Մի ժամանակ այնպես պատահեց, որ Տիրոջ հայտնության օրը բոլոր քրիստոնյաները և ուրիշ մեծ ամբոխ հավաքվել էին Տրապիզոն քաղաքում՝ ջրօրհնեքի, ինչպես որ սովոր են քրիստոնյաները։ Ըստ հույների դեպի հայերն ունեցած ատելության՝ Պետրոս հայրապետին իր ժողովրդով կանգնեցրին գետի վերևը, իսկ իրենք կանգնեցին ներքևը՝ այն մտքով, որ հայերի օրհնությունը թերակատար էին համարում, քանզի իրենք, ներքև կանգնելով, հայերի օրհնած ջուրը վերստին կօրհնեն։ Մի սպիտակ աղավնի էլ վարժեցրել էին, որ գար մտներ ջուրը և վեր թռչեր, որով անծանոթներին կխաբեին, թե Սուրբ Հոգին իջավ աղավնու նմանությամբ։
Պետրոս հայրապետի աղոթքի ժամանակ գետի ջուրը դարձավ դեպի վեր, և չափազանց պայծառ լույս ծագեց, որ արեգակի ճառագայթներն աղոտացրեց։ Եվ երբ նրանց աղավնին եկավ մտնելու ջուրը, ինչպես որ վարժված էր, հանկարծ մի արծիվ խոյանալով՝ առավ աղավնուն ու թռավ։ Բոլոր հույները սաստիկ ամոթահար եղան ու հարկադրված գովաբանում էին հայերի հավատը։
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, էջ 77
© «Սովետական գրող», Երևան, 1982