Ողբում եմ քեզ, Հայո՛ց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագո՛ւյնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Խղճում եմ քեզ, Հայաստանյա՛յց Եկեղեցիդ՝ բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ ժողովված՝ գայլերից զգուշանալու համար, այլ՝ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում: ....
Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը: Ինչպե՞ս դիմանամ այս ցավերին, ինչպե՞ս ամրապնդեմ միտքս ու լեզուս...
Ո՞վ այսուհետև պիտի հարգի մեր ուսումը: .... Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք, ամեն բանով քանդված ու քայքայված, շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը՝ իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ [մարդկանց]: Ո՞վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի լռության:
Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ մեջ հառաչանք և արտասուք են ծագում, ինձ թելադրում են տխրալից և սգավոր խոսք ասել: Եվ չգիտեմ՝ ինչպես հորինեմ իմ ողբը և կամ ում սգամ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն գցվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե՞ ինձ, որի գլխից վերցվեց փառավորող, գեղեցիկ, կենցաղօգուտ պսակը: ....
Ո՞վ այս բաներում մեզ ճառակից կլինի՝ մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին: ....
Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ՝ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ՝ Սուրբ Հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած՝ գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան աստվածասեր:
Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ՝ փութաջան, որոնք, դեռ չսովորած, աստվածաբան են:
Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակներին բնութենակից:
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համախոհ:
Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահող, անհաստատ, հակառակող:
Եվ առհասարակ՝ սերն ու ամոթը ամենքից վերացած:
Եվ ի՞նչ է այս բոլորի հատուցումը, եթե ոչ՝ այն, որ Աստված մեզ անտեսել է, և տարրերը փոխել են իրենց բնույթը. գարունը՝ երաշտացած, ամառը՝ սաստիկ անձրևային, աշունը՝ ձմեռ դարձած, ձմեռը՝ սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև: Քամիները՝ բքաբեր, խորշակաբեր, ցավեր տարածող. ամպերը՝ կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևները՝ անժամանակ և անօգուտ, եղանակը՝ դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը՝ անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելիություն, այլև՝ երկրաշարժեր և սասանումներ: Եվ այս բոլորի վրա՝ ամեն կողմից խռովություն՝ ըստ այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա:
Որովհետև [մեզ] տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս. կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները՝ զորացած. հավատը ծախվում է այս ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ կողմերից. տները թալանվում են, ստացվածքները՝ հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր ու հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: .... Որից թող փրկի Քրիստոս Աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են Նրան: Եվ Նրան՝ փա՜ռք բոլոր եղանակներով. ամեն:
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Գ, գլուխ ԿԸ, էջ 235-239
© «Հայաստան», Երևան, 1990