուն, տեսքն ու գեղեցկությունը՝ անպատում ու սքանչելի: Ձիթենու չորս ոստերը բաժանվելով՝ խոնարհված էին երկրի կողմը: Նրանցից երեք ոստերը հավասարաչափ ու հասարակ պտուղներով էին երևում, իսկ չորրորդը կիսաբաժին ու սակավապտուղ էր: Եվ այս չորս ոստերի պտուղները բնավ էլ նման չէին ձիթենու մյուս պտուղներին. ո՛չ նրանց պես փարթամ էին, ո՛չ գեղեցիկ, այլ թվով առավել նվազ և ավելի վտիտ էին, ասես թորշոմած լինեին:
Եվ բեմի ձախ կողմում տեսա քառակողմ ու բարձր մի աթոռ՝ ծավի ու սառնակերպ, ծածկված թխորակ թանձր կտավով: Ինչ-որ տեղից փչող անուշ օդից կտավը վերացավ, և ահա աթոռի վրա հայտնվեց արծաթե մի մեծ սկուտեղ: Սկուտեղի վրա ծալ-ծալ դրված էր բեհեզյա մի նափորտ, և նրա մոտ՝ ոսկե մի գունդ ու քառակուսի կտրված մի մագաղաթ՝ սկզբից մի քիչ, որպես ճարտար գրչի ձեռքով գրված ոսկեգեղմ գրով սքանչելիորեն շողշողուն, իսկ մագաղաթի միջի ոսկեգեղմ գրից հեռու երևում էին մի քանի տող եղծյալ գրեր՝ ջնջվածի պես, որոնց ո՛չ ձևերն էին երևում, ո՛չ գրատեսակը: Եվ միայն մագաղաթի վերջում, ջնջագիր տողերից հեռու, դարձյալ տեսնում էի մեկ ու կես տող՝ գրված ոսկենախշ տառերով, առավել սքանչելի, մագաղաթի առաջին տողերի գրերի նման: Եվ մինչև այն կիսատ տողի մեջտեղը դարձյալ ոսկեգույն էր, նրանից այն կողմ՝ կարմրադեղով: Եվ սկուտեղի շուրթերի մոտ կային արու մանուկների բազմություններ: Բոլորն էլ պայծառ և լուսազգեստ էին: Բայց նրանց պատմուճանների փայլատակումների ճառագայթները, պատահում էր, կարմրագույն շողեր էին արձակում, և պատահում էր, որ գույն-գույն և տարբեր-տարբեր երանգներով էին երևում: Եվ բոլորը դեմքները դարձրել էին դեպի սուրբ սեղանը՝ բնավ իրենց հայացքները փրկության խորհրդի սեղանից չհեռացնելով:
Հանկարծ աթոռը սկսեց շարժվել սաստիկ դղրդյունով: Եվ այն տղաները, որոնք երևում էին մանկահասակ, հանկարծ արագորեն փոխվելով՝ դարձան երիտասարդ, կատարյալ մարդիկ և թևեր առնելով՝ թռան, տեղավորվեցին սուրբ սեղանի վրա, որ ընդելուզված էր բազմերանգ ակներով. և «Սուրբ Աստված» երգեցին: Ապա սուրբ սեղանը, նրանց իր հետ առած, համբառնալով երկնքի բարձրությունից էլ վեր, ծածկվեց: Եվ այսպես աներևութանալով՝ տեսիլքը փակվեց, և ես մեծ զարհուրանքի մեջ մնացի ապշած:
Եվ ահա հանկարծակի երկնքից ինձ երևաց մի մարդու լուսեղեն կերպարանք, որի դեմքի վառ լույսից մռայլվելով՝ ծածկվեց արեգակի լույսը: Եվ այն մարդը սլանալով հասավ այնտեղ, ուր ես էի կանգնած: Եվ ես, առավել ևս հիացած ու ապշած այն մարդու փայլակնացայտ երևույթից, դողալով անմիջապես երեսնիվար ընկա գետնին: Եվ նա բռնելով վեր կացրեց ինձ ու հաստատուն կանգնեցնելով ոտքի վրա՝ ասաց. «Քաջալերվի՛ր, զորացի՛ր և մի՛ երկնչիր, այլ սիրտդ ամրացրո՛ւ հանուն այն Հզորի, որ ամեն ինչ ստեղծեց և քեզ էլ ցույց տվեց Իր արարչության կանխատես ու մեծ խորհուրդը»: Եվ ես, ուշքի գալով, զորացա նրա խոսքից ու կանգնած մնացի ոտքերիս վրա: Նա ինձ ասաց. «Ինչո՞ւ ես տրտում, և կամ ինչո՞ւ չար-չար ցնորքները պղտորում են քո միտքն ու մաքուր խորհուրդները: Որովհետև