Ս. Ներսեսի և նրա մուծած բարեկարգությունների մասին
Արշակի թագավորության երրորդ տարում հայոց եպիսկոպոսապետ դարձավ Մեծն Ներսեսը՝ Աթանագինեսի որդին, Հուսիկի որդու, Վրթանեսի որդու, սուրբ Գրիգորի որդու: Բյուզանդիայից Կեսարիա վերադառնալով՝ նա եկավ Հայաստան և իր հայրերի բոլոր ուղղության կարգերը նորոգեց և ավելին ևս, որովհետև ինչ բարեկարգություններ որ նա տեսավ Հույների աշխարհում, մանավանդ՝ թագավորանիստ քաղաքում, նույնը սահմանեց և մեր աշխարհում: Նա եպիսկոպոսների և աշխարհականների ժողով գումարեց, կանոնական սահմաններով հաստատեց ողորմածությունը, արմատախիլ արեց անգթությունը, որ մեր երկրում ի բնե սովորական էր: Որովհետև բորոտները հալածվում էին՝ իբրև օրենքով պիղծ ճանաչված մարդիկ, ուրուկներին էլ փախուստի էին ենթարկում, որպեսզի ախտը նրանցից ուրիշների վրա չփոխադրվի, նրանց կացարաննեը անապատներն էին և ամայի տեղերը, նրանց ծածկույթը՝ քարերն ու մացառները, իրենց թշվառության մեջ նրանք ոչ ոքից մխիթարություն չէին գտնում: Բացի սրանցից՝ հաշմանդամները չէին խնամվում, անծանոթ հյուրեր չէին ընդունվում, օտարականները պաշտպանություն չէին գտնում:
Իսկ նա հրամայեց, որ ամեն մի գավառում շինեն աղքատանոցներ՝ առանձնացած անբնակ տեղերում, որպեսզի հունաց հիվանդանոցների նման մխիթարություն լինեն մարմնով վշտացածներին: Այս [հիվանդանոցների] վրա բաշխեց ավանները և ագարակները, որպեսզի իրենց արտերի արդյունքներից, արածող անասունների կթից ու բրդից բաժին հանեն և պարտավորաբար նրանց պետքերը հոգան հեռվից հեռու, իսկ նրանք դուրս չգան իրենց բնակության [սահմանված] շենքերից: Այս գործը նա հանձնեց իր սարկավագին՝ Խադ անունով, որ Կարնի Մարգաց [գյուղից] էր: Նույնպես սահմանում է, որ բոլոր գյուղերում իջևաններ շինվեն օտարականների համար, սննդի տեղեր որբերի և ծերերի համար և խնամք չքավորների համար: Շինում է նաև անապատ և անմարդաբնակ տեղերում եղբայրանոցներ ու մենաստաններ և մենակ [ճգնողների] համար խրճիթներ: Սրանց վրա հայր և վերահսկիչ է նշանակում Շաղիտային, Եպիփանին, Եփրեմին և Գինդին Սլկունյաց ցեղից և ուրիշ մի քանիսին:
Եվ նախարարական ցեղերի միջից վերացնում է այս երկու բանը. առաջին՝ խնամությունը մերձավոր ազգականների միջև, որը գործադրում էին՝ սեպուհական ազնվականության պատճառով ագահելով, և երկրորդ՝ որ մեռածների վրա ոճիրներ էին գործում հեթանոսական սովորությամբ: Այնուհետև մեր աշխարհի մարդիկ երևացին արդեն ոչ բարբարոսների պես այլանդակված, այլ՝ քաղաքացիների նման համեստացած:
Մեծն Ներսեսի աքսորվելը և անբնակ կղզի գցվելը, և ինչպես նրանք կերակրվում էին երկնային խնամքով
Այս ժամանակ Բյուզանդիոնի եպիսկոպոսական աթոռին նստում էր հոգեմարտ Մակեդոնը: Երբ արքունիքից հրաման ելավ Մեծն Ներսեսին աքսորելու՝ իբրև մի անգամ կայսրին խաբողի և ուխտադրուժի, նրա մոտ եկան մի քանի հերձվածողներ Արիոսի աղանդից և ասացին. «Եթե մեզ հետ դավանես, քեզ կփրկի մեր հայրը՝ Մակեդոնը»: Նա չհամաձայնեց ու աքսորվեց: Երբ նավով լողում էին, ձմեռվա խիստ քամիները նավը քշեցին դեպի մի անապատ կղզի ու խորտակեցին: Նավորդները չէին համարձակվում մակույկներով նավել, մնացին տարակուսած և ուտում էին անտառի ծառերի արմատները: Բայց Աստծո խնամքով նրանք ութ ամիս կերակրվեցին այն ձկներով, որ ծովը կենդանի ափ էր գցում: Իսկ Պապը և բոլոր պատանդները հանձն առան, և Մակեդոնը նրանց ազատեց:
Թե ինչպես Պապը սուրբ Ներսեսին, մահվան դեղ տալով, կյանքից զրկեց
Երբ պատերազմները վերջացան, և երկիրը խաղաղվեց, Մեծն Ներսեսը ուխտ էր հաստատում Պապ թագավորի և նախարարների մեջ, որ արդարության ճանապարհով գնան, որպեսզի նրանց գործերը համապատասխան լինեն քրիստոնեական հավատին, որ թագավորը հորը չնմանվի, անիրավություններ չգործի ու չզրկի, այլ ուղղությամբ վարվի նախարարների հետ, հայրական խնամքով, նրանք էլ այլևս չստամբակեն ու չհեռանան նրանից, այլ ծառայեն հավատարմությամբ: Այս ժամանակ Պապը Սպանդարատ Կամսարականին վերադարձրեց ամեն ինչ, որ հափշտակել էր նրա Արշակ հայրը՝ Շիրակի և Արշարունյաց գավառը, որոնք պատկանում էին Կամսարականների ցեղին, [բայց] ոչ՝ իբրև իր Արշակ հոր ագահությամբ անիրավաբար [խլված], այլ իբրև պարգև քաջ Սպանդարատի ծառայության համար, որ սպանել էր Ղեկաց թագավորին: Մյուս նախարարներին էլ վերադարձրեց [նրանց կրած] զրկանքները, ցույց էր տալիս անընչասեր բարք և ապրում էր առատաբար:
Բայց որովհետև ամոթալի ախտով գարշելի կյանք էր վարում և սրա պատճառով Մեծն Ներսեսից հանդիմանվում ու նախատվում էր, նրան խեթ աչքով էր նայում, մտածում էր վնասել, բայց ինքնակալ Թեոդոսի [երկյուղից] չէր համարձակվում հայտնի կերպով նրան վնաս հասցնել, [ուստի] գաղտնի կերպով սուրբ Ներսեսին մահացու դեղ խմեցնելով՝ զրկեց կյանքից, որ եպիսկոպոսության աթոռը գրավեց երեսունչորս տարի: Երանելի Ներսեսն այս աշխարհից փոխվեց Եկեղյաց գավառում՝ Խախ կոչված գյուղում: Պապ թագավորը նրա մարմինը վերցրեց, տարավ թաղեց Թիլ ավանում՝ եղելությունը թաքուն պահելով:
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Գ, գլուխ Ի, Լ, ԼԸ, էջ 181-182, 191, 198-199
© «Հայաստան», Երևան, 1990