Թե ինչպես պարսից Շապուհ թագավորը հալածանքներ բարձրացրեց քրիստոնեության դեմ
Նույն այն ժամանակ, երբ Մարի երեցը սպանվեց յոթանասուն [մարդկանց] հետ, Շապուհ թագավորը մեծ հալածանք բարձրացրեց քրիստոնեական հավատի դեմ. հարկերով, տեսակ-տեսակ վշտերով ու հարվածներով նեղում էր քրիստոնյաներին: Հետո իր իշխանության բոլոր տեղերում հրաման արձակեց, թե՝ «Ով իմ իշխանության մեջ քրիստոնյա անունն է կրում, բոլորին պետք է սրի քաշել, որպեսզի իմ իշխանության մեջ չմնա քրիստոնյա անունը կրող ոչ մի մարդ»: Այնուհետև բյուրերով ու հազարներով կոտորում էին, որովհետև թագավորից այնպես հրաման տրվեց, որ ոչ մի քրիստոնյա չմնա նրա իշխանության սահմաններում:
Թե ինչպես Հայոց թագավորությունը քակվեց ու քայքայվեց, և ինչպես հայոց նախարարներից շատերն ապստամբեցին ու ձեռք մեկնեցին պարսից Շապուհ թագավորին, ինչպես շուտով այս ու այն կողմ ցրվեցին, և Հայոց թագավորությունը նվազեց
Երեսունչորս տարի մեր Հայոց աշխարհը պատերազմ մղեց պարսից թագավորի դեմ, որից հետո երկու կողմերն էլ ձանձրացան, հոգնեցին, պարտություն կրեցին, լքվեցին: Եվ սկսեցին հայոց թագավորի բանակից քակվել ու հեռանալ, թողեցին իրենց Արշակ թագավորին, և այս քայքայումը սկսում էին մեծամեծ ավագները: Նախ Աղձնիքի բդեշխը և Նոշիրական բդեշխը և Մահկերտունը Նիհորականը և Դասսընտեն և Աղձնիքի ամբողջ նախարարությունը, նրանց զորքն ու Աղձնիքի տոհմը ապստամբեցին հայոց Արշակ թագավորի դեմ, գնացին պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին, պարիսպ քաշեցին Ձորա կոչված տեղում, դռներ դրեցին և իրենց աշխարհը Հայաստանից զատեցին:
Սրանից հետո Գուգարքի բդեշխը, իսկ սրանից հետո Ձորա գավառի տերը, Կողբի գավառի տերը, նրանց հետ նաև Գարդմանաձորի տերը և բոլոր նրանք, որ այդ կողմերում էին գտնվում, նրանց մոտ և շուրջ էին, միասին ապստամբեցին Արշակ թագավորի դեմ և գնացին պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին, հայոց Արշակ թագավորի դեմ ապստամբեցին նաև Արցախի ամուր գավառը, Տմորիքի ամուր գավառը և Կորդրիքի ամուր աշխարհը, հետո նաև Կորդիք գավառի տերը գնաց կանգնեց պարսից Շապուհ թագավորի առաջ:
Թե ինչպես աշխարհում մնացածները բոլորը միասին, միաբան ժողովվում էին հայոց Ներսես կաթողիկոսի մոտ. բողոքում էին իրենց Արշակ թագավորի դեմ և նրանից ձեռք քաշելով՝ լքեցին
Ապա Հայոց աշխարհի թագավորության բոլոր մարդիկ ժողովվեցին եկան հայոց մեծ եպիսկոպոսապետ Ներսեսի մոտ՝ մեծամեծներ, նախարարներ, կուսակալներ, կողմնակալներ, գավառատերեր, գործակալներ, գյուղերի համփաներ. սրանք բոլորը մի տեղ հավաքվելով սկսեցին խոսել Ներսեսի հետ և ասացին. «Տե՛ր, դու ինքդ գիտես, որ ահա երեսուն տարի է մեր Արշակ թագավորի [ժամանակ], որ մենք ոչ մի տարի պատերազմից հանգիստ չենք ունեցել, շարունակ մեր երեսների քրտինքը սրբել ենք սրերով, սլաքներով, նիզակների տեգերով: Մենք այլևս չենք կարող դիմանալ, ոչ էլ դուրս գալ պատերազմի, ավելի լավ է, որ մենք էլ հպատակվենք պարսից թագավորին, ինչպես արեցին մեր ընկերները, որոնք նրան թողեցին ու գնացին պարսից թագավորի մոտ. մենք էլ նրանց պես պիտի անենք, որովհետև այլևս չենք կարող կռվել: Եթե Արշակ թագավորը կամք ունի Շապուհի հետ կռվելու, թող Վասակի և իր աներոջ՝ Անդոկի միջոցով պատերազմի, այլ այս Հայոց աշխարհից ոչ ոք, ոչ մի մարդ նրան չի գնա օգնության: Նա ուզում է՝ թող պատերազմի, չի ուզում՝ չպատերազմի, մեր պետքը չէ, մենք նրան թողել ենք»:
Իսկ սուրբ Ներսեսը խոսում էր նրանց հետ, ինչպես հարկն է. «Լա՛վ մտածեցեք,- ասում էր նա,- հիշեցե՛ք Տիրոջ պատվիրանը միաբանության մասին, որ ծառաները հնազանդ լինեն իրենց տերերին: Դուք ահա բոլորդ կաք ու վկա եք, որ բոլորդ Արշակունյաց ազգից եք ձեռք բերել ձեր դիրքը, ձեզնից ոմանք նրանից են նշանակվել գավառների տերեր, ոմանք՝ աշխարհների մեծամեծներ, ոմանք՝ խոշոր ավանների և գյուղերի, ոմանք՝ գանձերի և զանազան դաստակերտների: Որովհետև Արշակունյաց պիղծ ազգը թեև հանցավոր է արարիչ Աստծո առաջ, բայց ձեզ բոլորիդ աղբից բարձրացրել և ապրեցրել է՝ մեկին գործ տալով, մյուսին՝ պատիվ, մեկին՝ իշխանություն, մյուսին՝ գործակալություն: Որովհետև թեպետ Արշակ թագավորը մեղավոր է Աստծո առաջ և իր Արարչին պարտական է տոկոսը հատուցել, վրեժը կրել, բայց Աստված Իր մեծ և անչափ մարդասիրությամբ խնայեց նրան և նրա պատճառով՝ ձեզ:
Իսկ դուք ահա կամենում եք հեթանոսների ծառայության տակ ընկնել, կորցնել ձեր կյանքն Աստծով, մերժել ձեր բնիկ տերերին, որոնք տրված են ձեզ Աստծուց, ծառայել օտար տերերի և նրանց անաստված կրոնին ցանկալ: Աստված չանի, որ դուք այդ [կրոնը] սիրեք, հավանեք ու հանձն առնեք՝ հեռանալով ձեր աստվածապաշտ թագավորից: Որովհետև Արշակը թեկուզ բյուր անգամ էլ չար լինի, սակայն աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, սակայն ձեր թագավորն է: Դուք ինքներդ իմ առաջ ասացիք, թե այսքան տարի է, որ կռվում եք ձեր անձերի և հոգիների համար, աշխարհի համար, ձեր կանանց ու որդիների համար, և որ ամենից գլխավորն է՝ ձեր եկեղեցիների, ձեր հավատի ուխտի համար, որ ունեք Հիսուս Քրիստոսի անունով, և Տերը միշտ ձեզ է շնորհել հաղթություն Իր անվան համար: Հիմա դուք, փոխանակ ձեր արարիչ Քրիստոսի, ուզում եք ծառայել անօրենների անաստված մոգական կրոնին և նրա պաշտոնյաներին՝ թողնելով մեր Արարչին ու Նրա պատվիրանը, թե պետք է հավատարիմ մնալ մարմնավոր տերերին, որոնց Ինքն է նշանակել: Գուցե Տեր Աստված էլ ձեզ վրա բարկանա, ձեզ արմատախիլ անի, մատնի հեթանոսների ձեռքը՝ հավիտյան ստրկաբար նրանց ծառայելու, և ծառայության լուծը երբեք ձեր վրայից չվերանա: Եվ եթե դուք բողոքով դիմեք Տիրոջը, Նա ձեզ չի լսի, որովհետև ինքներդ եք մտնում հեթանոս տերերի և անաստված տգետ մարդկանց ծառայության տակ. [հանձնվում եք] հեթանոս մարդկանց և խստասիրտ տերերի. շատ և շատ չարիքներ դուրս կգան ձեր առաջ, որոնցից չեք կարողանա ճողոպրել»:
Իսկ նրանք, որոնք միատեղ հավաքված էին, աղաղակ բարձրացրին, իրար ձայն էին տալիս՝ շփոթություն և աղմուկ հարուցելով. «Վեր կենանք գնանք,- ասում էին նրանք.- քաշվենք գնանք մեր տեղերը. այդ խոսքերը չենք կամենում ընդունել»: Սփռվեցին գնացին ամեն մեկն իր տունը:
Աղբյուր՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, Չորրորդ դպրություն, գլուխ ԺԷ, Ծ, ԾԱ, էջ 199, 247, 249-253
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1987