Մինչ թաթարական զորքն ապահով տեղակայված էր Հայաստանի և Աղվանքի բոլոր դաշտավայրերում, դեսպան եկավ Ղիաթադին սուլթանից գոռոզ ու սպառնական խոսքերով, ինչպես արաբների սովորությունն է, թե՝ «Դուք մի քաղաքի ավերումով այնպես կարծեցիք, թե հաղթեցիք իմ զորությանը: Իմ քաղաքներն անհամար են, իսկ զորքերս թիվ չունեն: Արդ, կաց սպասի՛ր, ուր որ ես, և ես ինքս կգամ ձեզ կտեսնեմ կռվով ու պատերազմով»: Եվ սրանց նման ուրիշ շատ խոսքերով մեծ-մեծ փրթում է: Պատգամավորը այս էլ է ասում, թե՝ «Սուլթանը պատրաստվել է ամառվանից հետո եկող ձմեռը այստեղ, Մուղանի դաշտում, կանանցով ու զորքերով ձմեռել»:
Իսկ նրանք լսեցին, բնավ չգրգռվեցին կամ նրանց դեմ պարծենկոտ խոսքեր չասացին. այլ միայն այս պատասխանեց նրանց գլխավոր Բաշու նուինը, թե՝ «Մեծ-մեծ բարբառեցիք, սակայն Աստված ում որ կտա, նա էլ կհաղթի»:
Եվ այսպես, պատգամավորները մեկը մեկի հետևից գալիս էին՝ նրանց ճակատամարտի շտապեցնելու համար: Իսկ նրանք բնավ չշտապեցին, այլ հանգիստ հավաքեցին իրենց և իրենց իշխանության ներքո գտնվածների զորքերն ու եկան մեր Հայաստան աշխարհը՝ մի խոտավետ վայր, ամբողջ ժողովրդով: Գիրացրին ձիերին և ապա դանդաղ մոտեցան այն տեղին, ուր սուլթանի բանակն էր գտնվում: Որովհետև նա ևս իր տեղից բարձրացել էր իր իշխանության ենթակա Հայոց երկիրը՝ Չման-կատուկ կոչված մի գյուղաքաղաքի մոտ, անթիվ բազմությամբ, կանանցով ու հարճերով, ոսկով ու արծաթով, և ինչ սպասքեղեն որ նրա մեծությունն ուներ, բոլորը բարձել ու իր հետ բերել էր: Այլև զվարճանալու համար բերել էր վայրի ձեռնասուն երեներ, բազմաթիվ սողուններ, մինչև իսկ մկներ ու կատուներ, որովհետև կամենում էր այդպիսով իրեն աներկյուղ ներկայացնել զորքին:
Իսկ Բաչու զորավարը, իրենց խորագետ իմաստության համապատասխան, զորքերը բաժանեց բազմաթիվ մասերի՝ քաջ զորապետների առաջնորդությամբ, իսկ զանազան ազգերից նրանց մոտ գտնվող եկամուտ զորքերը ցրեց, որպեսզի չդավաճանեն: Ընտրեց բոլորից արիներին ու քաջերին, նշանակեց իրենց առաջապահներ, որոնք գնացին հանդիպեցին սուլթանի զորքին, ճակատամարտեցին և փախուստի մատնեցին նրանց: Մազապուրծ փախավ նաև սուլթանը՝ տեղնուտեղը թողնելով կահն ու կարասին: Սրանք հետապնդելով՝ անխնա կոտորեցին զորքին՝ սրո ճարակ դարձնելով, իսկ հետո անցան սպանվածների կողոպուտին:
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ ԼԵ, էջ 201-202
© «Սովետական գրող», Երևան, 1982