Տրդատը, մեր աշխարհ վերադառնալով, Սմբատ ասպետին՝ Բագարատի հորը, ուղարկում է իրեն կին բերելու Աշխադարի դստերը՝ Աշխեն կույսին, որ հասակով թագավորից պակաս չէր: Հրամայում է նրան գրել Արշակունի, ծիրանիներ հագցնել և թագ կապել, որպեսզի թագավորին հարսնանա: Նրանից ծնվեց Խոսրով որդին, որ իր ծնողների հասակին համապատասխան չէր:
Նույն օրերում պատահում է նաև Մաքսիմինայի՝ Դիոկղետիանոսի դստեր հարսանիքը Նիկոմիդիայում, որին փեսայանում է Կոստանդիանոս կեսարը՝ Հռոմի Կոստոս թագավորի որդին: .... Այս Կոստանդիանոսը հարսանիքի ժամանակ բարեկամացել էր մեր Տրդատ թագավորի հետ։ Քիչ տարիներ հետո Կոստանդը մեռնում է, և Դիոկղետիանոսը նրա տեղ է ուղարկում նրա որդի և իրեն որդիացած Կոստանդիանոսին։
Սա թագավորելուց առաջ, քանի որ դեռ կեսար էր, կռվի մեջ պարտություն կրեց և մեծ տրտմության մեջ քնելով՝ քնի մեջ նրան երևաց երկնքից՝ աստղերից [բաղկացած] խաչ՝ շուրջը գրված. «Սրանո՛վ հաղթիր»: Որը (խաչը) նա, պատերազմական նշան շինելով և [զորքի] առջևից տանելով, պատերազմներում հաղթեց։ Բայց հետո հրապուրվելով իր Մաքսիմինա կնոջից՝ Դիոկղետիանոսի դուստրից՝ Եկեղեցու դեմ հալածանք բացեց և շատերին նահատակեց և այս հանդգնության պատճառով ինքն էլ ամբողջ մարմնով ապականվեց ելեփանդական բորոտությամբ։ Արիողական կախարդները և մարսիկյան բժիշկները չկարողացան բժշկել, ուստի Տրդատին խնդրեց Պարսկաստանից և Հնդկաստանից հմայողներ ուղարկել, բայց նրանք էլ օգուտ չբերեցին: Այդ ժամանակ մի քանի քրմեր, դևերից խրատվելով, հրամայեցին, որ բազմաթիվ փոքր երեխաներ մորթել տա ավազանի մեջ և նրանց տաք արյան մեջ լողանա, որով կառողջանա։ [Կոստանդիանոսը] երբ լսեց երեխաների լացը, նրանց մայրերի ողբը, մարդասիրությամբ գթաց՝ նրանց փրկությունն ավելի լավ համարելով, քան իրենը։ Սրա փոխարեն նա ընդունվում է Աստծուց. երազի մեջ առաքյալներից հրաման ստացավ, որ [բորոտությունից] կմաքրվի՝ կենսատու ավազանում լվացվելով Հռոմի Սեղբեստրոս եպիսկոպոսի ձեռքով, որ նրա հալածանքից փախել ու ապրում էր Սերապտիոն լեռում։ Նրանից նա ուսանեց և հավատաց, և Աստված բոլոր բռնավորներին նրա առաջ ոչնչացրեց:
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Բ, գլուխ ՁԳ, էջ 146-147
© «Հայաստան», Երևան, 1990