48 Ե. Մեծ Հայքի արքա Տրդատի առաջին տարում շարժվեցին եկան, հասան Եկեղյաց գավառը՝ Երիզա գյուղը, Անահիտի մեհյանը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն: Երբ անարժան գործը կատարեցին, իջան, տեղավորվեցին այն գետի ափին, որը Գայլ է կոչվում:
49 Թագավորը եկավ մտավ վրանը, ընթրիքի բազմեց. երբ գինովցան, թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերի Անահիտի արձանի բագինին: Սակայն նա հանձն չառավ աստվածների երկրպագության պաշտամունքը կատարել: ....
51 Թագավորը սկսեց խոսել Գրիգորի հետ և ասաց. «Այսքան տարի ես քեզ ճանաչել եմ, և դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ, և ես գոհ էի քո աշխատանքից ու մտադիր էի ապրեցնել (վարձատրել) քեզ: Ինչո՞ւ չես կատարում իմ կամքը»:
52 Պատասխան տվեց Գրիգորը և ասաց. «Աստված հրամայել է, որ ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին, ինչպես որ վայել է, և ինչպես դու ինքդ վկայեցիր, որ ծառայել եմ քեզ իմ ամբողջ էությամբ: Իսկ Աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ. քանզի միայն Նա է Արարիչը երկնքի ու հրեշտակների, որոնք Նրա մեծության փառավորիչներն են, և երկրի ու մարդկանց, որոնք Նրա ձեռքով են ստեղծված, և որոնց պարտքն է պաշտել Նրան ու կամքը կատարել, ինչպես նաև՝ այն ամենի, որոնք ապրում են դրանց վրա թե՛ ծովում, թե՛ ցամաքում»:
53 Ասաց արքան. «Իմացա՛ծ եղիր, ի չիք դարձրիր այն վաստակը, որ ինձ մոտ ես վաստակել, և որին ես վկա եմ: Արդ, այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն՝ անարգանք, փոխանակ բարձ տալու և առաջ տանելու՝ բանտ ու կապանք և մահ կտամ, որը մարդկային կյանքի հույսը կկտրի, եթե հանձն չառնես աստվածներին պաշտամունք մատուցել: Մանավանդ՝ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ՝ հունաց թագավորը: Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը՝ մեծ, քաջ Արամազդի:
54 Գրիգորն ասաց. «Ես քեզ հավատարմությամբ ծառայեցի և երբեք իմ վաստակը ի դերև չեմ հանի, քանզի գրված է Աստծո կողմից՝ «Թող ծառայեն մարմնավոր տերերին», քանզի Նա է բարիքներ հատուցող Տերը, ես ոչինչ չէի ակնկալում քեզնից, որ ինձ հատուցես, այլ՝ Արարչից, Որին իբրև սեփականություն պատկանում են բոլոր տեսանելի ու աներևույթ արարածները:
55 Իսկ որ ասում ես, թե նեղություն կտաս՝ փոխանակ կյանքի, [ապա] դու, հանելով այս կյանքից, ինձ համար կավելացնես Քրիստոսի պատրաստած ուրախությունը, Որի իշխանությունը հավիտյան է, արքայությունը՝ անանց, և բարիքները՝ անպակաս: Եվ այս, որ ասում ես, թե փոխանակ պատվի՝ անարգանք [կտաս], ինձ հրեշտակների պատիվը կշնորհես, որոնք ցնծությամբ իրենց Արարչին են փառավորում:
56 Ասում ես, թե փոխանակ բարձ տալու և առաջ տանելու՝ բանտ ու կապանք կտաս: Երանի՜ ինձ, այսպիսով իմ Տիրոջ կապանքների օրինակը ինձ վրա կունենամ և Նրա հետ ուրախ կլինեմ ու կցնծամ Նրա գալստյան օրը: Մերժելով ինձ քո սեղանակիցը դարձնել՝ ահա սեղանակից կդարձնես հավատքի հորը՝ Աբրահամին, և բոլոր արդարներին, որոնք ուրախ են լինելու Աստծո արքայության մեջ:
57 Իսկ որ սպառնում ես մահով, ապա խառնում ես ինձ Քրիստոսի գնդին, ուր բոլոր հրավիրվածներն են՝ հայրերն ու արդարները, մարգարեներն ու առաքյալները, նահատակները և ամենայն ընտրյալները:
58 Ասում ես, թե մահվամբ կկտրես իմ կյանքի հույսը, ինչպես որ քո հույսն է կտրված, ապա [իմացի՛ր, որ] բոլոր աստվածապաշտների ու աստվածասերների հույսը զորավոր է: Իսկ նրանք, որ քեզ նման են և պաշտում են համր ու անշունչ և մարդկանց ձեռքով կերտված կուռքեր, արդարև հուսահատ են Աստծո ճշմարիտ կյանքից»: ....
