1441 թվականին Սուրբ Հոգու ազդմամբ և բարերար Աստծո հրաշագործությամբ, բոլոր հայերի միաբանությամբ Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց պատրիարք և հայրապետ կարգեցին Աստծո սքանչելի և փառավոր այր տեր Կիրակոսին: ....
Եվ քանի որ մեր ամբողջ հայ ազգը եղծյալ ու ջնջյալ գրի մեջ մտավ այն օրից, երբ կաթողիկոսությունը Էջմիածնից ելավ, այժմ Արարիչն Աստված ողորմեց ու վերստին հաստատեց Գրիգոր Պարթևի աթոռը և սքանչելի հրաշքով հայտնի դարձրեց խաչակրոն ու խարազնազգեստ ճգնավոր տեր Կիրակոս Վիրապեցուն: ....
Եվ ամենայն անեծք ու նզովք, որ կար մեր ազգի վրա խոտորյալ առաջնորդներից ու տգետ կղերականներից, փոխարկվեց օրհնության: ....
Այստեղ է երևում մեր ողջ ազգի ուրախությունն ու ցնծությունը, քանզի զանգակները հնչում էին, երիտասարդները՝ գոչում, ծերերն աղաղակում էին և ցնծությամբ օրհնում Աստծուն, մանուկները խայտում էին, կանայք երկրպագությամբ ու լացով զարհուրեցնում բոլորին. և անօրենները զգուշորեն զարմանում էին: Եվ ինչպես որ Փրկչի՝ սուրբ Երուսաղեմ քաղաքը գալու օրը մեծ ուրախությամբ ընդառաջ ելան [Նրան], այդպես էլ այսօր հայերիս համար եղավ, քանզի վաղուց անտերունչ էին, և չէր տեսնված, որ վարդապետներն ու եպիսկոպոսները այսպես միաբան ժողովված լինեին:
Աղբյուր՝ Թովմա Մեծոփեցի, Պատմագրություն, «Պատմութիւն համառօտ անօրէն Թամուրին ....»,
աշխ.՝ Լևոն Խաչիկյանի, էջ 218, 234, 235, 246
© «Մագաղաթ», Երևան, 1999
Փոխադրությունը գրաբարից՝ Տ. Խաչատրյանի