անօգուտ տրտմությամբ միտքդ զբաղեցնելով՝ անհանգստանում էիր արու զավակ չունենալու պատճառով, երբ քաջ ծանոթ էիր Ամենազորի կամքին, որ հասկանալով բաշխում է ամեն բարիք և երբեք չի արգելում որևէ մեկին՝ հասնելու արժանիին: Եվ արդ, գթալով և սիրելով քեզ, Բարձրյալը կամեցավ հեռացնել քեզանից այդօրինակ ընդունայն մտածումները և մխիթարեց այդ տեսիլքով, որով քեզ ցույց տվեց մեծ հայտնություն ոչ միայն առաջիկայի, այլև ապագայի բոլոր իրողությունների մասին, որ լինելու են մինչև վախճանն աշխարհի, ծանոթացրեց քեզ և Նրա խոսքի բոլոր հավատացողներին, ինչպես քո արդար նախնի սուրբ Գրիգորին: Բայց քեզ ցույց տվեց այն ամենը, որ լինելու է մինչև աշխարհի վախճանը: Եվ արդ, լսի՛ր, և կպատմեմ քեզ այդ մեծ հայտնության մեկնությունը, ինչպես ինձ է հրամայված վերին զորությունից, որ քեզ բացատրեմ ամեն ինչ: Եվ դու, խիստ զգուշությամբ ունկնդրելով, գրի՛ր քո անմոռաց սրտի տախտակի վրա, որը, մագաղաթի վրա դրոշմելով, կթողնես հավատացյալ ժողովրդին՝ ի զգուշություն անսխալ մինչև աշխարհի վախճանը»:


Սուրբ Սահակի տեսիլքի մեկնությունը Աստծո հրեշտակի կողմից, որ պարզորեն ցույց տվեց ըստ յուրաքանչյուր գլխի և առանձին տների՝ մարդկային կյանքի և աշխարհի վերջի մասին


«Երկնքի բացվելը, որ տեսար, և պայծառ լույսի տարածվելն ամբողջ աշխարհի վրա՝ Աստծո կենարար Որդու գալստից ի վեր, Նրա ողորմության դռան բացվելն է այն բոլորի համար, որոնք սիրում են Նրան և պահում են Նրա հրամանի խոսքը, որի մեջ ծագելով՝ ճառագում է Նրա վարդապետության փառքի լույսը: Եվ կանգնած քառանկյունի բեմը՝ բարձր երկնքից մինչև երկիր, որ քեզ երևաց, ճշմարիտ հավատն է, որով արդարները վերանում են աշխարհիս կյանքի ծանրությունից՝ երկնքում հանգիստ բնակվելու համար: Բեմն էլ ամպեղեն գույնով երևաց, որովհետև Նա, որ ամպով վերացավ, նորից գալու է՝ արդարներին Իր հետ բարձրացնելու այնտեղ, ուր Հոր արքայության տան բազում օթևաններն են: Եվ դու էլ, դրան տեղեկանալով, սովորեցիր Սուրբ Հոգուց, որ ընտիր այր Պողոսի բերանով ասաց. «Ամպով պետք է հափշտակվենք Տիրոջն ընդառաջ՝ օդի միջով» [տե՛ս Ա Թես. 4.16]: Եվ բեմի վրա դրված ոսկի հենարանը, որի վրա ձգված էր բարակ ու մաքուր կտավը, որով սուրբ սեղանն էր ծածկված, հետն էլ՝ խորհուրդը, իմացիր ու ճանաչիր, որ ծածուկ ու անհայտ է խորհուրդն աստվածային գիտության, ազնիվ ու մաքուր՝ ազնվությամբ մաքուր ոսկու և լուսափայլ մաքրությամբ կտավի: Նրա վրայի կենդանարար խաչի նշանը, որ երևում էր, մեղքով ցած գլորված բոլոր մարդկանց կենդանացած վեր ելնելն է, որ առաջինն ինքը վերստին պիտի երևա Քրիստոսի գալստյան ժամանակ, և ապա հայտնվի խորհուրդը դատաստանի և յուրաքանչյուրի հատուցումն՝ ըստ իր գործերի:
Իսկ քաղցրաշունչ օդը, որ կտավի մի մասը բացեց, հիշիր, Սուրբ Հոգուց քեզ երևացած քաղցր խաղն է, որ հայտնում է Իր սրբերի և Իր Աստվածության ծածուկ խորհուրդը: Նրա տակ կար պատվական քարերով ընդելուզված ոսկի սեղան, որը ցույց է տալիս Սուրբ Երրորդության միասնականությունը, որ սրբերի վարքն ու ճգնությունը որպես պատվական քարերի տարբերություններ իր վրա առնելով՝ ուրախացնում է: Եվ սրբերը, բազմած սուրբ սեղանի շուրջ, ճշմարիտ արժանավորությամբ ճաշակում են Փրկչի մարմինն ու արյունը: Քեզ երևացած սեղանի վրայի հացն ու ողկույզը ցույց են տալիս Տիրոջ կենարար չարչարանքների մարմնի և արյան օրինակը:
