Հունաց թագավորի մասին, որ ձերբակալվեց պարսից թագավորի կողմից
Դիոգենես թագավորը, որ Կոստանդիանոս Մեծից հետո, ըստ թագավորների կարգի, վաթսուներորդն էր, .... երբ տեսավ, որ պարսից թագավորն իր թագավորությունից քիչ երկրներ չխլեց, հունաց կուսակալներին փախստական արեց և ինքը մեծ ավարով ու գերությամբ վերադարձավ իր աշխարհը. բնությամբ արի ու նախանձախնդիր լինելով՝ տասը տարի հետո որոշեց պատերազմել, որպեսզի թուլամորթ ու վախկոտ չերևա և իրենից հետո վատ հիշատակ չթողնի։ Մեծ ցասմամբ ու հոխորտանքով, ցամաքի պես անցավ ծովը և տեղակայվելով Բյութանիայում՝ անհամար բազմություն հավաքեց։ Նա դեռ պահում էր թագավորության լայն ու ընդարձակ սահմանը՝ Փյունիկեի հովիտներից սկսած, որտեղ Մեծ Անտիոքն է, մինչև Վան ամրոցը և Հերի դիմացի ողջ Ռշտունյաց երկիրը։ Թագավորը երբ տեսավ զորքերի այսքան բազմություն՝ հավաքված մի տեղ, ամբարտավանացավ ու հպարտացավ, մտածեց, որ երկրածին թագավորներից ոչ ոք չի հաղթի իրեն, և չմտաբերեց մարգարեի այն խոսքերը, թե ո՛չ զորքերի բազմությունը և ո՛չ էլ իր վիթխարի զորությունը չեն կարող ապահովել թագավորին, այլ միայն՝ Ամենակալի աջն ու բազուկը։
Ահա, մի ինչ-որ անպատեհ մտադրությամբ սպարապետների ձեռքով շատ զորքեր նա ուղարկեց այլ ուղղությամբ, իսկ ինքը, մեծ բազմությամբ շարժվելով դեպի արևելք, եկավ հասավ Թեոդուպոլիս մեծ քաղաքը և այնտեղ այրուձին կազմակերպեց։ Մեղքը սոսկալի է, և գործողները զրկվում են իմաստությունից ու Աստծո որդեգրությունից, բայց առավել ևս անտանելի է ամբարտավանությունը, որով գործում են իշխաններն ու թագավորները՝ չխրատվելով նախորդ ոչնչացված ամբարտավանների հիշատակով: Այդ չար ախտը ոչնչացնում է բոլոր իր կրողներին, քանզի ամբարտավանի հակառակորդը, ըստ առակողի, ուրիշ մեկը չէ, այլ՝ Ինքը Աստված։ Ուստի և սա չթողեց զորքերին հանգիստ առնել, որպեսզի մյուս բազմություններն էլ գային հավաքվեին, նրանք միանային և միմյանց քաջալերելով՝ դառնային թշնամիների համար սոսկալի ու մեծ բանակ, այլ միայն իր մարդկանցով ցանկացավ պատերազմում հաղթության հասնել։ Անցնելով Մանազկերտ գավառի սահմանների մոտերքով՝ շուտափույթ հասավ պարսից թագավորի բանակատեղը և այնտեղ, պարսից բանակի դիմաց, իր արքայական վրանը խփեց, շուրջն ամրացրեց և պատերազմի օր նշանակեց։
Պարսից թագավորը, երկյուղից մղված, խորամանկությամբ ուզում էր պատերազմը սկսել, որպեսզի ցրված զորքերը չհասնեն թագավորին, չուժեղացնեն ու նրա դեմ պատերազմելը անհնարին չդարձնեն: Ավելի լավ էր համարում կռվել երկու մասի դեմ, քան երեքի, այդ պատճառով էլ շտապեցրեց ու արագացրեց նախապատրաստությունը, մինչև որ հույներն էլ ստիպված դուրս եկան պարսկական կազմ ու պատրաստ բանակի դեմ։ Եվ երբ խիզախորեն իրար վրա հարձակվելով՝ պատերազմական կարգով բախվեցին միմյանց, և դեռ չէր երևում ոչ մի բանակի պարտությունը, անաստվածների մի մեծ գունդ, հունաց թագավորից ապստամբելով, անցավ թշնամիների կողմը։ ....
Թագավորը, իր բազմած տեղից վեր նայելով դեպի թշնամիները, տեսավ, որ իր զորքերի մի մասը խուճապահար փախչում է: Անմիջապես արագորեն, մարտիկի պես հանդերձավորվելով ու սպառազինվելով, կայծակի պես հասավ ճակատամարտի տեղը և պարսից քաջերից շատերի դիակները գետին փռեց ու զորքն ահաբեկեց։ Բայց նա չգիտեր, որ Տիրոջ զորքերի զորավարը, որ Հեսուին երևաց ու հաղթություն տվեց, իր հետ չէ. Տերը դուրս չեկավ մեր զորքերի հետ զենքով ու վահանով և սուր չհանեց մեր թշնամիների դեմ ու չարգելեց նրանց: Զորության Տերը ո՛չ միջամտեց, ո՛չ էլ մեզ համար փրկության ու հույսի զորավիգ եղավ, այլ մեզ զրկեց Իր զորությունից, մատնեց մեր թշնամիների ձեռքը, դարձրեց մեր դրացիների անարգանքի առարկան ու ոչխարի պես մորթել տվեց։ Մեր աղեղները փշրվեցին, մեր զենքերը խորտակվեցին, մեր զորականները տկարացան ու թուլացան, քանզի Տերը վերացրեց Իր զորությունն ու քաջության ոգին մեր զորականներից ու իշխաններից: Ուժն ու սուսերը նրանցից առնելով՝ տվեց թշնամիներին նրանց անվայել վարքի պատճառով։
Այն աշխարհակալ մեծ գահատիրոջը վախկոտ ու հանցավոր մի ստրուկի պես ձերբակալելով՝ տարան պարսից թագավորի առաջ։ Բայց Աստված, որ վիրավորում և բժշկում է, Որի մարդասիրական բարությունն անսահման է, ում որ խրատում է, բոլորովին չի կործանում, այլ սակավ փորձությամբ ներում է, որ մենք իմանանք մեր տկարությունը, խնայեց ու ներեց Իր պատվանդանի աթոռակալին։ Պարսից գազանամիտ թագավորի սրտում սեր ձգեց, և սա իր սիրելի եղբոր նման մեծ հոգացողությամբ հանգիստ ճանապարհ դրեց նրան։
Բայց ում որ Աստված ազատեց այլազգիի ձեռքից, յուրայինները նենգությամբ խայտառակաբար կուրացրին ու սպանեցին և անջնջելի արյուն թափեցին այն թագավորության վրա։ Այնուհետև վերացավ իշխանների ու զինվորների զորությունը, և այդ թագավորությունը հաղթություն չտեսավ: Իշխանները նախանձում ու դավում էին միմյանց և դատաստանի արդարությունը վերացրին. աշխարհը միայն ավերում էին և ոչ թե՝ փրկում։ Այդ պատճառով էլ Տերը, բարկությամբ լցված, բազմաթիվ ազգեր ուղարկեց՝ նրանցից վրեժխնդիր լինելու համար: Լուսնալեռներից ու այն մեծ գետի եզերքներից, որ անցնում է Հնդկաստանի հյուսիսով, այլալեզու և անգութ ազգերը հորդ հեղեղի պես եկան թափվեցին մեր աշխարհի վրա: Հիմնավորվելով Օվկիանոս ծովի եզերքին՝ իրենց վրանները խփեցին մեծ քաղաքի դիմաց՝ մեր ամբողջ աշխարհը արյամբ ու դիակներով լցնելու և քրիստոնեական կարգն ու կրոնը վերացնելու համար։
Աղբյուր՝ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն,
թարգ.՝ Վ. Ա. Գևորգյանի, գլուխ ԻԵ, էջ 101-104
«Հայաստան», Երևան, 1971