Երբ այս բաները տեղի ունեցան, Հեթում արքան իշխում էր Կիլիկիային և նրա նահանգներին: Երբ տեսավ, որ սուլթանը պարտվեց նրանց կողմից, նրանց մոտ պատգամավորներ և արժանի նվերներ ուղարկեց, որ իր հետ խաղաղության դաշինք կռեն, և ինքը նրանց հարկատու դառնա: Նրանք, որ եկան մեծ պալատը, հանդիպեցին Բաչու նուինին, Չարմաղունի կնոջը՝ Ելթինա խաթունին, և այլ մեծամեծ ավագանուն իշխան Ջալալի միջոցով: Երբ լսեցին արքայի պատգամները, տեսան ընծաները, նրանից խնդրեցին նաև իրենց հանձնել սուլթանի մորը, կնոջն ու դստերը, որոնք փախել էին այնտեղ (Կիլիկիա) գաղթի հետևանքով:
Երբ Հեթում արքան լսեց, խիստ տխրեց և ասաց. «Ինձ համար լավ կլիներ, եթե իմ որդի Լևոնին ինձնից խնդրեին, քան թե նրանց»: Բայց քանի որ նրանցից վախենում էր, և որպեսզի մեծ չարիքների պատճառ չլինի այդ, իր կամքին հակառակ հանձնեց նրանց, այլև շատ ընծաներ տվեց նրանց, որոնք եկել էին նրանց տանելու: Նրանք բերեցին ցույց տվեցին Բաչուին և այլ մեծավորների: Երբ սրանք տեսան, ուրախացան և մեծարանքներով հարգեցին արքայի պատգամավորներին, ձմռանը նրանց օրապահիկ նշանակեցին և ձիերին կեր, որպեսզի գարունը բացվելիս նրանց հետ գնան իրենց երկիրը: Բարեկամություն հաստատեցին արքայի հետ, իրենց հավատի համապատասխան գրություն տվեցին, որը «էլ-տամ-ղա» էին կոչում:
Եվ այսպես այնտեղ մնացին՝ սպասելով գարնան եղանակին, երբ մյուս անգամ գնան սուլթանի ու նրա երկրի վրա:
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ ԼԶ, էջ 203-204.
© «Սովետական գրող», Երևան, 1982: