Երբ մեռավ Կիլիկիա աշխարհի Ռուբեն թագավորազնի թոռ Լևոնի որդի՝ Կոստանդինի թոռ մեծ իշխան Թորոսը, իշխանությունը ստանձնեց նրա Ռուբեն անունով եղբորորդին՝ Ստեփանեի որդին, որին հոռոմների զորավար Անդրոնիկոսը նենգաբար սպանեց: Կարճ ժամանակ անց սա էլ վախճանվեց, և իշխանությունը վերցրեց քաջ ու պատերազմող Լևոնը: Սա հենց որ տիրեց, անմիջապես ընդարձակեց իր տերության սահմանները: Նա պատերազմեց շրջակա ազգերի հետ և քաջությամբ հաղթեց, ըստ իր անունի՝ առյուծաբար, որովհետև «Լևոն» առյուծ է նշանակում:
Երբ «սուլթան» անվանված թուրք ու մահմեդական բռնակալները տեսան նրա հաջողությունը, Հալեպի ու Դամասկոսի իշխող սուլթանը անհամար զորքով ու զենքով եկավ նրա վրա: Իշխանաց իշխան Լևոնը, լսելով այլազգիի իր վրա գալու մասին, շտապ հավաքեց իր զորքերն ու հանկարծակի հարձակվեց նրանց վրա, ինչպես արծիվն է խոյանում թռչունների երամների վրա: Եվ մեծամեծ հարվածներով ջարդեց նրանց: Այն սուլթանը, որ խրոխտանքով գալիս էր նրա դեմ, փախավ ու նրանից մազապուրծ եղավ: Իսկ Լևոնը, նրա վրա հարկեր դնելով, հարկատու դարձրեց: Արաբական շրջակա ազգերը, նրա այս քաջագործությունը տեսնելով, սարսափում էին նրանից ու հարկ էին տալիս: Այսպես նա տիրեց բոլորին:
Երբ նա տեսավ, որ իշխանությունն իրեն ավելի հաջողվեց, քան իր նախնիներին, այնուհետև իր իշխանների ու մեծամեծների հետ խորհեց թագավոր դառնալ: ....
Ապա զորապետների ու զորքերի, ազգերի ու ցեղերի խիստ մեծ բազմություն հավաքվեց. [եկան] Տարսոնում նստող հունաց պատրիարքը, Մելիտինեի սահմաններում գտնվող սուրբ Պարսումայի վանքում նստող ասորիների կաթողիկոսը ու հայոց կաթողիկոսը բոլոր եպիսկոպոսներով և թագավորեցրին Լևոնին, իսկ շրջակա ազգերն ընծաներ բերեցին թագադրված նորոգ թագավորին:
Եվ հունաց կայսրը, լսելով, որ ֆրանկները թագ տվեցին Լևոնին, ինքն էլ ընծաներ և ոսկով ու թանկագին քարերով ընդելուզված գեղեցիկ թագ ուղարկեց ու ասաց. «Հռոմեացիների թագը մի՛ դիր քո գլխին, այլ մե՛րը դիր, որովհետև մեզ ավելի մոտիկ ես, քան Հռոմին»: Իսկ Լևոն թագավորը իմաստուն մարդ էր. երկու թագավորներից ոչ մեկին էլ չմերժեց՝ ոչ Հռոմինը և ոչ էլ Կոստանդնուպոլսինը, այլ նրանց կամքի համաձայն պատասխան տվեց, սիրալիր ընդունեց եկվորներին, մեծամեծ նվերներ տվեց թագ բերողներին ու երկուսի կողմից էլ պսակված եղավ:
Բնավորությամբ բարի էր նա, աղքատների ու կարոտյալների հանդեպ՝ ողորմած, Եկեղեցու և Աստծո սպասավորների հանդեպ՝ սիրալիր: Վանքեր էր հաստատում իր տերության բոլոր կողմերում և բազմացնում էր նրանց պիտույքները, որպեսզի մարմնավոր պետքերից ոչ մի բանի կարիք չզգան, այլ միայն աղոթքներով ու արարողություններով զբաղվեն: .... Այսպիսի բարեկարգությամբ հաստատեց իր թագավորությունը բարեպաշտ Լևոնը:
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ Գ, էջ 118, 119-120
© «Սովետական գրող», Երևան, 1982