Իսկ քեզ երևացած սքանչատեսիլ ձիթենին, որ կիպ գտնվում է տերունական խորհրդի մոտ՝ բարձր ու սաղարթախիտ, բազմաբերք ու պտղալից, քեզ ցույց տվեց մարդկանց ընծայաբերությունները, ողորմածությունը և սերը միմյանց նկատմամբ, քանզի ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը, որով և առաջին սրբերը՝ Աբրահամը, Իսահակը և Հակոբը, ընտիր երևացին: Առանց նրա և կույսերի կուսության՝չարչարանքներն արհամարհվելով՝ հարսանիքից դուրս ձգվեցին: Սրանով է երևում Քրիստոսի քարոզության կնիքը մարդկանց վրա: Նա ասաց, թե՝ «Ամենքն էլ սրանով ձեզ կճանաչեն որպես Իմ աշակերտների, թե որ սիրեք միմյանց» [տե՛ս Հովհ. 13.35], և մանավանդ՝ ով առատ զվարթամտությամբ, կամովին կկատարի սիրո պատվիրանը ոչ միայն աղքատների, այլև ընկերների, եղբայրների և ամենքի նկատմամբ, որով հաստատվում է աշխարհի խաղաղությունը, և փառքի Տերն է բնակվում նրանց մեջ՝ շնորհելով հանգիստ և երկրի առատաբերություն, ինչպես տեսար բարձր ձիթենին՝ լիապտուղ ու թանձրասաղարթ:
Եվ ձիթենու չորս ոստերը, որ խոնարհված էին կամ երևում էին դեպի գետնի կողմը ձգվելիս, երեք ոստերը միատեսակ՝ չափով, ձևով ու պտուղներով, իսկ չորրորդը, որ երեքի համեմատությամբ ավելի կարճ ու նրանցից ավելի սակավաբերք տեսար, այդ չորսի պտուղներն էլ վտիտ էին, թառամած, բերքը՝ պակաս ու ոչ նման ձիթենու մնացած փարթամ պտուղներին: Այժմ սևեռիր քո աչքն ու միտքը, լսիր, և քեզ կասեմ, թե Բարձրյալն ինչ սահմանեց: Այսուհետև, մինչև աշխարհի վախճանը, տարիների երեք տասներյակներ ու կես տասներյակ պիտի համառոտվի ամբողջ աշխարհի վրա, մինչև անապատի պիղծի երևալը, որը Սուրբ Հոգին է հայտնել Դանիել մարգարեին, և որոնք պարզապես լինում են երեք հարյուր հիսուն տարի՝ երեք և կես ոստերի միահավասար պտուղների հաշվով: Եվ քանի որ տեսար ոստերի պտուղները թառամած, խեղճացած ու բոլորովին ոչ նման ձիթենու մնացած պտուղներին, ճշգրտորեն տես ու ճանաչիր, որ սերն ու արդարությունը վերացել են բոլոր մարդկանցից, որոնք ստով ու խաբեությամբ իրենց ձևացնում են գեղեցիկ ու պատվիրանապահ: Այդ պարզ գրված և կնքված պահվում է գրքում ամենագետ Աստծո, Որը ներում է համբերատարությամբ և հատուցում անաչառությամբ:
Իսկ բեմի ձախակողմում քեզ երևացած ծովագույն ու սառնակերպ, քառակողմ աթոռը ցույց է տալիս քահանայության ու թագավորության գահի անկումը, որն իսկապես Բանն Աստված է հաստատում: Նրա վրա կար արծաթե սկուտեղ, քանի որ, իբրև ընտիր արծաթ ու փորձ, լուսափայլ տարածվեց Աստծո խոսքը բոլոր հավատացյալ ազգերի մեջ, որ և սաղմոսերգուն է քարոզում Սուրբ Հոգու շնորհիվ՝ ասելով. «Տիրոջ խոսքերն արծաթի պես ընտրված ու փորձված են երկրից» [տե՛ս Սաղմ. 11.7]: Եվ պետք է հասկանալ, որ «երկրից» ասելով՝ մարգարեն հայտնում է Աստծո Որդու՝ մարմնով երևալը սուրբ Կույսից: Եվ որ քեզ երևաց ծովագույն ու սառնակերպ աթոռ, այդ էլ նշանակում է Հայոց աշխարհի ալեկոծությունները: Իսկ թխագույն թանձր կտավով ծածկելը թանձրամած սգի օրինակն է, որ ամբողջ աշխարհն է ունենալու, և տեսիլքն էլ վերջն է: Եվ բեհեզյա նափորտն էլ, որ ծալած և սկուտեղի վրա դրած տեսար, և ոսկե գունդը, որ կար նափորտի կողքին, մեկը քահանայությունն է նշանակում, մյուսը՝ թագավորությունը: Եվ քանի որ ոչ ոք իր վրա չէր առել նափորտը և ոչ ոք ձեռքում չուներ գունդը, լսիր և ճշմարտապես իմացիր, որ շատ շուտով պետք է լռեն Արշակունյաց տոհմի թագավորությունը և քահանայությունը արժանավոր քահանայապետ Գրիգորի տոհմից:
Եվ մագաղաթը հատվածաձև, որ քեզ երևաց՝ սկզբում մի քանի տող գրած ոսկեղեն գրերով, նշանակում է Սուրբ Հոգու շնորհած արժանավոր այն մարդկանց ձեռնադրությունը, որոնք երանելի Գրիգորի տոհմից արժանապես պիտի հաջորդեն քեզ քահանայապետության աթոռին: Նրանք ընտիր մարդիկ են՝ կյանքի գրքի մեջ գրանցված ոսկեշող գրով: Եվ քանի որ երևաց մագաղաթի մեջտեղում, ոսկեգիր տողերից հեռու խանգարված մի քանի տող՝ ջնջված գրերով, իմացիր, որ սուրբ Գրիգորի աթոռին ոմանք քահանայապետ են նստելու ո՛չ ըստ հրամանի սուրբ առաքյալների և ո՛չ ըստ երեք հարյուր տասնութի ժողովի կանոնի են ձեռնադրվելու այդ երկնային պատվի համար, այլ այս աշխարհական փառքի համար այդ պատվին են ձգտում հանդգնությամբ: Նրանք առավելապես արծաթասեր են, քան աստվածասեր: Եվ քանի որ այդ քահանայությունն անպետք է ու Բարձրյալին ոչ հաճելի, ուստի նրանք ջնջված են երկնքի բարության մատյանից և տրված դատաստանի, իրենց անձանց և ժողովրդին՝ այրվելու գեհենում և մատնվելու կորստյան: Իսկ մյուս մեկ ու կես տողը, որ քեզ երևաց սքանչելի ու ոսկեգիր՝ մագաղաթի ստորին եզրին, հաստատ իմացիր, որ անապատի պիղծի երևալուն մոտ դարձյալ պետք է թագավոր ելնի Արշակունյաց տոհմից, և պիտի նորոգվի հայրապետության աթոռը սուրբ Գրիգորի շառավղի կողմից: Եվ քանի որ նրանք արհամարհված ու գետնին ընկած չէին կոխկրտվելու համար, այլ պարզ տեսքով էր գունդը, և ծալված պատվականությամբ՝ նափորտը, որ առավել ևս հաստատ երևաց քեզ, սքանչատեսիլ ոսկեգիր տողով ու կիսատողով ծանոթացրեց վերին այն ազդեցությունը, որ արդարության գոռոզացած թշնամու ժամանակում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի կողմից, և քահանայացած առաջինը մեռնելու է՝ կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի սուտ առաքյալներից և վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե՝ սրով: Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին և երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառը նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը: Այն, որ գրածի մի մասը քեզ երևաց կարմրադեղով, ստույգ ճշգրտությամբ հաստատեց մարտիրոսական վախճանը, որ սրբերին է պատահելու:
