ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
id0741. Այս բառն արտահայտում է
Աստծո հատկանիշներից մեկը: Թեև աշխարհում անարդարություն է տիրում, բայց և այնպես ամեն ինչ
Աստծո կողմից թույլատրվում է Նրա արդարության համաձայն՝ մարդկանց
մեղքերի դիմաց: Իսկ
ահեղ դատաստանի օրը ամեն բան վերջնական և արդար հատուցում է ստանալու:
Արդար են կոչվում նաև
Աստծո սիրելիները՝ Նրա
պատվիրանները պահող սրբակյաց անձինք: Սակայն նրանց արդարությունը ոչ թե իրենցից է, այլ արդար
Աստծո շնորհից:
2. Մարդկաբանական
առաքինություններից մեկն է, որի շնորհիվ մարդը ներքին արդար կարգավորության է բերում իր հոգու բոլոր կարողությունները՝ չափավորելով դրանք և համաձայնեցնելով
պատվիրանների հետ: Այսպես՝ արդարությունը չի թողնում, որ սրտում չափից ավելի ցանկություններ առաջանան, այլ այնպես է անում, որ նվազ կարևոր, թեև օգտակար բաների հանդեպ ավելորդ ոգևորություն չլինի, իսկ
չարիքի հանդեպ բարկությունը չդառնա անտիրապետելի ու վնասակար:
Այս
առաքինությամբ սեփական անձը կառավարող մարդը իրավամբ արդար է համարվում
Աստծո առջև: