37 Արդ, Տրդատը գնաց Լիկիանես անունով մի կոմսի մոտ, դաստիարակություն և ուսում ստացավ, իսկ Պարթևի որդին, որը հունաց կողմերն էր տարվել, մեծացավ և ուսում ստացավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983
Համառոտ տեղեկություն ս. Գրիգորի սնվելու և վարքի մասին
Բուրդար անունով մեկը Պարսկաստանից՝ ոչ փոքր և աննշան մարդ, Պարսկաստանից դուրս գալով, եկավ Գամիրքի կողմերը և պանդխտեց Կեսարիայում։ Հավատացյալներից նա կին առավ՝ Սոփի անունով, որ Եվթաղիոս անունով մի հարուստի քույրն էր, և հետ դարձավ՝ նորից Պարսկաստան գնալու իր կնոջ հետ։ Եվթաղիոսը, նրա հետևից գնալով, համոզեց և արգելեց, [որ չգնա]: [Սոփին,] մեր Լուսավորչի ծննդին պատահելով, ծծմայրի պաշտոն է ընդունում, իսկ երբ աղետը պատահեց, Եվթաղն առավ իր քրոջը նրա մարդու և երեխայի հետ և դարձավ Կապադովկացիների աշխարհը։ Բայց այս բոլորը գործում է Աստծո նախատեսությունը, ինչպես ես ուզում եմ մտածել, մեր փրկության ճանապարհը [պատրաստելու համար], ապա թե ոչ՝ ի՞նչ հույսով պահլավիկ երեխային հռոմայեցիների իշխանության մեջ էին սնում և քրիստոնեական հավատի մեջ կրթում։
Երբ մանուկը չափահաս դարձավ, մի հավատացյալ մարդ՝ Դավիթ անունով, նրան փեսայացրեց՝ նրան կին տալով իր Մարիամ անունով աղջկան։ Իսկ երեք տարի հետո, երբ երկու որդի ունեցան, փոխադարձ համաձայնությամբ իրարից բաժանվեցին ու հեռացան։ Մարիամը, կրտսեր երեխայի հետ կանանց վանքը մտնելով, կրոնավոր դարձավ, և այս երեխան, չափահաս դառնալով, հետևող եղավ մի միայնակյացի՝ Նիկոմաքոս անունով, որ նրան անապատ ուղարկեց։ Իսկ անդրանիկը մնաց դայակների մոտ, որն էլ հետո աշխարհի կարգ մտավ՝ ամուսնացավ։ Իսկ նրանց հայրը՝ Գրիգորը, անցավ գնաց Տրդատի մոտ՝ հոր պարտքը հատուցելու, կամ իսկապես ասելով՝ վարժվելու և պատրաստվելու մեր աշխարհի առաքելության և քահանայապետության, ինչպես և մարտիրոսության վիճակին։
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Բ, գլուխ Ձ, էջ 143-144
© «Հայաստան», Երևան, 1990