210 Նահատակվեց սուրբ Հռիփսիմեն՝ սրբերի դասով մեկտեղ, հոռի ամսի քսանվեցին, երեսուներեք նահատակակից ընկերներով։ Իսկ հոռի ամսի քսանյոթին սուրբ Գայանեն իր երկու ընկերներով, որոնք նրա հետ մարտնչեցին, պսակներ ընդունեցին և առան հաղթության թագը:
211 Ի. Արդ, վեց օր խոր տխրության և անտանելի տրտմության մեջ էր թագավորը Հռիփսիմեի գեղեցկության նկատմամբ ունեցած տենչալի սիրո պատճառով։ Այնուհետև որսի ժամ որոշեց, բոլոր զորքերին հրամայեց հավաքել բերել որսի զենքերը, տագնապ գցել, որսի ցանցեր պատրաստել, թակարդներ լարել. կամենում էր որս անել Փառական Շեմակաց դաշտում։
212 Մինչ կառքի վրա նստած թագավորը քաղաքից դուրս էր եկել, իսկույն նրա վրա Տիրոջ պատուհասը հասավ, և պիղծ դևը, խփելով թագավորին, կառքից վայր տապալեց։ Անմիջապես սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի նման մարդկային բնույթից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու։ Այնուհետև մտնելով եղեգնուտը՝ խոտաճարակ դարձավ՝ սաստիկ անզգայությամբ դաշտերում կոծելով իր մերկ մարմինը։ Թեպետ և կամեցան նրան արգելափակել քաղաքում, չկարողացան. նախ՝ բնական ուժի պատճառով և ապա՝ չդիմանալով նրա մեջ մտած դիվական ուժին։
213 Նաև քաղաքի բոլոր մարդիկ, նույնօրինակ դիվահար եղած, մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին։ Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները առհասարակ հարվածներ կրեցին և ահավոր սգի մեջ էին պատուհասի պատճառով։
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983