39 Դ. Այդ օրերում գոթերի իշխանը զորաժողով արեց և բազում զորք կուտակելով՝ եկավ պատերազմելու հունաց իշխանի դեմ: Այսօրինակ պատգամ հղեց, թե՝ «Ինչո՞ւ ենք անմտորեն ելնում պատերազմի, մեր զորքը սպառում և միաժամանակ երկրին վտանգ ու տագնապ հասցնում: Ահավասիկ, ես քո դեմ եմ դուրս գալիս իբրև ախոյան մեր զորքի միջից, և դու էլ իմ դեմ՝ հունական կողմից: Գնանք հասնենք մարտի վայրը, և եթե ես քեզ հաղթեմ, հույներն ինձ կհնազանդվեն, իսկ եթե դու ինձ հաղթես, մեր կյանքը քեզ կպատկանի, ու կհնազանդվենք քեզ, և առանց արյան ու կոտորածի երկու կողմերի համար էլ խաղաղություն կլինի»:
40 Երբ հունաց թագավորն այս ամենը լսեց, վախեցավ, որովհետև չէր կարող հանձն առնել օրինավոր պատրաստությամբ գունդ առ գունդ ճակատել և ոչ էլ կարող էր սույն պատգամի պահանջին համաձայնել, քանի որ տկար ոսկորներ ուներ, և ահաբեկվելով՝ զարհուրեց ու չգիտեր ինչ պատասխան տալ այդ խոսքերին:
41 Այն ժամանակ թագավորը հրաման տվեց հրովարտակներ ու պատվիրակներ ուղարկել իր տերության իշխաններին ու զորքին, որպեսզի ուր էլ լինեն, շուտափույթ իրեն հասնեն: Իշխանները, զորքն ու նախարարները շտապով նրա մոտ եկան: Առավ նաև Լիկիանեսը իր ձեռքի տակ եղած բուն գունդը և փութաց հասնել պատերազմի վայրը՝ ներկայանալու թագավորին, և Տրդատն էլ նրա հետ էր:
42 Երբ զորագնդերը գալիս էին, այնպես եղավ, որ եկան ու մտան մի նեղ տեղ՝ այգեստանի առուների մեջ, շտեմարանի հրապարակում, քաղաքի դռների մոտ, որովհետև կեսգիշերվա ժամն էր, և քաղաքի դռները փակ էին: Երբ զորքի բազմության երիվարներին անասնակեր չոր խոտ չգտնվեց մինչև կեսգիշեր, նայեցին ու տեսան, որ քաղաքի պարսպից ներս անասունների բակում խոտի դեզեր էին մթերված, և ոչ ոք չկարողացավ իր ձեռքը հասցնել պարսպին՝ բարձրության պատճառով: Այնժամ Տրդատը ելավ և իջնելով [խոտը] դեզ-դեզ նետեց զորքերի մեջ, մինչև որ բավարարվեցին: Իսկ վերակացուներին և բազմաթիվ շներից շատերին պարսպից այս կողմ՝ զորքերի մեջ նետեց ու ինքը, այնտեղից ելնելով, իջավ:
43 Տեսնելով այսպիսի մեծ ուժ՝ Լիկիանեսը զարմացավ, իսկ երբ առավոտը լուսացավ, քաղաքի դռները բացվեցին, և ամբողջ զորքը ներս մտավ: Լիկիանեսն ու բոլոր մեծամեծները, սպարապետները, զորագլուխներն ու իշխանները ներկայացան թագավորին:
44 Ապա թագավորը իշխաններին պատմեց գոթերի թագավորի բոլոր պատգամները: Այդ ժամանակ Լիկիանեսը սկսեց խոսել արքայի հետ և ասաց. «Թող իմ տիրոջ սիրտը բոլորովին չզարհուրի, քանզի այստեղ, քո պալատում, մի մարդ կա, որի միջոցով այս գործը գլուխ կգա: Նրա անունը Տրդատ է՝ Հայոց աշխարհի թագավորական տոհմից»: Եվ պատմեց նրա՝ երեկոյան գործած քաջագործությունները: ....
45 Իսկ մյուս օրը առավոտյան [կայսրը] հրամայեց ծիրանի պատմուճանը Տրդատի վրա նետել, և զարդարեցին կայսերական զարդով՝ գցելով նրա վրա թագավորական նշանը, և ոչ ոք չգիտեր նրա մասին: Հրաման ելավ ամենքին, թե սա ինքն իսկ կայսրն է: Եվ առնելով զորքերի համակ բազմությունը՝ փողի ձայնով արագ մոտեցավ, մինչև որ կանգնեց թշնամիներին դեմ հանդիման: Երբ միմյանց դիմաց կանգնեցին կայսերակերպն ու [գոթերի] թագավորը, երիվարներին մտրակելով՝ իրար հասան: Այնտեղ կայսերակերպը հաղթեց թագավորին և բռնելով նրան՝ բերեց կանգնեցրեց կայսեր առջև:
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983