Եվ որ արծաթե սկուտեղի վրա շրջան կազմած տղաների բազմություն երևաց, զվարճացի՛ր ցնծալից ուրախությամբ, որովհետև Արարչից քեզ տրված զավակիդ արգանդից պիտի ելնեն բազում շառավիղներ՝ զորությամբ ընտիր տղամարդիկ. նրանց հետ միաբանելով Հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ, զորացած Աստծո սուրբ խոսքով և ոչինչ համարելով թագավորների զայրույթն ու իշխանների սպառնալիքները՝ իրենց անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին՝ աչք չդնելով ո՛չ սնոտի մեծություններին, ո՛չ էլ ժամանակավոր փառքերին: Ընդ որում, ոմանք, անեղծ Աստծո փառքը փոխելով աշխարհիս կյանքի սնոտիի ու ապականացուի հետ, ուրացողներ դարձան. բայց արդեն դռան մոտ է հասել թուլակամների կորուստը, և զորացյալների փրկության օգնությունն է հասվեհաս: Ինչպես որ դու նայելով տեսար, աստվածային սեղանի շուրջ պարող տղաները բնավ չէին նայում սնոտի հեթանոսական պաշտամունքի խոտորումներին: Նրանցից ոմանք, կատարելության հասնելով, արժանանալու են մարտիրոսական պսակին: Իսկ ուրիշները տղամարդկանց բազմություններից, և ոչ միայն տղամարդկանցից, այլև կանանց մեջ կան այնպիսիները, որոնք թեև ոչ սրով, այլ Սուրբ Հոգու շնորհներով զորացած, բազում բարեգործություններով վախճանվեցին: Ինչպես որ քեզ երևում էին այն մանուկներից արձակված լուսափայլ ճառագայթները, որոնց մի մասը կարմրագույն էր երփնավառ, գուշակում են նահատակությունը արյամբ վախճանվածների, իսկ ուրիշների՝ բազմերանգ ճառագայթներով շողալը՝ առաքինի մարդկանց լուսավորության գույները բազմափայլ: Չէ՞ որ անթիվ-անհամար են սուրբ մարդկանց ճգնություններն ու վաստակները:
Դու տեսա՞ր այն աթոռը, որ շարժվեց սաստիկ դղրդալով, և երբեմն մանուկներն էին երևում հասունանալով ու կատարելության հասնելով և երկրից դեպի երկինք թռչելով համբարձվելիս: Դա էլ սրբերի երկրային կյանքն է բովանդակում, և երկնքում նրանց հրեշտականման փոփոխությունը քեզ ցույց տվեց բարյաց Պարգևատուն: Քանզի աշխարհում մանկական անմեղությամբ ապրեցին արդարները՝ երբեք իրենց ուշքը չդարձնելով դատարկ զբաղմունքների վրա, այլ ուշադրությամբ սպասում էին միայն երկնային կոչման ուրախալից հրավերին: Քանի որ այսուհետև բազում և խիստ դղրդյուններ են լինելու աշխարհում, թագավորների հարձակումներ միմյանց վրա, սովեր ու սասանություններ, բազում նեղություններ, որոնք կորստյան որդու գալուստն են նշանակում, որը գալու և նստելու է, ըստ գրվածի, սուրբ տեղում՝ իրեն ձևացնելով Աստված, որը հալումաշ է լինում վերին զորությունից: Եվ Տեր Հիսուսը նրան պետք է սատակեցնի Իր բերանի շնչով: Եվ այն ժամանակ արդարները կատարյալ վարքով ու առաքինությամբ թռչելու են դեպի հավիտենության կացարանները և միշտ այդպես լինելու են Տիրոջ հետ: Այդ ժամանակ էլ կատարվում է Տիրոջ խոսքը՝ ուղղված նրանց, որ ասում է. «Ուր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյան պիտի լինի» [տե՛ս Հովհ. 12.26]:


Աղբյուր՝ Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն. թուղթ Վահան Մամիկոնյանին.
թարգ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 67-83




 
sacredtradition.am