Աբգարի թագավորելը և հայերի ամբողջապես հարկատու դառնալը հռոմայեցիներին. պատերազմը Հերովդեսի զորքերի հետ և նրա եղբորորդի Հովսեփին սպանելը
Թագավորում է Աբգարը՝ Արշամի որդին, պարսից Արշավիր թագավորի քսաներորդ տարում։ Այս Աբգարոսը կոչվում էր «ավագ այր» իր առավել հեզության և իմաստության պատճառով, հետո՝ նաև տարիքի։ Այս [բառերը] հույներն ու ասորիները պարզ չկարողանալով արտասանել՝ նրան կոչեցին Աբգարոս։ Սրա թագավորության երկրորդ տարում Հայաստանի բոլոր կողմերն էլ բոլորովին հռոմայեցիների հարկի տակ են ընկնում, որովհետև, ինչպես ասված է Ղուկասի Ավետարանում, Ավգոստոս կայսրից հրաման դուրս եկավ ամբողջ տիեզերքն աշխարհագիր անելու։ Ուստի և Հայաստան էլ եկան հռոմայեցիների գործակալները, որոնք իրենց հետ բերեցին Ավգոստոս կայսեր պատկերը և կանգնեցրին բոլոր մեհյաններում։ Այս ժամանակներում ծնվում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Որդին։
Մոտ այս ժամանակները խռովություն է ծագում Աբգարի և Հերովդեսի մեջ, որովհետև Հերովդեսը հրամայեց հայոց մեհյաններում իր պատկերն էլ դնել կայսերական պատկերի մոտ, բայց երբ Աբգարն այս հանձն չառավ, ապա Հերովդեսը սկսեց նրա դեմ դավեր սարքել։ Նա թրակացիների և գերմանացիների զորքերն ուղարկում է Պարսից երկիրն ասպատակելու, բայց հրաման է տալիս նրանց Աբգարի աշխարհով անցնել։ Բայց Աբգարը չհամաձայնելով՝ ընդդիմանում է՝ ասելով, թե կայսերական հրամանն այնպես է, որ այդ զորքը պետք է անապատով անցնի Պարսից երկիրը։ Հերովդեսը դառնանում է, բայց անձամբ ոչինչ չի կարող հաջողեցնել. տեսակ-տեսակ ցավերից բռնվելով, ինչպես պատմում է Հովսեպոսը, Քրիստոսի դեմ համարձակվելու պատճառով նա որդնալից եղավ։ Ուստի նա [Աբգարի դեմ] է ուղարկում իր Հովսեփ եղբորորդուն, որին տվել էր իր դուստրը, որ առաջ եղել էր կին իր եղբոր՝ Փերուրին։ Սա, առնելով զորքի բազմությունը, գալիս հասնում է Միջագետքի աշխարհը և հանդիպում է Աբգարին Բուգնան զորանիստ գավառում. կռվի մեջ նա մեռնում է, և զորքը փախուստի է դիմում։ Հենց այդ ժամանակ էլ մեռնում է նաև Հերովդեսը, և Ավգոստոսը հրեից ազգապետ է նշանակում նրա Արքեղայոս որդուն։
Եդեսիա քաղաքի շինությունը և համառոտ հիշատակություն մեր Լուսավորչի տոհմի
Ոչ շատ օրեր անցած՝ վախճանվում է Ավգոստոսը, և նրա տեղ հռոմայեցիների վրա թագավորում է Տիբերը, իսկ Գերմանիկոսը, կեսար դառնալով, անարգում է Արշավիրի և Աբգարի՝ Հռոմ ուղարկած [իշխաններին] նրանց պատերազմի պատճառով, որի մեջ սպանեցին Հերովդեսի եղբորորդուն։ Այս բանից գրգռված՝ Աբգարը մտքին դնում է ապստամբել և պատերազմի պատրաստություն է տեսնում։ Այս ժամանակ նա քաղաք է դարձնում այն տեղը, որտեղ առաջ հայոց գունդը պահպանում էր Եփրատի անցքը Կասսիոսի դեմ, որ և կոչվեց Եդեսիա։ Այնտեղ է փոխադրում Մծբինից իր արքունիքը և բոլոր իր կուռքերը` Նաբոգը, Բելը, Բաթնիքաղը և Թարաթան, նույնպես և մեհյանների վարժարանի մատյանները և առհասարակ թագավորների դիվանները։
Սրանից հետո մեռնում է Արշավիրը, և պարսից վրա թագավորում է նրա որդին՝ Արտաշեսը։ Արդ, թեպետ ինչ-որ ձեռնարկելու ենք պատմել, չի համապատասխանում ո՛չ ժամանակին և ո՛չ էլ պատմության կարգին, բայց որովհետև մեր հայոց ազգի հավատին առիթ եղողները Արշավիր թագավորի սերունդներն են և նրա Արտաշես որդու հարազատները, ուստի այդ մարդկանց պատվականության պատճառով կսկսենք՝ վաղօրոք այս գրքում նշանակելով նրանց Արտաշեսի կողքին, որպեսզի կարդացողներն իմանան, որ նրանք այս քաջի համազգիներն են։ Իսկ հետո արդեն կնշանակենք նրանց հայրերի՝ Հայաստան գալու ժամանակը, որ են Կարենյանները և Սուրենյանները, որից եղավ սուրբ Գրիգորը, ինչպես և Կամսարականները ....
Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ՝ Ս. Մալխասյանցի. գիրք Բ, գլուխ ԻԶ, ԻԷ, էջ 91-93
© «Հայաստան», Երևան, 1990