120 Զարմացավ թագավորը նրա սաստիկ համբերության, դիմացկունության ու տոկունության վրա և ասաց. «Ինչպե՞ս դեռ շունչ ունես այսքան ժամանակ և չարաչար տանջանքների մեջ, որոնցով քեզ խոշտանգեցի»: Գրիգորը պատասխան տվեց՝ ասելով. «Չէ՞ որ նախապես ասել էի քեզ, թե կտեսնես Աստծո ծառայիս համբերության օրինակը, քանզի Նա զորություն է տալիս, որպեսզի ամոթով մնան նրանք, որ Նրանից հեռու են և քեզ նման մարտնչում են Նրա դեմ: Այսպես է Նա ասում. «Ձեզ չեմ թողնի և ոչ էլ վայր կգցեմ»: Արդ, այս է Նրա պահպանությունն Իր արարածներին և սիրելիներին, որոնց Նա պահում է Իր հանդեպ ունեցած հավատքի մեջ, մինչև որ հատուցի նրանց Իր գալստյան ժամանակ»: ....
122 Այսքան հարցերից ու տանջանքներից, գանահարություններից ու բանտերից, գելարաններից ու կախաղաններից, դառը նեղություններից և ամեն խոշտանգումներից հետո, որոնք նա մեծ համբերությամբ հանձն առավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար, երբ թագավորը այս էլ իմացավ, թե իսկապես դա որդին է Անակ Պարթևի, որը սպանել էր նրա հորը՝ Խոսրովին, հրաման տվեց կապել ոտքերը, ձեռքերն ու պարանոցը, և տարան նրան Այրարատ գավառը, հանձնեցին Արտաշատ քաղաքի բերդի դղյակը և իջեցրին ներքին վիրապը, որի խորությունից դուրս գալ անհնարին էր, որպեսզի իսկույն մեռներ: Այդ վիրապում նա մնաց տասներեք տարի: Իսկ թագավորը շարժվեց գնաց ձմեռանոց՝ Այրարատ գավառը, Վաղարշապատ քաղաքը Հայոց աշխարհի արևելքում: ....
124 Այն տասներեք տարիներում, որ Գրիգորը մնաց բանտի բերդում և Խոր Վիրապում, մի այրի կին, որ այդ բերդում էր, երազում հրաման ստացավ, որ օրական մի նկանակ պատրաստելով՝ Խոր Վիրապից վայր գցի: Այսպիսով, Աստծո հրամանով նա կերակրվեց այնտեղ մնացած տարիներին: Սույն վիրապում, ուր նետել էին նրան, կենդանի մնաց շնորհիվ իր Տիրոջ, իսկ այլ մարդիկ, որոնք մի անգամ այնտեղ իջեցված էին, բոլորը մեռել էին դժնդակ, հեղձուցիչ, անտանելի տեղի, թանձր տիղմի, օձախառն և խորունկ լինելու պատճառով: Հենց չարագործների համար էր շինված այս տեղը և ամբողջ Հայաստանի մահապարտների սպանության համար հատկացված:
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983