Դրանից հետո, որ հայոց չորս հարյուր ութսուներկու թվականն էր (1033), մինչև այժմ սուրբ ուխտն ու եկեղեցական կարգերը քայքայվեցին ու ապականվեցին, և ո՛չ խաղաղության կամ բարօրության ավետիք լսեցինք, ո՛չ էլ թագավորների ու իշխանների հաղթության որևէ արձան կանգնեց: Եվ ոչ միայն այդ. կրոնավորները չկարողացան դիմակայել չարասիրտ դևին, այլ տկարացած ու անզորացած, անժուժկալ դարձած՝ խոտորվելով ընկան թշնամիների ձեռքի տակ: Երկիրը ծայրեծայր լցվեց խռովությամբ ու չարությամբ, կամաց-կամաց ճշմարիտ մարգարեություն դարձավ արեգակի խավարումը, այնուհետև թշնամիները հարձակվեցին մեզ վրա, մեզ հագցրին սգի ու տրտմության հանդերձ, և ուրախությունը վերացավ աշխարհից:
Եվ այսպես, աշխարհահեծ տառապանքներ, թշվառություն ու աղետներ տարածվեցին ամբողջ երկրով մեկ, բորբոքվեց հարավային կրակը, այրեց բարձրաբերձ բերդերը և անմատչելի աշտարակները մոմի պես հալելով՝ ոչնչացրեց, պակասելով նվազեցին թագավորներն ու իշխանները, և փրկության հույսը վերացավ մեզնից: Ընդհանրապես, մեզ վրա տարածվեց Տիրոջ բարկությունը, աղոթատներն ավերվեցին, և սուրբ յուղով օծված քարերով դրվեցին այլազգիների ապարանքների հիմքերը: Սուրբ պաշտամունքը մեջտեղից վերացավ, ծաղր ու նախատինք դարձանք հեթանոսներին, մաշվեցինք, կորացանք ու հողին հավասարվեցինք, դարձանք ցամաքած ոսկորների պես, որոնց մեջ չկա ո՛չ շնչի և ո՛չ էլ կենդանության հույս: Մեր նախնիների հանցանքներն ամբողջապես մեզ վրա ընկան, որոնց համար յոթապատիկ հատուցեցինք, քանզի քրիստոնեության անունը ենթարկված էր նախատինքների ու ծաղրուծանակի: Օրենքն ու արդարությունը վերացան մեզնից, և մեր արտասուքներին ու հառաչանքներին տեղ չկար, որովհետև նրանց բարեպաշտությունն էր մեզ զրկելը, կողոպտելն ու սպանելը: Նրանց դուր չէր գալիս մեր ամոթույքը ծածկող անհրաժեշտ զգեստը, և երբ տեսնում էին մեզ մերկ ու խայտառակ, ավելի էին հրճվում: Մեզ հասած անթիվ վշտերից հալումաշ եղած ու չորացած՝ երկրի վրա շրջում էինք ստվերների պես, դողահար ու զարհուրած: Մեր տերերի ահ ու սարսափից մեր կերակուրն անզոր էր, իսկ ըմպելիքը՝ դառը, որովհետև նրանք չէին գտնում, թե մենք Աստված ունենք երկնքում, կամ մեր աղոթքն ու պաղատանքները կհասնեն Նրան: Աստված կամեցավ այդպիսի խոշտանգումներով լլկել, հալածել ու չարչարել մեզ, բոլոր հասակներին էլ տանջանքի ենթարկել, որպես հանցավորների ու պատժապարտների արտաքսել, մերժել Իրենից, ցրել ու տարագիր դարձնել օտար ազգերի մեջ, որպեսզի թերևս կարողանա մեր ստամբակ, անհնազանդ ու սանձարձակ բնությունը զսպել ու ենթարկել մեզ Իր խրատի գավազանին, ինչպես Իսրայելը՝ Եղիայի, իսկ Սամարիան՝ Եղիսեի օրերում: Համենայն դեպս, նրանք ունեին հույսի մի նշույլ՝ թագավորների ու իշխանների խնամակալությունը, և որ ամենից գլխավորն է՝ մարգարեների բարեշնորհ ու ավետաբեր պատգամները, որոնցով գոտեպնդվում էին և կարողանում դիմակայել Տիրոջից հասած փորձություններին ու նեղությանը: Մերը բոլորից ավելի ծանր է ու մեծ. ըստ հոգու և ըստ մարմնի՝ անթագավոր ենք ու անիշխան, անտերունչ ու անխնամակալ և չենք կարող գտնել ապաստանի մի տեղ. տկարացած ու հնազանդված՝ մնում ենք հեթանոսների իշխանության ներքո և օրըստօրե ընդունում ենք նրանց գավազանի դաժան հարվածները. քանի որ չծառայեցինք Տիրոջը, պիտի ծառայենք այլազգիներին, քամահրեցինք Տիրոջ երկյուղը՝ օրըստօրե պիտի տագնապենք սրանց երկյուղով. որովհետև Տիրոջը ծառայեցինք հեղգորեն, գիշեր ու ցերեկ պիտի ծառայենք ու սպասավորենք սրանց: Նա դեռ ըստ մեր հանցանքի չպատժեց մեզ, այլ գթությամբ ու ողորմածությամբ գցեց խրատի բովի մեջ՝ մեզ սթափեցնելու և պիտանի դարձնելու համար:
Եթե մեր մեղքերը դնես կշեռքին, ավելի ծանր կլինեն, քան այն պատիժները, որ Քեզնից ընդունեցինք, և պատուհասներն ավելի թեթև են, քան մեր հանցանքները: Ամեն տանջանքի ու տառապանքի ենթարկի՛ր մեզ, Տե՛ր, սակայն մի՛ լքիր. ամեն փորձություն ու աղետ բե՛ր մեզ վրա, միայն Քո սիրուց մի՛ զրկիր մեզ, Տե՛ր: Ավելի լավ է ընկնել Քո ձեռքը և Քեզնից ստանալ խրատ ու պատիժ, քան Քեզնից անպատիժ՝ հեռու մնալ: Ավելի լավ է Քեզ մոտենալ չարչարանքով ու նեղությամբ, քան Քեզնից հեռանալ ու ապրել անդորր ու հանգիստ: Բավական է մեզ, որ պատվական արյամբդ դառնալով Քո նոր ուխտի ժողովուրդն ու համարվելով ժառանգությունդ՝ Քո սուրբ անունն ենք կրում մեզ վրա: Արդ, արարչական կամքիդ հաճությամբ ձեռքից մի՛ թող մեզ, որ Քեզ ատելի հեթանոսներից անվերջ չտանջվենք, որովհետև այս բոլորը և ավելի, քան այս մատյանում գրի առածս, մեր գլխին եկան մեր մեղքերի պատճառով: ....
Այս ամենը ներկայացրինք նրա համար, որպեսզի ընթերցելով՝ դուք իմանաք, որ մեզ պատահած բոլոր փորձությունների պատճառը մեղքերը եղան, որ նայելով մեզ՝ զարհուրեք ու վախենաք Տիրոջից, դողաք Նրա զորության ահից, նախօրոք խոստովանությամբ ու ապաշխարությամբ կանխեք պատուհասները և ոչ թե գալուց հետո դիմակայեք նրանց:
Աղբյուր՝ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն,
թարգ.՝ Վ. Ա. Գևորգյանի, «Սույն գրքի հիշատակարանը», էջ 105, 106-108, 109
«Հայաստան», Երևան, 1971