Բայց ինձ համար այստեղ մեկ այլ բան ավելի սիրելի չէ, քան զբաղվել այն գովեստով, որ վերաբերում է իշխանաց իշխան Աշոտին։ Քանզի նա, միջին տարիքի հասնելով, բարձրահասակ էր, մարմնեղ, թիկնավետ, զվարթադեմ, մրահոն։ Նա աչքերի մեջ արյան կետեր ուներ, ինչպես մարգարտի մեջ երևացող կարմիր հակինթ, զարդարված էր գեղեցիկ մորուքով, խելացի ու քաղցրախոս էր, խրախճանքի, կերակուրների հանդեպ՝ պարկեշտ. նա չէր նախանձում լավագույններին և չէր արհամարհում ավելի նվաստներին, այլ իր խնամքի զգեստը հավասարապես տարածում էր բոլորի վրա։ Ինչ-որ կշեռքով նա կշռում էր նախ՝ իր և ապա՝ ուրիշների կյանքը՝ միաժամանակ ասելով, թե ինչ որ պիտանի է մարդկությանը, ինքը չի արգելի։
Հայոց նախարարներն ու իշխանները, այսպիսի քաջատոհմիկ պերճություն տեսնելով, բոլորը միաբան խորհուրդ են անում նրան թագավոր նշանակել իրենց վրա և Շեխի որդի ոստիկան Հիսեի միջոցով զեկուցում են ամիրապետին։ Եվ սիրով ընդունելով հավանության արժանի խնդիրը՝ [ոստիկանը] Աշոտին առաքում է թագավորական թագը։ Ոստիկան Հիսեն այն և նրա հետ թագավորական այլ զգեստներ, պարգևներ, ընծաներ ու հրեղեն երիվարներ զարդերով ու զենքերով մատուցում է նրան։ Այնուհետև այնտեղ հրավիրվեց նաև Գեորգ մեծ հայրապետը, և սրվակի յուղով օծելու փոխարեն կատարելով աստվածային հոգևոր օրհնությունը՝ նրան թագավոր են կարգում Ասքանազյան ազգի վրա։
Իսկ հետո նա իր տերության աշխարհում պատրաստում է մեծ ու երևելի կարգեր, բարեկարգում է տների, ազգերի, քաղաքների, շեների, դաստակերտների հորինվածքը, հարթ ու հավասար կարգեր հաստատում լեռնականների և տաք ու բարեխառն դաշտավայրերում բնակվողների համար, բոլոր տափարակ տեղերում դնում է ագարակներ ու գոմեր, զարդարում բարեխառն վայրերի այգիներն ու բուրաստանները։ Եվ այն ամենը, ինչ արժան է թագավորությանը՝ թե՛ թագավորության մեջ, թե՛ թագավորության շուրջ, նա ոչնչով չի կասեցնում։ Նա գրեթե բոլոր թագավորություններից ավելի հզոր ու խոհեմ էր համարվում։ Եվ նոր տրված թագավորության մեջ նա այդպես բարձրացնում էր Թորգոմյան ազգը։ Եվ ապա ձեռք գցելով հյուսիսային կողմերի՝ մեծ Կովկասի ծործորների վրա՝ հովիտներում ու երկայնագոգ ձորերում բնակված ազգերին իրեն է ենթարկում, նաև ամբողջությամբ իր ազդեցության տակ է գցում Գուգարքի խռովարար ժողովուրդներին և Ուտի գավառի ավազակային մարդկանց՝ նրանցից վանելով մարդադավ ավազակությունը, բոլորին դարձնում է օրինավոր ու հնազանդ և նրանց համար առաջնորդներ ու իշխաններ է կարգում։ Սիրով ու միաբանությամբ իր հետ կապելով եգերացիների թագավորին՝ նա այդպես այցելում էր նրան, մինչև անգամ որպես որդի համարվելով՝ նրան միշտ ծառայելու համար մտերմաբար պարտավճար էր բերում։ Բացի այդ՝ հունաց Բարսեղ մեծ կայսրը խաղաղության, նվաճման ու սիրո փոքր դաշինք չի հաստատում մեր Աշոտ արքայի հետ՝ նրան սիրելի որդի անվանելով և հաղորդակից դարձնելով իր տերության ու թագավորության ամեն ինչին։ Եվ այսպես հետագայում առաքինի գործերի բոլոր կարգ ու կանոնները ամբողջությամբ դառնում են կատարյալ՝ ըստ այն պարծանքի կարգի, որն րնդունված էր։
Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 141-143
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996