Այն կոտորածի մասին, որ եղավ Բասենի գավառում և Սմբատի կոչված լեռան վրա
Այս տարիներին երկնքի բարկության դուռը բացվեց մեր աշխարհի վրա. Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես, նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ: Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները՝ լարված, նետերը՝ միշտ սուր: Երբեք չարձակեցին իրենք կոշիկների կապերը: Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի պես հարձակվեցին քրիստոնյաների վրա և հասնելով մինչև Բասեն գավառը և Վաղարշավան կոչված մեծ դաստակերտը՝ սրով, հրով ու գերությամբ քանդելով ավերեցին քսանչորս գավառներ: Կսկծալի և անսպառ ողբ ու արտասուքների է արժանի այս պատմությունը: Նրանք սուրացին ինչպես առյուծներ և առյուծների կորյունների պես անողորմաբար փռեցին շատերի դիակները՝ որպես գիշակուր գազաններին ու երկնքի թռչուններին, և նույն նպատակով էլ ցանկանում էին գալ Կարին քաղաքը: Բայց Նա, Ով ծովին սահման է դրել՝ ասելով՝ «Մինչև այստեղ պիտի գաս, ավելի այն կողմ չպիտի անցնես, այլ հենց այս տեղում քո ալիքները պիտի խորտակվեն նորից քո մեջ» [Հոբ. 38.11-12], թանձրամած խավար փռեց նրանց առաջ և արգելակեց նրանց առաջընթացը: Նա այս արեց Իր անպատում իմաստությամբ, որպեսզի նրանց ահով մենք խրատվենք, իսկ նրանք էլ հասկանան, որ այն, ինչ կատարեցին, իրենց զորությամբ չկատարեցին, այլ այն ձեռքը, որ հզորապես արգելեց իրենց, այդ նույն ձեռքն էլ հենց իրենց գնալու ճանապարհն էր հաջողել:
Այժմ Նա թափեց մեզ վրա Իր բարկությունը օտար ազգի ձեռքով, որովհետև մեղանչեցինք Իր դեմ, բայց դարձյալ խղճաց ու նոր փորձությունների չենթարկեց մեզ, քանզի ողորմած է. այդ պատճառով էլ ընդմիշտ բարկացած չի մնում և հավիտյան ոխ չի պահում: Մի կողմից՝ մեզնից հարկադրվում է իրավացի դատաստան անել, քանի որ արդար Դատավոր է, մի կողմից՝ շտապում է ողորմել, որովհետև գթառատ Հայր է, իսկ մյուս կողմից էլ՝ ցավում ու ափսոսում է, քանի որ ողորմած Աստված է: Ինչպես և հենց այստեղ երկուսն էլ ցուցաբերեց մեր նկատմամբ. նախ արժանահաս վրեժով ծանրացրեց Իր ձեռքը մեզ վրա, ապա դարձավ ու փութապես ցրեց Իր բարկությունը, որպեսզի մեզ իսպառ չբնաջնջի: Բայց մենք վարակվեցինք փարավոնի և նրա ախտակիցներից ամենահիմարի կարծրասրտությամբ: .... Կասկածելի համարեցինք մենք այդ բարիքը և տմարդի գտնվեցինք շնորհակալության համար. մինչդեռ անհրաժեշտ էր մեր եղբայրների կրած պատժի շնորհիվ ողջախոհ դառնալ ու շտապել սովորել մարգարեի փրկարար խրատը՝ «Վե՛րջ տվեք ձեր չարիքներին և սովորեցե՛ք բարիքներ գործել» [Ես. 1.16-17], ու սրան հետևող խոսքերը և մեր շիտակությամբ հաշտեցնել Աստծուն, գեհենաբորբոք պատուհասը մարել ու բարկությամբ բարձրացած ձեռքը իջեցնել, որ մեզ ների: Մենք այդ մոռացանք, մտքով իսկ չանցկացրինք, և նա, ով անօրինելու էր, անօրինում էր, իսկ ով անիրավելու՝ անիրավում, այնքան որ վարազների պես ինքներս մեզ սրի վրա մղեցինք՝ բոլոր հանցանքները մեզ վրա կրելով: Մեզ թվում էր, թե նրանք, մեղավոր լինելով, պատիժը կրեցին, իսկ մենք մեր արդարության պատճառով փրկվեցինք և չէինք մտաբերում տերունական պատվերն ու զգաստացնող այս խրատը. «Այն գալիլիացիները, որոնց արյունը Պիղատոսը խառնեց նրանց զոհերի հետ, կարծում եք, թե բոլոր մարդկանցից ավելի մեղավո՞ր էին, ո՛չ. եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք» [Ղուկ. 13.1-6]: ....
