Տեր Եղիայից հետո կաթողիկոսությունը ստանձնում է տեր Հովհաննես Օձնեցին: Սա իմաստասեր ու սուրբ մարդ էր՝ մարմնով ու հասակով վայելուչ, իսկ հոգով՝ առավել ևս գեղեցիկ: Սրան Հեշմը կանչեց իր պալատը և դեմքի գեղեցկության համար շատ մեծարեց նրան, որովհետև ոսկին խարտեց, ցանեց իր մորուքի վրա, մտավ նրա մոտ: Հեշմը տեսնելով՝ հիացավ գեղեցկության վրա ու նրան հեզաբար ասաց. «Ձեր Քրիստոսի մասին ասում են, թե չափազանց հեզ էր ու խոնարհ և աղքատությունը ավելի էր սիրում: Այս են ցույց տալիս նաև քրիստոնյաների կարգերը: Նրանց առաջնորդները աղքատությունն ու անշուքությունը ավելի են հարգում, քան փարթամությունն ու ճոխությունը: Իսկ դու ինչո՞ւ ես այդպես զարդարվել»:
Սուրբը նրան ասում է. «Դու քո ծառաներից ավելի բան չունես՝ բացի միայն թագավորական թագից ու հանդերձանքից. դրա համար վախենում են քեզնից ու մեծարում են քեզ: Մեր առաջին հայրերը հրաշագործներ էին ու վարքով սքանչելի, այդ պատճառով նրանց ձեռքի տակ գտնվողները երկյուղում էին նրանցից ու նրանց հրամանները դողահար կատարում: Իսկ մենք այնպիսիք չենք, այդ պատճառով հանդերձներով ու զարդերով զարդարվում ենք, որպեսզի մեր հրամանները չանտեսվեն»: Եվ իր կուրծքը բանալով՝ նրան ցույց տվեց մազեղեն հագուստը, որ հագել էր երևացող հագուստի տակից, ու ասաց. «Այս է իմ հագուստը»:
Հիացավ արքան ու գովաբանեց քրիստոնյաների հավատը և ասաց սրբին. «Խնդրի՛ր, ինչ որ կամենաս, կանեմ քեզ համար»: Հայրապետն ասում է. «Քեզնից երեք բան եմ խնդրում, որ քեզ համար հեշտ է տալ: Առաջինն այս է. քրիստոնյաներից ոչ մեկին չստիպես իր հավատը ուրանալ, այլ յուրաքանչյուրին թողնես իր կամքին. երկրորդ՝ Եկեղեցու ազատությունը հարկի տակ չդնես ու ոչինչ չառնես քահանաներից, սարկավագներից. երրորդ՝ քո տերության մեջ քրիստոնյաները ուր էլ լինեն, համարձակ կերպով կատարեն իրենց պաշտամունքը: Սա գրավոր տուր մեզ, և իմ ամբողջ ազգը կենթարկվի քեզ»:
Հրամայեց անմիջապես թուղթ գրել ըստ նրա խնդրանքի և իր մատանիով կնքեց: Տվեց նրան շատ պարգևներ, մեծ զորք դրեց նրա հետ և մեծ պատվով ուղարկեց մեր Հայոց աշխարհը:
Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, էջ 59-60
© «Սովետական գրող», Երևան, 1982