Նախապես հիշատակված հյուսիսարևելյան ազգը, որ թաթար էր կոչվում, նեղեց Խորասանի սուլթան Ջալալադնին, ջարդեց նրա զորքը և կործանեց նրա երկիրը: Նրան հանեցին, փախստական գցեցին Աղվանից աշխարհը: Նա եկավ Գանձակ քաղաքը և գրավեց այն: Պարսիկներից, արաբներից, թուրքերից անչափ զորք հավաքեց իր համար ու եկավ Հայաստան:
Իվանեն, այս տեսնելով, հայտնում է վրաց թագավորին և մեծ զորք է հավաքում՝ սուլթանի դեմ կանգնելու համար: Հպարտությամբ մեծապես ուռչում փքվում էին. և ուխտ էին արել, եթե նրան հաղթեն, իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն: Այս խորհուրդը Աստծով չմտածեցին և ուխտը կնքեցին, և ոչ էլ Նրա Հոգով խորհեցին այս և չհարցրին Տիրոջը, որ հաղթության տվիչն է նրան, ում որ կամենում է:
Սուլթանը հետո եկավ Կոտայք գավառը: Վրաց զորքերով գնաց նաև Իվանեն ու կանգնեց նրանց հանդեպ՝ վերևից: Տեսնելով նրանց՝ երկյուղեց և այդ տեղում բանակեց: Իսկ սուլթանը, առաջ վարելով իր զորքը, եկավ նրանց հանդեպ: Երբ սա տեսան վրաց ավագներից Շալվե անունով մի իշխան և նրա եղբայր Իվանեն, որ քաջ, անվանի ու պատերազմում հաղթող մարդիկ էին, ասացին մյուս զորքերին. «Դուք մի փոքր ժամանակ սպասեցեք, մենք գնանք ընդհարվենք նրանց. եթե նրանցից ոմանց ետ դարձնենք, հաղթությունը մերն է, եկեք նաև դուք, իսկ եթե նրանք մեզ հաղթեն, դուք փախեք ու ձեր անձը ազատեցեք»:
Եվ երբ նրանք ընդհարվեցին, սկսեցին սուլթանի զորքը կոտորել: Իսկ վրաց զորքը դրա վրա ուշադրություն չդարձրեց, այլ փախավ այդ տեղից այնպես, որ ընկերը ընկերոջ փախուստը չիմացավ: Եվ առանց որևէ մեկի հալածանքի, վախից ամենքը մի վայր մղվելով՝ լցվեցին գյուղաքաղաք Գառնիի վերևում մի ձոր: Երբ սուլթանի զորքերն այս տեսան, հետամտելով շատերին կոտորեցին, ուրիշներին էլ գահավեժ արեցին:
Սուլթանը եկավ ձորի գլուխը և տեսավ այդ ողբալի տեսարանը, քանզի քարակարկառների պես այնտեղ կուտված էր մարդկանց ու ձիերի բազմությունը: Գլուխը շարժեց ու ասաց. «Այս գործը մարդու բան չէ, այլ միայն՝ ամենակարող Աստծո»: Ապա դարձավ կողոպտեց ընկածներին ու բազմաթիվ տեղեր ավերելով՝ գնաց Տփխիս քաղաքը: Քաղաքում գտնված պարսիկներն օգնեցին նրան, առավ քաղաքը և շատերին կոտորեց: Ավելի շատերին ստիպում էր թողնել քրիստոնեությունը և ընդունել մահմեդականների խաբեբայական ու թյուր կրոնը: Այնուհետև շատերը, մահվան երկյուղից վախենալով, ճշմարտությունը փոխանակում էին ստով, իսկ ուրիշներն էլ քաջությամբ մահն էին հանձն առնում, քան խղճի խայթով կյանքը. սրանք, մարտիրոսի անուն ժառանգելով, թողեցին այս աշխարհը բարի անվամբ:
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ ԺԸ, էջ 163-164
© «Սովետական գրող», Երևան, 1982