Հայոց արքա Լևոնի թագավորության ժամանակ արևելքում էին գտնվում երկու եղբայրներ, որոնք Զաքարիայի որդի Վահրամի որդու՝ բարեպաշտ Սարգիս իշխանի զավակներն էին։ Սրանք բաժանվեցին քրդերի բաբիրական ցեղից։ Առաջինի անունը Զաքարե էր, իսկ երկրորդինը՝ Իվանե, որոնք քաջ և իշխանությամբ զորեղ մարդիկ էին՝ հարգված վրաց Թամար կոչված թագուհու կողմից, որ Դեմետրեի որդի քաջ Գիորգիի դուստրն էր։ Զաքարեն վրաց ու հայ զորքերի զորավարն էր, որոնք ենթարկվում էին վրաց թագավորին, իսկ Իվանեն ուներ աթաբեկության («աթաբեկ» նշանակում է թագավորահայր) տիտղոս։ Սրանք բազմաթիվ հերոսական մարտեր մղեցին, որովհետև պարսիկների ու արաբների կողմից գրավված հայոց շատ երկրամասեր խլեցին նրանցից իրենց համար: [Գրավեցին] Գեղարքունյաց ծովի շուրջ գտնվող գավառները՝ Տաշիրը, Այրարատը, Բջնի քաղաքը, Դվինը, Ամբերդը, Անի քաղաքը, Կարսը, Վայոց ձորը, Սյունյաց աշխարհն ու նրա շուրջ գտնվող բերդերը, քաղաքներն ու գավառները: Հարկատու դարձրին նաև Կարին քաղաքի սուլթանին, ավերեցին պարսից ու Ատրպատականի շատ գավառներ և ամեն կողմից ընդարձակեցին իրենց սահմանները։ Այսպես էլ Զաքարե անունով մյուս իշխանը, սրա եղբայր Սարգիսը, մյուս Սարգիսը՝ Շալվեի ու Իվանեի հայրը, մեծ իշխանների ազգականները նրանց օժանդակությամբ գրավեցին ևս պարսից բազմաթիվ գավառներ ու ամուր բերդեր՝ Գարդմանը, Քարհերձը, Երգեվանքը, Տավուշը, Կածարեթը, Տերունականը, Գագը, իսկ Շամքոր քաղաքը պաշարեց և հետո գրավեց նրա որդի Վահրամը՝ Աղբուղի հայրը՝ Վահրամի, Հաքարեի և Իվանեի պապը։
Եվ այսպես ի վերուստ հաջողվեց նրանց իրենց հաղթությունը, նրանց քաջության համբավը տարածվեց շատ երկրներ, և շատ ազգեր՝ որը սիրուց, որն էլ երկյուղից, հարկատու դարձան նրանց։ Վերաշինվեցին բազմաթիվ վանքեր, որ վաղուց ի վեր ավերվել էին արաբական ավազակների կողմից։ Վերստին նորոգվեցին եկեղեցիները, պայծառացան եկեղեցական սպասավորության դասերը։ Կառուցվեցին նաև նոր վանքեր ու եկեղեցիներ, որ հնուց գոյություն չունեին, սրանց թվում՝ հռչակավոր Գետիկ կոչված վանքը Կայան գավառում, որ կառուցեց Գոշ կոչված սուրբ վարդապետ Մխիթարը։ Սա շինեց գմբեթաձև, երկնանման, հրաշագեղ մի եկեղեցի և եկեղեցին մկրտեց, օծեց սուրբ Աստվածածնի անունով՝ իբրև Տիրոջ փառքի տաճար և Քրիստոսի բանավոր հոտի բնակարան։
Եվ երբ այսպես հաջողվեց նրանց [ձեռք բերել] իշխանությունը, ջարդեցին նաև Շահ-Արմեն կոչված սուլթանին։
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ Դ, էջ 122-123
© «Սովետական գրող», Երևան, 1982