«Նավասարդից մինչև Նավասարդ,- ասում է,- մեծ թագավորի իշխանության տակ գտնվող բոլոր վայրերում պետք է վերանան եկեղեցու արարողությունները, պետք է փակվեն և կնքվեն սուրբ տաճարների դռները, նվիրական անոթները պետք է գրով ու համարով հարքունիս գրավվեն, լռեն սաղմոսերգության ձայները և դադարեն անսուտ մարգարեների ընթերցվածքները. քահանաները չվստահանան իրենց տներում ուսուցանել ժողովրդին, և Քրիստոսին հավատացող այն տղամարդիկ ու կանայք, որոնք բնակված են մենաստաններում, փոխեն իրենց հագուստը՝ աշխարհական կարգի համաձայն:
Նույնպես և նախարարների կանայք պետք է ընդունեն մոգերի ուսմունքն ու վարդապետությունը: Ազատների և շինականների տղաներն ու աղջիկները պետք է կրթվեն նույն մոգերի հրահանգների համաձայն: Պետք է կարճվի և արգելվի սուրբ ամուսնության օրենքը, որ ունեին նախնիներից քրիստոնեության սովորության համաձայն, մեկ կնոջ փոխարեն թող շատ կանայք առնեն, որպեսզի հայոց ազգն աճի, բազմանա. աղջիկներն ամուսնանան [իրենց] հայրերի հետ, և քույրերը՝ եղբայրների հետ. մայրերը չխորշեն [իրենց] որդիներից, այլև թոռները մտնեն [իրենց] պապերի անկողինը:
Զոհելու կենդանիները չմորթվեն առանց [աստվածներին] նվիրվելու՝ լինի ոչխար, այծ, արջառ, թռչուն թե խոզ: Խմորն առանց փանդամի չհունցվի, ծիրտն ու քակորը կրակի մեջ չգցվեն, ձեռքերն առանց գումիզի չլվացվեն, ջրշունները, աղվեսներն ու նապաստակները չսպանվեն: Օձերն ու մողեսները, գորտերն ու մրջյունները և էլի ինչ-որ խառնափնթոր ճճիներ կան, ոչնչացվեն և թվով ու համարով մեջ բերվեն արքունի չափի համեմատ: Եվ էլի ինչ-որ այսպիսի ծառայություններ կան՝ զոհելու կամ մորթելու վերաբերյալ, ըստ տարեկան տոների և կապճաթիվ մոխրաչափ կարգով [պետք է կատարվեն]:
Այս ամենը, ինչ որ ասացինք, միառժամանակ թող բոլորը կատարեն մինչև տարվա վերջը. իսկ մնացած բոլոր բաները հետագայում կպատրաստեն»:
Մոգերն ու մոգպետները, այս բոլոր հրամաններն ու պատվերները ստանալով, գիշեր ու ցերեկ շտապում էին հասնել Հայոց աշխարհը. և անչափ ուրախությունից բնավ չէին ձանձրանում ճանապարհի երկարությունից:
Աղբյուր՝ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին,
թարգ.՝ Երվանդ Տեր-Մինասյանի, գլուխ երրորդ, էջ 40-41, 45, 50-51, 52, 54-55, 60
© «Հայաստան», Երևան, 1994