Մեր չորս հարյուր իննսունյոթ թվականին (1048), որը մեր գերության երկրորդ տարին էր, Պարսից աշխարհից բարկությամբ լեցուն դառը մրուրը ահեղ ծփանքով դարձյալ եկավ ու լցվեց Կարնի ու Բասենի ընդարձակ դաշտերը, և այդ հեղեղի ցայտերը հասան բռնեցին երկրի չորս անկյունները. դեպի արևմուտք՝ մինչև Խաղտյաց գավառը, դեպի հյուսիս՝ մինչև Սպեր, մինչև Տայքի ու Արշարունյաց բերդերը, իսկ դեպի հարավ՝ մինչև Տարոն, մինչև Հաշտենից գավառն ու Խորձենի անտառները: Տասնչորս օր դադար առնելով ու ծովանալով՝ ծածկեց լեռներն ու մացառուտները, բռնեց ամբողջ աշխարհը: ....
Ո՜վ Քո ողորմությանը, Աստվա՛ծ, որ այնքան հանդուրժեցիր անօրեններին՝ խրոխտանալու Քո արոտի վրա: Հիշի՛ր Քո ժողովրդին, որին ստացար Քո Միածնի գալստյան սկզբից և փրկեցիր Օծյալիդ արյամբ: Ինչո՞ւ մերժեցիր մեզ բոլորովին, սաստիկ բարկացար և մատնեցիր մեզ անօրեն, դժնդակ ու ապստամբ մարդկանց ձեռքը: Մի՛ հիշիր մեր մեղքերը և մեր մեղքերի պատճառով մի՛ դարձրու Քո երեսը մեզնից, այլ հիշի՛ր, որ տիրում էիր մեզ Քո հզոր ձեռքով ու բարձր բազկով, և Քո անունը կոչված էր մեզ վրա: Այժմ ահա Դու բարկացար, և մենք մեղանչեցինք, որի պատճառով գերությամբ թափառեցինք շատ ազգերի մեջ ու պղծվեցինք բոլորս էլ: Հողմերը ցրեցին մեզ, և չկա մեկը, որ օրհնի Քո անունը և մտածի ապավինել Քեզ, քանզի դարձրիր Քո երեսը մեզնից և մատնեցիր մեզ մեր մեղքերի պատճառով: Մի՛ մնա հավիտյան բարկացած և ժամանակին մի՛ հիշիր մեր մեղքերը:
Արծնի անողորմ կոտորածի մասին
.... Անում եմ այս պատմությունը ոչ թե լեռների, քարանձավների ու անապատ տեղերի մասին, ուր խաժամուժ թափթփուկները փախչելով հասան ու բնակվեցին, այլ՝ քաղաքի, և այնպիսի քաղաքի, որ հոյակապ էր ու երևելի ամբողջ աշխարհում. իբրև մի քաղաք, որ կանգնած է լեռան վրա, և ծով ու ցամաք աշխատում, վաստակում էին ու ջանում այստեղ կրել իրենց կարողությունը, ինչպես մեծ Եսային էր մարգարեանում Երուսաղեմի համար: Նախկինում, երբ բարիքների առատությամբ խճողված՝ ամեն ինչ ուզածի պես էր, սա նմանվում էր այն նորահարս կնոջը, որն իր վայելչագեղությամբ ու շքեղ զարդերով սիրելի է լինում բոլորին: Սրա իշխանները մարդասեր էին, դատավորները՝ արդարադատ ու անկաշառ, վաճառականները՝ եկեղեցի շինող ու զարդարող, կրոնավորներին օթևանող, աղքատներին ողորմող ու խնամող: Չկար խաբեություն վաճառքի մեջ, և ոչ էլ խարդախություն՝ առևտրի ու փոխանակության ժամանակ: Նախատինքի էր ենթարկվում վաշխերի և տոկոսների շահը, խոտելի ու անարգ էր համարվում նվերների ու ընծաների անվան տակ տրվող կաշառքը: Բոլորն էլ բարեպաշտության նախանձախնդիր էին. քահանաները սրբակյաց էին և աղոթասեր, Եկեղեցու կարգերին հլու-հնազանդ, այդ պատճառով էլ սրա վաճառականները վայելչափայլ մարդիկ էին, իսկ գնորդները՝ ազգերի թագավորներ: Եվ իբրև պատվական մի ակ՝ մեր այս քաղաքը լուսագեղ պայծառությամբ փայլում էր բոլոր քաղաքների մեջ՝ ամեն ինչով գեղեցիկ, ամեն ինչով զարդարուն:
