Այնուհետև Հայաստանում թագավոր է լինում նրա քեռորդի Սանատրուկը, որը չնայած Թադեոս առաքյալի քարոզության սկզբում հավատաց Քրիստոսին, [բայց] հետո ուրանում է։ Եվ մի փոքր ուշ բազում չարչարանքներով սրով սպանելով սուրբ առաքյալին և նրա հետ նաև իր դուստր Սանդուխտին՝ [նրանց] զրկում է կյանքից, որոնք վերափոխվեցին անվախճան կյանքի լույսի՝ [տեղավորվելով] փառքի Աստծո աջ կողմում։ Իսկ սրանից հետո այն տասներկուսից մեկը՝ Բարդուղիմեոսը, որին Տիրոջ կողմից վիճակվեց լինել Հայոց աշխարհում, այդ ժամանակ չարչարանքներով սպանվում է Սանատրուկի կողմից։ Նա նահատակվեց Հայաստանում՝ Արասբենոն (Արեբանոս) քաղաքում, որտեղ և դրվեցին նրա ոսկորների նշխարները՝ որպես պարծանք հայաստանցիների ու որպես բուժման [միջոց] բոլոր հիվանդների համար:
Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 39-40
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996