Այդ ժամանակներում Գյուտ մեծ հայրապետը, .... հայրապետական աթոռին նստելով տասը տարի, վախճանվում է։ Նրանից հետո հայրապետական աթոռին նստում է Հովհան Մանդակունին, որը լեցուն էր ամենայն հոգևոր հանճարով։ .... Նրա օրոք Հայաստանում իշխում էր Վահան Մամիկոնյանը՝ Հմայակի որդին, սուրբ Վարդանի եղբորորդին, որը, արիաբար հաղթելով իր վրա հարձակված բոլոր զորքերին և հավաքելով երկրի հարկերը, դրանցով շինում է թշնամիների կողմից ավերված եկեղեցիները՝ սուրբ հայրապետ Հովհան Մանդակունու հորդորանքով, խրատով ու նպաստավոր աղոթքներով։ Եվ մինչդեռ Պերոզը Հայոց աշխարհի կորստյան մասին էր մտածում, Աստծո սուրբ մարդու՝ Հովհանի աղոթքների շնորհիվ քուշանների կողմից հանկարծակի կոտորվում են ինքը և իր ողջ զորքը:
Դրանից հետո Պարսկաստանում թագավորում է Վաղարշը, որը, անսալով բարի խրատներին, մեր աշխարհը վստահում է Վահանին։ Իսկ մեծ հայրապետ Հովհան Մանդակունին հայրապետական աթոռին վեց տարի նստելուց հետո վախճանվում է։ Նրանից հետո հայրապետական աթոռին տիրեց նրա աշակերտներից մեկը՝ Բաբգենը, որի ժամանակ Պերոզը, թագավորելով Պարսկաստանում և Վահանին արքունիք կանչելով, հայոց մարզպանությունը տալիս է նրան և ուղարկում Հայաստան։
Այդ ժամանակներում վախճանվում է աստվածահաճո վարքի ու բարեպաշտ հավատի տեր հունական Զենոն երջանիկ արքան, որն իր իշխանության ժամանակ Աստծո Եկեղեցում ծաղկեցնում էր առաքելական լուսապայծառ, պայծառատարած, ճառագայթավետ հավատը։ Իսկ սրանից հետո մեծանուն Անաստասը, նստելով հռոմեական թագավորական աթոռին, բարեպաշտ սուրբ հայրերի ավանդությունները զորացնում էր նույն ձևով կամ առավել ևս ճշմարտասիրաբար և հաճոյակատար Աստծո կամքով՝ շրջաբերական թղթով նզովելով բոլոր հերձվածողներին ու բոլորի հետ նաև՝ Քաղկեդոնի ժողովը։
Իսկ հետո հռոմեական աշխարհի բարեպաշտության այդ ժամանակներում հայոց մեծ հայրապետ Բաբգենը հայոց, վրաց, աղվանից եպիսկոպոսների ժողով է անում Նոր քաղաքում՝ հայոց եկեղեցիների մայր սուրբ Կաթողիկեում. .... նրանք նույնպես մերժեցին Քաղկեդոնի ժողովը: .... Եվ այդ ժամանակներում հռոմեական, հայկական, վրացական և աղվանական աշխարհներում հաստատվել էր բոլորի համար հավասար ու բարեպաշտ մի հավատ՝ .... մերժելով Քաղկեդոնի ժողովը։
Իսկ երբ ճշմարիտ հավատի վրայով անցնում է 35 տարի, Անաստասից հետո Հուստիանոսն է թագավորում, որը սուրբ և ուղղափառ մարդկանց համար սահմանում է անտանելի նեղություններ ու վշտալից տանջանքներ և ապա արյամբ շաղախում սուրբ եկեղեցու հատակը: Եվ Բաբգեն մեծ հայրապետը հայրապետական աթոռին հինգ տարի նստելուց հետո վախճանվում է։
Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 63-65
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996