SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
id089Նշանակում է բարի կենդանություն, բարեկեցություն, ուրախություն: Եկեղեցական աստվածպաշտության մեջ բարեկենդան է կոչվում յուրաքանչյուր շաբաթապահքին, ինչպես նաև Մեծ պահքին նախորդող օրը: Վերջինս կոչվում է Բուն բարեկենդան, իսկ մնացածն անվանում են իրենց հաջորդող պահքի անունով: Բացի Ծննդյան պահքի բարեկենդանից՝ բոլոր մյուսները համընկնում են կիրակի օրվան:
Քրիստոնյայի համար «բարեկենդան» բառը ոչ թե կենցաղային, այլ հոգևոր իմաստ ունի՝ խորհրդանշելով այն ճշմարիտ բարի կյանքը և մեղքի մահով չվնասված հոգու կենդանի վիճակը, որի մեջ մարդը գտնվում էր դրախտում՝ նախքան մեղանչելը: Քրիստոնյայի նպատակն է վերստին ստանալ ադամական մեղքի պատճառով կորցրած այդ սկզբնական բարեկենդանությունը, որը շնորհվելու է համընդհանուր հարության օրը՝ ուղիղ հավատով և բարեպաշտությամբ ընթացողներին:
Արդ, Եկեղեցու աստվածպաշտության ռիթմը, որը բնորոշվում է տոնական և պահոց օրերի հերթափոխով, բարեպաշտ հավատացյալի փրկության կենդանի ուղենիշն է. տոնական զվարթության մեջ քրիստոնյան կանխաճաշակում է շնորհառատ երկնային կյանքը, իսկ պահքի և ապաշխարության մեջ սգում է ու պատերազմում մեղքերի դեմ, որպեսզի ազատագրվելով մեղքի ծառայությունից՝ առավել լիահուն ապրի հաջորդող տոնի ուրախությունը:
Տոնի և պահքի հերթափոխության այս իմաստի վերապրումին է ծառայում բարեկենդանը: Զվարթարար տոն լինելով հանդերձ՝ այն յուրահատուկ նախապատրաստություն է իրեն հաջորդող պահքի համար: Այդ օրը, հիշելով դրախտի ուրախալից կյանքի վայելչությունը և տոնական սեղանի շուրջ զվարճանալով, հավատացյալը միաժամանակ խորհրդածում է առաջիկա պահքի մասին և ուխտադրվում «ապաշխարության արժանի գործեր» կատարել [Մատթ. 3.8]:
 
sacredtradition.am