Բայց այնուհետև մեր եկեղեցիները մտան սեքստացիներն ու պիհռոնացիները (հին հունական սկեպտիկ փիլիսոփաներ Սեքստ-Էմպիրիկոսի և Պյուհռոնի հետևորդները. խոսքը վերաբերում է հավատի ուրացությանն առհասարակ), և արդարության օրենքը փոխվեց անիրավության, արծաթասիրությունն ավելի հարգի դարձավ, քան աստվածասիրությունը, և մամոնան ավելի՝ քան Քրիստոսը, այն ժամանակ ամեն կարգի համեստությունը խոտորվելով՝ վերածվեց անկարգության: Սրա իշխանները դարձան գողերի գողակից, վրիժառու և արծաթի ծառա, դատավորները՝ կաշառակեր և կաշառքի համար արդարությունը խարդախող. ո՛չ որբերի իրավունքն էին պաշտպանում, ո՛չ այրիների դատը հանձն առնում: Վաշխերի ու տոկոսների համար օրենքներ հաստատվեցին, իսկ ցորենի փոխատվության համար բազմապատկություն սահմանվեց, որի պատճառով հողը պղծվելով՝ արգելակիչ է դառնում իր արգանդի՝ ժամանակին պտղաբերելուն՝ մարդկանց կերակրելու համար: Ով խաբում էր իր ընկերոջը, պարծենում էր, թե խելացի է, իսկ ով հափշտակում էր, ասում էր. «Ես հզոր եմ»: Դրացի աղքատների տներն ու նրանց արտերի սահմանները հարուստները հափշտակում էին և չէին մտաբերում Տիրոջ ծառա Մովսեսի ձեռքով գրված աստվածապատվեր անեծքը. «Անիծյալ է նա, ով հափշտակում է ընկերոջ արտերը» [Բ Օր. 27.18]: ....
Վերացան նաև քահանաների երկյուղն ու սուրբ ընտրությունը: Սողոսկելով ջանում էին մոտենալ այն սեղանին և կատարել այն անճառելի խորհրդի սպասավորությունը, որ հրեշտակների համար է զարհուրելի, ուր մնաց՝ մարդկանց, և այն էլ՝ արծաթի միջոցով, ոչ թե՝ Աստծո, մոռանալով սաղմոսական այն երգը, որ ասում է. «Թող անարգվեն ու չքվեն նրանք, ովքեր արծաթով են ընտրվել»:
Իսկ ի՞նչ ասեմ կանանց պարսավելու համար: Մեր խոսքերի կարիքը չի զգացվում. բավական են միայն Եսայու ասածները, որը Երուսաղեմի կանանց լկտի պճնասիրությունը նախատում է այսպես. «Քանի որ,- ասում է,- Սիոնի դուստրերը հպարտացան և քայլում էին բարձրապարանոց ամբարտավանությամբ» [Ես. 3.16]. նախ սկսում է բոլոր չարիքների արմատից՝ ամբարտավանությունից, որովհետև սա է բոլոր դժբախտությունների մայրն ու սկզբնապատճառը, որ մարդկանցից դևեր է ստեղծում ու դարձնում նրանց տանջանքներին վիճակակից: Բոլորի համար էլ այս ախտը վնասակար է, բայց առավել ևս՝ կանանց սեռի համար, այդ պատճառով էլ նախ նրանց է դատապարտում, իսկ հետո՝ հերթով հիշում ստոր ու երկրաքարշ իրերը՝ գինդերը, մատանիները, ապարանջանները, քողեները և այլ բազմապիսի զարդերը: Տե՛ս, ունկնդի՛ր նաև նրանց հատուցումը. «Ոսկի զարդերի փոխարեն՝ գլխի կնդություն». որովհետև նրանց գլուխը զարդերից մերկացնելով՝ ծաղրելու համար խուզեցին: «Ոսկի գոտիների փոխարեն՝ չվանե գոտի, իսկ պատվական զգեստների փոխարեն՝ քուրձե հանդերձներ» [Ես. 3.24-25]. որովհետև գերեվարելիս գերողները նրանց այդ շնորհեցին:
Ես այս ամենը իզուր չպատմեցի, այլ՝ որպեսզի ցույց տամ, թե ինչպես մեր հանցանքն էր նրանց նման, այնպես էլ մենք պետք է նրանց պես և նույնիսկ ավելի խիստ պատիժ կրեինք. եթե նրանք մեղանչում էին առանց օրինակ ունենալու, ապա մենք որքա՜ն ավելի պատժապարտ ենք, որ մեղանչեցինք նրանց օրինակն ու Քրիստոսի խրատը ունենալուց հետո, որ աղաղակում ու ասում է. «Եթե ձեր արդարությունը չավելանա ու չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի» [Մատթ. 5.20-21]: Բայց մենք ոչ թե արդարությամբ, այլ մեղքերով գերազանցեցինք նրանց. էլ ի՜նչ ներում կամ թողություն պիտի ստանանք:
Այժմ տե՛ս արդար պատիժների նմանությունը. պարսիկները հարձակվեցին Երուսաղեմի վրա, հարձակվեցին նաև մեզ վրա. Երուսաղեմն ավերվեց, ավերվեցին նաև մեր քաղաքները: Հեթանոսները մտան սուրբ Տաճարը, պղծեցին այն ու կողոպտեցին նրա զարդարանքները. նրանք հանդգնեցին մտնել նաև մեր եկեղեցիները, որ անմտանելի էին իրենց համար, պիղծ գարշապարներով պղծեցին նրանց սրբությունները և կողոպտեցին ու ավերեցին բոլոր զարդերը: Հրաճարակ եղավ սուրբ Տաճարը. մեզանում այդ մեկի փոխարեն այրվեցին շատ եկեղեցիներ: Նրանցից անհամար քահանաներ ընկան սրամահ. իսկ մերոնց թիվը ո՞վ կարող է հաշվել:
Բայց մեր այս քաղաքի բազմապիսի ու անհնարին աղետները ո՞վ կարող է գրի առնել… Արևածագին անօրենների ոհմակները քաղցած շների նման հարձակվեցին քաղաքի վրա, շրջապատեցին և ներս խուժելով, ագարակները հնձողների պես իրենց սրերը գործի դնելով՝ հնձեցին այնքան, մինչև որ քաղաքը զրկվեց կենդանությունից, իսկ տներ կամ եկեղեցիներ փախչողներին կրակի մատնելով՝ անողորմաբար այրեցին: ....
Այս է դառնաղետ քո պատմությունը, ո՜վ երանելի, երջանիկ, հղփացած ու աշխարհահռչակ քաղաք: Այժմ բարձրացրո՛ւ աչքերդ և տե՛ս գերության քշված քո զավակներին, քո մանուկներին՝ անողորմաբար քարերին խփված, կրակով այրված քո երիտասարդներին, քո մեծապատիվ ու պատկառելի ծերերին՝ ընկած հրապարակում, քո հովասուն ու բարեկեցիկ կույսերին, կանանց՝ խայտառակված ու անարգված, ոտքով քշված գերության: ....
Այսպես մատնվեցինք չար ու անողորմ մարդկանց ձեռքը, և մեզ օգնություն չեղավ Տիրոջ կողմից, որովհետ չլսեցինք Նրան, քանի դեռ խաղաղության մեջ էինք: Նա աղերսական ձայնով կանչում էր մեզ մարգարեների միջոցով. «Եկե՛ք,- ասում է,- լսեցե՛ք Ինձ և դուք կապրեք բարիքների մեջ. ու եթե հաճույքով լսեք Ինձ, երկրի բարիքները կվայելեք» [Ես. 1.19-20; 55.2-3]: Մենք քամահրեցինք Նրա խոսքերը, դրա համար էլ Նա մեզ չլսեց նեղության ժամին, Իր երեսը դարձրեց մեզնից, և մենք մատնվեցինք մեր թշնամիների ձեռքը, ու մեզ ատողները տանջեցին մեզ. նրանց նետերը հագեցան մեր արյամբ, իսկ սուրը կերավ մեր պատերազմող, վիրավոր ընկած մարդկանց մսերը:
Աղբյուր՝ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն,
թարգ.՝ Վ. Ա. Գևորգյանի, գլուխ ԺԱ, ԺԲ, ԺԸ, էջ 38-41, 42-43, 46-51, 78
«Հայաստան», Երևան, 1971