[Հայոց] ՊԼԶ (1387) թվականին նա գրավել էր Խորասանի աշխարհը ութամյա պատերազմով, որտեղից եկավ գրավեց Շահաստանի Գանձակը՝ Թավրեզ քաղաքը: Այնտեղից էլ գնաց Սյունյաց երկիրը՝ Երնջակի դղյակի վրա, այնուհետև՝ Ճակատուց երկիրը: Գրավեց Սուրբ Մարի քաղաքը և հիմնահատակ ավերեց մեր ամրոցը, որ կառուցված էր Բագրատունյաց պատվական ազգի կողմից, և գերեց ողջ քաղաքն ու շրջակա գյուղերը:
Իսկ Մարտիրոս անունով մի բարեպաշտ տանուտեր, որ Կողբ գյուղում [ապրող] խիստ ուժեղ զինվոր էր՝ ողորմած և աղքատասեր, գալով Բարդող լեռը (որ այլ ազգերի կողմից Թակալթու է կոչվում), գյուղի հույժ արի և քաջ երիտասարդների հետ փրկեց բոլոր հավատացյալներին մեծ պատերազմով ու անվեհեր զորությամբ, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս հզոր Աստծո օգնությամբ: Ու թեև բազում անգամ պատերազմեցին, չկարողացան լեռը գրավել: Բայց հետո այդ այրը նահատակվեց Սահաթ անունով մի պիղծ թուրքմանի կողմից, որը մարդկանցից թաքուն Արազի ջրերում խեղդեց նրան:
Այս նույն ժամանակ կորավ սուրբ Գետարգել նշանը, որ կենաց փայտի [մասնիկից] էր՝ իբրև պարգև տրված ս. Գրիգոր Լուսավորչին ս. Սեղբեստրոսի կողմից. քանզի երկու կրոնավորներ Կաղզվանի սուրբ ուխտից, որի [վանա]հայրն էր Վարդիկը, այն տանելով՝ թաքցրին, իսկ ջաղաթաները (մոնղոլները) վրա հասնելով՝ երկուսին էլ սպանեցին, և այլևս ոչ ոք չիմացավ [խաչի] տեղը: Հետագայում նրանց եպիսկոպոսները շատ անգամ որոնեցին, սակայն չկարողացան գտնել: Եվ մեծ սուգ եղավ բոլոր հայերի համար:
Այնտեղից [Թամուրը] եկավ Այրարատյան երկիրը, Կարբի և Կոտայք երկիրը. և պաշարելով Բջնիի ամրոցը՝ գրավեց այն ու սպանեց [այդ] աշխարհի եպիսկոպոս տեր Վանականին, որն իմաստուն և գիտուն այր էր՝ ողորմած և գթած բոլոր աղքատների հանդեպ: Եվ հավատացյալների ողջ բազմությանը չարչարելով՝ տանջում էին սովով, սրով, գերությամբ, անտանելի չարչարանքներով ու դաժան կարգերով: [Այսպես] ամայացրին Հայաստանի [այս] առատ գավառը: Եվ շատերը նահատակվեցին ու արժանացան պսակների, որ միայն մեր հանդիսադիր Քրիստոս Աստծուն է հայտնի, որ պսակելու է նրանց արդարների գնդերի հատուցման օրը. ամեն:
Եվ, անթիվ ավար ու գերիներ առնելով, որ ոչ ոք չի կարող պատմել մեր ազգին [հասած] աղետն ու դառնությունը, բազում զորքով ընթացավ Փայտակարան Տփխիս քաղաքը, գրավեց այն և անթիվ-անհամար [ժողովուրդ] գերեց: Եվ կարծիք կա, թե սպանվածներն ավելի շատ էին, քան փրկվածները: ....
[Հայոց] ՊԾ (1401) թվականին մահաշունչ վիշապ Թամուրը, Սամարղանդից շարժվելով, եկավ մեր աշխարհի վրա: .... Հաջորդ տարի դարձյալ, վերցնելով իր զորքը, եկավ Սեբաստիա քաղաքի վրա: Այդ քաղաքը խոնդքար Իլդրում բռնավորինն էր՝ Հռոմի կողմերից: Սկզբում նրանք քաղաքը չէին հանձնում, և նա, խաբելով նրանց, ասաց. «Մի՛ վախեցեք: Ով որ ձեզ սպանի սրով, նրա սուրը իր սիրտը կմտնի»: Եվ նրանք, բացելով քաղաքի [դարպասը], ուրախությամբ ու ցնծությամբ նրան ընդառաջ ելան՝ որպես բանտից ազատվածներ: Անմիջապես նրա զորքերին հասավ չար հրամանը. աղքատներին տանել գերության, իսկ հարուստներին չարչարել ու նրանց թաքցրած գանձերը վերցնել, կանանց կապել ձիերի պոչերից ու արշավել, անթիվ-անհամար որդիներ ու դուստրեր հավաքել մի դաշտավայրում և կամնասայլի խրձերի նման անխնա կալսել: ....
Եվ ո՞վ կարող է գրի առնել այն դառը տանջանքները, որ գործեց Նեռի նախակարապետ այս անողորմ բռնավորը: ....
Իսկ ՊՁ (1431) թվականին սաստիկ սով եղավ մեր ողջ աշխարհում: .... [Եվ] գազանները, որ սովոր էին մեռելոտի ուտել, հարձակվում էին կենդանի մարդկանց վրա: .... Գայլը մտնում էր Արճեշ և մեր բոլոր գավառները, որդուն մոր գրկից խլելով՝ պատառոտում և ուտում էր, դաշտում մարդկանց պատահելով՝ անմիջապես հարձակվում էր ու հոշոտում: Գայլը ավելի քան 100 [մարդու] կերավ Արճեշ գավառից՝ չհաշված Առեստ և Մարմետ գետի մոտ բնակվող աղքատներին: .... Եվ ոմանք թողեցին գնացին հեռավոր աշխարհներ, .... իսկ ովքեր անտերունչ մնացին, մեռան սաստիկ սովից: Ոմանք էլ գնացին խառնվեցին Բաղեշի, Մուշի և Սասունի քրդերի հետ աղքատության և դառը սովի պատճառով, և հավատից ընկնելով՝ անհավատության դարձավ ավելի քան 500 հոգի: Եվ մեծ տրտմություն եղավ Աստծո, հրեշտակների և մարդկանց համար:
Եվ այս ամենը մեզ վրա եկավ մեր մեղքերի ու չար գործերի, մանավանդ՝ երեցների ծուլության ու կրոնավորների խաբեության, անհավատ և սուտանուն հավատացյալների չար գործերի, զրկող և անիրավ տանուտերերի, պիղծ ու զազիր առաջնորդների պատճառով:
Աղբյուր՝ Թովմա Մեծոփեցի, Պատմագրություն, «Պատմութիւն համառօտ անօրէն Թամուրին ....»,
աշխ.՝ Լևոն Խաչիկյանի, էջ 16-19, 97, 102-103, 104, 159, 160-163
© «Մագաղաթ», Երևան, 1999
Փոխադրությունը գրաբարից՝ Տ. Խաչատրյանի