Որովհետև պատմությունն առանց ժամանակագրության ստույգ չէ, ուստի մանրամասն հետազոտությամբ գտանք, որ Տրդատը թագավորել է Դիոկղետիանոսի երրորդ տարում և այս կողմերը եկել մեծ զորքով։ Երբ նա Կեսարիա հասավ, նախարարներից շատերը նրան ընդառաջ գնացին։ Եվ երբ հասավ մեր աշխարհը, տեսավ, որ Օտան սնել է իր Խոսրովիդուխտ քրոջը և պահպանել է գանձերն ու ամրոցը մեծ համբերությամբ. և իսկապես էլ, նա համբերող էր, ժուժկալ և շատ խելացի, որովհետև նա թեպետ Աստծո մասին ճշմարտությունը չգիտցավ, բայց կուռքերի ստությունը հասկացավ։ Նրա պես էր և նրա սանը՝ Խոսրովիդուխտը՝ մի օրինավոր համեստ կույս, և չուներ բոլորովին անդուռ բերան՝ ուրիշ կանանց նման։
Տրդատը Հայաստանի հազարապետ է նշանակում Օտային և շնորհակալությամբ պատվում է նրան, մանավանդ պատվում է իր դայեկորդուն՝ Արտավազդ Մանդակունուն, որ պատճառ եղավ իր փրկությանը և հայրենական փառքին հասնելուն, ուստի նրան է հանձնում հայոց զորքերի սպարապետությունը։ Նույն պատճառով նրա քրոջ մարդուն՝ Տաճատին, Աշոցք գավառի [տեր] է դարձնում։ Սա էր, որ վերջերը հայտնեց իր աներոջը՝ Արտավազդին, և սա՝ թագավորին, նախ՝ որ Գրիգորն Անակի որդին է, և հետո՝ Գրիգորի որդիների մասին. այս բաները նա իմացել էր Կեսարացիների քաղաքում ապրած լինելով։
Իսկ քաջ Տրդատը, արագ-արագ բազմաթիվ ճակատամարտեր տալով նախ՝ Հայաստանում և ապա՝ Պարսկաստանում, ինքն անձամբ տանում էր հաղթությունը։ Մի անգամ նա ավելի [մեծ քաջություն ցույց տվեց], քան հնում Եղիանանը, և իր նիզակը կանգնեցրեց նույնքան թվով վիրավորների օգնական։ Մի երկրորդ անգամ, պարսից կորովի զորականները փորձով գիտենալով հսկայի սաստիկ ուժը և կուռ զրահների ամրությունը, բազմաթիվ նետեր արձակելով ու ձին վիրավորելով սատկեցրին, որ գետին փռվելով՝ թագավորին վեր էր գցում։ Իսկ նա, ոտքի կանգնելով և հետիոտն հարձակվելով, թշնամիներից շատերին գետին էր գլորում և մեկի ձին բռնելով՝ արիաբար թռչում էր վրան։ Մի երկրորդ անգամ նա կամավորապես ձիուց իջավ և հետիոտն հարձակվելով՝ սրով ցրեց փղերի երամակները։ Այսպիսի քաջագործություններով բավական երկար մնաց Պարսկաստանում և Ասորեստանում և Տիզբոնից էլ այն կողմ անցավ։
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Բ, գլուխ ՁԲ, էջ 145-146
© «Հայաստան», Երևան, 1990