ԱՎԵՏՈՒՄ
id070Այսպես է կոչվում ս.
Մարիամ Աստվածածնին Գաբրիել հրեշտակի կողմից
ավետիս բերելու իրադարձությունը:
Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա
Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի
Փրկչին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: .... Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի» [
Ղուկ. 1.28-32]:
Մարիամը մեծ զարմանքով լսեց այս խոսքերը, որոնք նրա առջև բացում էին
Աստծո Որդու
մարդեղության խորհուրդը: Նրա
խոնարհ սիրտը չէր
հավատում, որ
Աստծո Որդին պետք է դառնա և ի՛ր որդին, որ իրենից պետք է ծնվի աշխարհի
Փրկիչը: Եվ տարակուսելով՝ նա հարցրեց
հրեշտակին. «Ինչպե՞ս կարող է այդ լինել»: «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով պիտի ծնվի քեզանից, սուրբ է և Աստծո Որդի կկոչվի»,- պատասխանեց
հրեշտակը [
Ղուկ. 1.34-35]:
Այնժամ Մարիամը, մեծ
հավատով և ամբողջովին հանձնվելով
Աստծո կամքին,
խոնարհաբար բացականչեց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խոսքի համաձայն լինի ինձ» [
Ղուկ. 1.38]: Այս խոսքերով Կույս Մարիամը ողջ մարդկության անունից համաձայնություն հայտնեց դառնալ
Աստծո և մարդկության հաշտության,
երկնքի և երկրի միավորման միջոցը:
Այդ պահից էլ սկսեցին իրականանալ
հրեշտակի խոսքերը: Սուրբ Կույսի պատասխանին և համաձայնությանը անմիջապես հետևեց նրա լցվելը
Սուրբ Հոգով և հղիանալը Որդի
Աստծով, որով և մեր
փրկագործության սկիզբը դրվեց:
Ավետում
Երևան, ձեռ. 9422, էջ 12ա, Ավետարան, XIII դ.
Այս սքանչելի իրադարձության հիշատակը նախկինում տոնվել է
Աստվածահայտնության տոնին: Իսկ այժմ
Հայ Եկեղեցում այն կատարվում է ապրիլի 7-ին: Ըստ
ավանդության՝
Գաբրիելի ավետումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը: Այս պատճառով տարվա բոլոր չորեքշաբթի օրերը նվիրված են
Աստվածածնի ավետմանը և
Քրիստոսի մարդեղությանը: