Սա, կյանքի երանելի ընթացքը կատարելով ու հավատը պահելով, հասավ խոր ծերության: Եվ երբ տեսավ, որ տկարացավ մարմնական զորությամբ և պատրաստ է դրանից հետո գնալու ավելանալու իր հայրերին, կանչեց Նոր Գետիկ վանքի միաբանության անդամներին, որոնք իր հետ դիմացել էին վանքի ու եկեղեցու բոլոր դժվարություններին, օրհնեց նրանց և իր աշակերտներին Տիրոջ անունով: Նրանցից Մարտիրոս անունով մեկին ընտրելով, որ աշակերտել էր իրեն ու մտերիմ էր իր հետ, նշանակեց նրանց առաջնորդ: Սա հասակով պատանի էր, բայց իմաստությամբ՝ կատարյալ, պաշտամունքի երգերում քաղցրաձայն մի մարդ էր, առատամիտ ընթերցող ու գրչության մեջ արագագիր. սրան հրամայեց առաջնորդել նրանց: Եվ կտակ գրեց՝ ուղղված մեծ հազարապետ Իվանեին՝ Զաքարեի եղբորը, և նրան հանձնեց վանքն ու առաջնորդին, իսկ ինքն այս կյանքից փոխադրվեց Քրիստոսի մոտ՝ ալևորված ու տարիներով բեռնավորված: Վանքի վերակացու Մարտիրոսը միաբանների հետ գեղեցիկ կերպով կազմակերպեց նրա թաղման հոգևոր ու մարմնական պատշաճ պիտույքները, և նրան տանելով վանքի վերևում գտնվող փոքրագույն եկեղեցու դռան առաջ՝ արևմտյան կողմում հանգստացրին: Մինչև այսօր էլ նրա գերեզմանը օգնում է այն հիվանդներին, որոնք հավատով ապավինում են նրա աղոթքներին, և այդտեղի հողը միշտ տանում են հիվանդ մարդկանց ու անասունների բուժման համար, որովհետև Աստված փառավորում է Իր փառավորիչներին՝ թե՛ ողջ, թե՛ մեռած:
Մի անգամ այնպես պատահեց, որ նրա սպասավորները վանքի պետքերի համար գինի բարձած գրաստներով գալիս էին: Բասիլա անունով ոմն վրացի եկավ ու կամենում էր բռնի կերպով նրանցից գինի առնել, որովհետև Իվանեի գործակալն էր անտառի վրա ու պահում էր նրա իջևանատեղը: Սպասավորներն ասում են նրան. «Մեզ նեղություն մի՛ տուր, որովհետև մենք Գոշի մարդիկ ենք»: Մականունով այսպես էին կոչում նրան, որովհետև շատ քիչ էին նրա մազերը: Իսկ այդ թշվառականը հայհոյելով անարգեց նրան ու Գոշին: Երբ հասավ այն տեղը, ուր նրա անունը պետք է անարգանքով հիշատակեր, անմիջապես համրացավ. նրա լեզուն կապվեց, շրթունքները ծռվեցին, և նա այդպես մնաց շատ օրեր, մինչև որ հառաչանքներով թողություն խնդրեց:
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ ԺԶ, էջ 159-161
© «Սովետական գրող», Երևան, 1982