31 Իսկ երբ հասան ջերմ օրերը՝ հարավահողմ գարնան դռները բացվելու ժամանակը, հեռացավ թագավորը այդ կողմերից: Եկան իջան Այրարատ գավառը՝ Վաղարշապատ քաղաքը։ Եվ մինչդեռ ուրախությամբ հանգստանում էին, թագավորը մտադրվելով՝ զորք կազմեց նորից պարսից կողմերը արշավելու նպատակով։
32 Երբ Պարթևն այս լսեց, հիշեց այն երդումը, որ տվել էր պարսից արքային։ Հիշեց նաև պարգևների խոստումները և փափագեց իր բնիկ աշխարհը տեսնել, որը Պահլավ էր կոչվում, չար միտք հղացավ. իր հարազատ եղբոր հետ թագավորին մեկուսի մի կողմ տանելով՝ իբր թե զբոսանքի կամ նրա հետ խորհուրդ անելու նպատակով, և պողպատե սուսերները կես մերկացրած պահելով՝ հանկարծ անսպասելիորեն զենքերը բարձրացրին և թագավորին դիաթավալ անելով՝ գետին տապալեցին։ Իսկույն եղած իրողությանը իրազեկ դառնալով՝ ամբոխը աղաղակով գույժ բարձրացրեց. մինչ այս, մինչ այն՝ նրանցից յուրաքանչյուրը, իր երիվարը նստելով, փախուստի դիմեց։
33 Հայակույտ զորքի մեծամեծները երբ այս իմացան, գունդ-գունդ բաժանվեցին ու հետապնդեցին։ Ոմանք ցամաքով աճապարեցին հասնել Արտաշատ քաղաքի դռների մոտակա կամրջի գլուխը։ Երասխ գետը հորդացած գալիս էր ափեափ լեցուն, սառնահալ, ջրակուտակ, ձյունախառն, ելման ջրերով իր վարարման շրջանում։ Նրանց մի մասն անցավ Վաղարշապատ քաղաքի կամրջով, որը կոչվում է նաև Մեծամորի կամուրջ։ Աճապարում էին որքան կարելի է շուտ հասնել Արտաշատի կամրջի գլուխը։ Ճանապարհների կիրճերում կանգնեցրին նրանց և շրջապատելով՝ Տափերական կամրջի մոտ գետավեժ արեցին։ Իսկ իրենք այնտեղից դարձան վայով, ճիչով ու ողբով, և ամբողջ երկիրը հավաքված՝ թագավորին էր սգում։
34 Եվ քանի դեռ ջերմ շունչը նրա կրծքից չէր հեռացել, և չէր հասել վախճանը, [թագավորը] հրաման տվեց ոչնչացնել նրանց ազգատոհմը։ Այնժամ սկսեցին սպանել ու կոտորել, մինչև իսկ չթողեցին մանուկներից այնպիսին, որը բնավ աջն ու ձախը չգիտեր։ Նաև տոհմի իգական մասը սրի քաշեցին։ Միայն Պարթևի որդիներից երկու փոքրիկ մանուկների մի մարդ [երեխաներից] մեկի դայակների միջոցով փրկեց, որոնցից մեկին փախցրին պարսից կողմերը, իսկ մյուսին՝ հունաց։
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983
.... Աստծո նախախնամությունը պահում է միայն սրան, որ, կարելի է ասել, Աստծո կամքով և առաքյալի շնորհիվ ստեղծվեց կամ լուսավորվեց մոր արգանդում, որին և տվեց նա իր առաքելական շնորհը։
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, էջ 139
© «Հայաստան», Երևան, 1990