Այդ ժամանակ Արկադը հիվանդացավ, Բյուզանդիոնում մեծն Հովհաննեսի պատճառով ահագին շարժում և հրդեհներ ծագեցին, և Հունաց թագավորությունը շփոթության մեջ ընկավ, զորքերը պատերազմում էին իրար հետ և պարսիկների հետ։ Ուստի Վռամը մեր Վռամշապուհ թագավորին հրամայեց իջնել Միջագետք, խաղաղացնել ու կարգի բերել և երկու կողմերի գործակալների [վեճերը] վճռել։ Երբ նա գնաց այս ամենը կարգավորելու, քիչ նեղություն չէր կրում քարտուղարի պատճառով, որովհետև այն օրից, որ Մեսրոպն արքունական դռնից հեռացավ, նա ոչ մի ճարտար դպիր գտնել չէր կարողանում, որովհետև պարսկական գիր էին գործածում։ Այս առիթով նրան ներկայացավ Հաբել անունով մի քահանա և խոստանում էր հայերեն լեզվի տառեր ստեղծել, որ հարմարեցրել էր Դանիել եպիսկոպոսը՝ իր մերձավորը։ Թագավորն անփույթ գտնվեց, և Հայաստան գալով՝ տեսավ, որ բոլոր եպիսկոպոսները ժողովվել են Մեծն Սահակի և Մեսրոպի մոտ՝ հայերեն գրերի գյուտի մասին հոգալու։ Երբ թագավորին իմաց տվեցին այս մասին, նա նրանց պատմեց, ինչ որ վանականն ասել էր։ Երբ լսեցին, նրան սկսեցին թախանձել, որ այդ կարևոր բանին հոգ տանի։
Ուստի նա Վահրիճ անունով մի մարդու՝ Խաղունի ցեղից, որ պատվված էր Հայոց աշխարհում, իրեն հավատարիմ էր և շատ փափագում էր այդ գործին, պատգամավոր ուղարկեց հիշյալ Հաբելի մոտ։ Նրան հետն առած՝ միասին գնացին և Դանիելից լավ հմտացան վաղուց գրված տառերի շարքին, որ դասավորված էր հունարենի օրինակով, և բերեցին մատուցեցին Մեծն Սահակին և Մեսրոպին, որոնք սովորելով ու երեխաներին էլ վարժեցնելով քիչ տարիներ՝ համոզվեցին, որ այդ նշանագրերը, այդ մուրացված գծագրությունը, ընդունակ չէին վանկ առ վանկ ճիշտ արտահայտել հայերեն բառերի հնչյունները։
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Գ, գլուխ ԾԲ, էջ 213
© «Հայաստան», Երևան, 1990