Թադեոս առաքյալի քարոզությունը Եդեսիայում
Բայց մեր Փրկչի համբառնալուց հետո Թովմաս առաքյալը՝ տասներկու [առաքյալներից] մեկը, Եդեսիա քաղաքն ուղարկեց Թադեոսին՝ յոթանասուն [աշակերտներից], որպեսզի Աբգարին բժշկի և ավետարանը քարոզի Տիրոջ ասածի համաձայն: Նա եկավ և իջևանեց հրեա Տուբիա իշխանի տանը, որի մասին ասում են, թե Բագրատունյաց ցեղից էր և Արշամից խուսափելով՝ հրեական կրոնը չուրացավ իր մյուս ազգականների հետ, այլ նույն կրոնով մնաց մինչև Քրիստոսին հավատալը: Եվ նրա [գալու] համբավը ողջ քաղաքում տարածվեց: Աբգարը լսելով ասաց՝ «Դա այն մարդն է, որի մասին Հիսուսը գրեց», և իսկույն կանչեց նրան: Երբ Թադեոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին, նա գահից վեր կացավ և երեսի վրա ընկնելով՝ նրան երկրպագեց. շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացան, որովհետև տեսիլքը չիմացան: Աբգարը հարցրեց նրան. «Իսկապես դու օրհնյալ Հիսուսի աշակե՞րտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել, և կարո՞ղ ես իմ ցավերը բժշկել»: Թադեն նրան պատասխանեց. «Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, քո սրտի բոլոր ցանկացածները կստանաս»: Աբգարն ասաց նրան. «Ես հավատացի Նրան և Նրա Հորը, ուստի կամենում էի զորքերս առնել և գալ կոտորել Նրան խաչող հրեաներին, եթե հռոմայեցիների թագավորությունն այս բանը չարգելեր»:
Այստեղից սկսելով՝ Թադեոսը քարոզեց ավետարանը նրան և ողջ քաղաքին, ձեռքը վրան դնելով՝ բժշկեց նրան, ինչպես և քաղաքի Աբդիու իշխանին, որ հիվանդ էր հոդատապով և մեծ պատիվ էր վայելում թագավորի արքունիքում, և առհասարակ բժշկեց քաղաքում եղած բոլոր հիվանդներին ու ախտավորներին: Եվ բոլորը հավատացին, և մկրտվեցին ինքը Աբգարը և ամբողջ քաղաքը: Կուռքերի մեհյանների դռները փակեցին և բագինի ու սյան վրա եղած պատկերները եղեգով պատեցին:
Նա ոչ ոքի բռնությամբ չէր դարձնում հավատի, բայց հավատացյալներն օրեցօր ավելանում էին:
Իսկ Թադեոս առաքյալն Ադդե անունով մեկին, որ մետաքսագործ և խույր կարող էր, Եդեսիայի վրա [եպիսկոպոս] ձեռնադրելով՝ նրան իր փոխարեն թողնում է թագավորի մոտ: Իսկ ինքը, Աբգարից հրովարտակ առնելով, որ ամենքը Քրիստոսի ավետարանին լսեն, գալիս է Աբգարի քեռորդի Սանատրուկի մոտ, որին նշանակել էր մեր աշխարհի և զորքերի վրա:
Մեր առաքյալների նահատակության մասին
Աբգարից հետո Հայոց թագավորությունը երկու մասի է բաժանվում, որովհետև նրա Անանուն որդին թագադրվեց ու թագավորեց Եդեսիայում, իսկ նրա քեռորդին՝ Սանատրուկը, [թագավորեց] Հայաստանում: Սրանց ժամանակ պատահած անցքերն առաջուց գրված են ուրիշներից, ինչպես՝ Թադեոս առաքյալի Հայաստան գալը, Սանատրուկի հավատալը և [հետո] նախարարների երկյուղից հավատը թողնելը, առաքյալի և նրա հետ եղողների կատարածը Շավարշան գավառում, որ այժմ Արտազ է կոչվում, ապառաժ քարի պատռվելը և առաքյալի մարմինն ընդունելով էլի իրար գալը, հետո աշակերտների կողմից նրա մարմինն այնտեղից առնելը և դաշտում թաղելը, և թագավորի Սանդուխտ դստեր նահատակվելը ճանապարհին մոտ, և վերջերս երկուսի նշխարները հայտնվելը և առապարը փոխադրվելը: Այս բոլորը, ինչպես ասացինք, մեզնից առաջ պատմված է ուրիշներից, ուստի կարևոր չհամարեցինք մանրամասն կրկնել: Նույնպես մեզնից առաջ ուրիշներից պատմված է առաքյալի աշակերտ Ադդեի կատարածը Եդեսիայում Աբգարի որդու ձեռքով:
Սա (Աբգարի որդին), հոր տեղ թագավորելով, հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց: Եվ մարդ ուղարկեց Ադդեի մոտ, որ իր համար բեհեզից խույր կարի ոսկե բանվածքով, ինչպես առաջ անում էր իր հոր համար: Պատասխան ընդունեց, թե՝ «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին՝ կենդանի Աստծուն»: [Թագավորն] իսկույն հրամայեց իր զինակիրներից մեկին, որ նրա ոտքերը սրով կտրի: Նա գնալով տեսավ, որ նստած էր վարդապետության աթոռին, սրով խփեց, նրա սրունքները կտրեց դեն գցեց, և նա իսկույն հոգին ավանդեց: Այս էլ ծայրաքաղ անելով՝ համառոտ հիշատակեցինք, քանի որ առաջուց ուրիշներից պատմված է:
Բայց հայերին վիճակվեց նաև Բարդուղիմեոս առաքյալը, որ նահատակվեց մեզ մոտ՝ Արեբանոս քաղաքում:
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Բ, գլուխ ԼԳ, ԼԴ, էջ 97-98, 100-101
© «Հայաստան», Երևան, 1990