Այսպես Արտաշիրը, Խոսրովից մինչև Հնդկաց աշխարհը փախչելով և շատ նեղվելով, մեծամեծ խոստումներ էր անում նախարարներին, եթե մեկն իրեն ազատի նրանից՝ կա՛մ դեղերի միջոցով, կա՛մ գաղտնապես սրով սպանելով, զանազան տեսակ պատիվներ էր խոստանում։ «Մանավանդ ձեզ՝ պարթևազուններիդ,- ասում է նա,- կարծես ավելի հեշտ կլինի նրա դեմ դավ սարքել սիրո պատրվակով. ազգականության պատճառով նա ձեզ կվստահի և կպարտվի»: Նրանց խոստանում էր վերադարձնել բուն Պարթևական տունը, որ կոչվում էր Պահլավ, արքայանիստ Բահլ քաղաքը և ամբողջ Քուշանաց երկիրը։ Նաև խոստանում էր թագավորական ձև և պատիվներ, Արյաց աշխարհի կեսը և իր երկրորդը լինել իր ձեռքի տակ։ Այս խոստումներից հրապուրվելով՝ Անակը, որ Սուրենյան Պահլավի ցեղից էր, հանձն է առնում Խոսրովին սպանել։ Եվ, կեղծելով, թե գաղթում է, փախչում է Արտաշիրից, նրան ձևի համար հետամուտ են լինում պարսից զորքերը և իբրև թե փախցնելով քշում են Ասորեստանով, բերում հանում են Ատրպատականի սահմանների մոտ՝ Կորդուքի միջով։ Մեծն Խոսրովը, Ուտիացիների գավառում այս բանը լսելով, կարծում է, թե Կարենյաններն են եկողները, և մի գունդ է ուղարկում Անակին օգնության։ Սրանք, Անակին պատահելով, թագավորի հրամանով նրան տանում են Արտազ կոչված գավառը՝ մի դաշտավայր տեղ, որտեղ հայտնվեցին մեր մեծ և սուրբ Թադեոս առաքյալի նշխարները։ ....
Արդ, երբ Անակն ապրում էր Արտազի դաշտում, նրա գիշերելու տեղը, խորանի ներսում, պատահեց սուրբ առաքյալի գերեզմանի մոտ անկողինը, և ասում են՝ այստեղ է հղություն առել մեր սուրբ և մեծ Լուսավորիչը։ Ուստի և նույն առաքյալի շնորհը ստացավ նա, որ նրա հանգստարանի մոտ գոյություն գտավ և նրա հոգևոր մշակության պակասը լրացրեց։
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Բ, գլուխ ՀԴ, էջ 136-139
© «Հայաստան», Երևան, 1990