ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ
id085Աբրահամի հետ
Աստծո կնքած
ուխտի ժառանգորդը՝
Իսրայելի ժողովուրդը, դարերի ընթացքում հաճախ ենթարկվել է մեծ
փորձությունների: Դրանք ոչ թե սոսկ պատմական կարևոր իրադարձություններ են, այլ խիստ ուսանելի հոգևոր
խորհուրդներ: Այդպիսին է նաև բաբելոնյան գերության պատմությունը:
Երբ
իսրայելացիները հավատարիմ էին մնում միակ և ճշմարիտ
Աստծուն, նրանք պատերազմներում հաղթում էին հարևան հեթանոս երկրներին, իսկ երբ ընկնում էին
մեղքերի և անօրինության մեջ, Տերը պատժում էր նրանց և մատնում թշնամու ձեռքը:
Սողոմոն թագավորի
մահից հետո
Իսրայելի ժողովուրդը պառակտվել էր՝ բաժանվելով Հյուսիսային ու Հարավային թագավորությունների, որոնք հաճախ պատերազմում էին միմյանց դեմ: Հյուսիսային թագավորությունը շուտով ուրացավ իր սրբազան
ուխտը և դավաճանելով
Աստծուն՝ սկսեց զանազան կուռքեր պաշտել: Այդ պատճառով Տերը պատժեց նրան, և այն կործանվեց հզոր Ասորեստանի կողմից:
Իսկ Հարավային թագավորությունը թեև պահեց իր հայրերի
հավատը, սակայն երկրում շարունակ անօրինություններ էին կատարվում, որի հետևանքով Տերը թույլ տվեց, որ այս թագավորությունը նույնպես վերանա: Մ. թ. ա. VI դ. Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան նվաճեց, բայց չավերեց Հրեաստանը:
Երեմիա մարգարեն այդ ընթացքում կոչ էր անում հրեաներին ենթարկվել զավթիչներին, քանի որ նրանք արդար պատժի գործիք էին
Աստծո ձեռքում:
Փրկության միակ ուղին, ըստ մարգարեի, անկեղծ
ապաշխարությունն էր: Սակայն թագավորն ու ժողովուրդը չանսացին սուրբ մարգարեի հորդորներին և ապստամբեցին բաբելացիների դեմ: Այդժամ Նաբուքոդոնոսոր արքան պաշարեց, կողոպտեց ու հրի մատնեց
Երուսաղեմը, հիմնահատակ ավերեց
Երուսաղեմի Տաճարը, իսկ բնակիչներին գերեվարեց Բաբելոն՝ քաղաքում թողնելով միայն աղքատներին: Այդ ժամանակվանից էլ անհետ կորավ
ուխտի տապանակը:
Բաբելոնի գլխավոր՝ Իշտար դարպասը
Իրաք, մ. թ. ա. 575 թ.
Սակայն
Աստված չհանդուրժեց, որ Իր ժողովուրդն իսպառ կործանվի: Իր
մարգարեների, մասնավորապես՝
Եզեկիելի և
Դանիելի, ինչպես նաև այլ
բարեպաշտ անձանց միջոցով Տերը պահպանում էր գերեվարված ժողովրդին,
ապաշխարության մղում և սփոփում: Արդյունքում հրեաները զերծ մնացին Բաբելոնում տիրող
կռապաշտությունից և նույնիսկ հեռացան իրենց նախկին հեթանոսական սովորություններից: Նրանց միջոցով տեղի բնակիչներն էլ սկսեցին ճանաչել ճշմարիտ
Աստծուն և
փառաբանել Նրան: Եվ ի վերջո Տերը, տեսնելով հրեաների հավատարմությունը և ընդունելով նրանց
ապաշխարությունը, 70 տարվա գերությունից հետո ազատություն շնորհեց նրանց: Մ. թ. ա. 538 թ. Պարսից Կյուրոս արքան Բաբելոնը նվաճելուց հետո հրեաներին թույլ տվեց վերադառնալ հայրենիք և վերստին կառուցել
Երուսաղեմի Տաճարը: Թագավորի հրամանով հրեաներին վերադարձվեցին Նաբուքոդոնոսորի կողմից կողոպտված Տաճարի սրբազան անոթները: