SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
id061Ընդհանուր առմամբ՝ աստվածպաշտություն նշանակում է պաշտել և պատվել Աստծուն, իսկ մասնավորապես՝ ծառայել Նրան: Եվ քանի որ մարդու ծառայությունն Աստծուն արտահայտվում է ոչ միայն արտաքին-ծիսական գործողություններով, այլև ներքին նվիրվածությամբ, հայերենում աստվածպաշտություն է կոչվում նաև ամեն ինչով Տիրոջը հաճելի լինելու, Նրա սուրբ կամքը կատարելու ձգտումը, որն այլ կերպ կոչվում է բարեպաշտություն:
Աստվածպաշտությունը ծագել է նախամարդու ստեղծման պահից՝ իբրև մարդու կարևորագույն և ամենահիմնական հատկություն, որը միաժամանակ թե՛ պաշտամունք էր, թե՛ ծառայություն և թե՛ բարեպաշտություն: Ադամական մեղքից հետո էլ մարդը չկորցրեց իր աստվածպաշտությունը: Այն արտահայտվում էր աղոթքով և զոհաբերությամբ, ինչը հայտնի է Ադամի որդիների՝ Աբելի և Կայենի օրինակով: Սակայն, ինչպես գիտենք, Աստված ընդունեց Աբելի զոհը, իսկ Կայենի նվերը մերժեց, որովհետև Աբելը զոհաբերություն էր անում ազնիվ ու նվիրված սրտով, իսկ Կայենը՝ առանց սիրո, իբրև սոսկ պարտականություն: Ի՞նչն էր պատճառը: Կայենը, աստվածպաշտության այս պարտականությունը կատարելով հանդերձ, օժտված չէր ներքին բարեպաշտությամբ, իր սրտում չուներ ճշմարիտ հոգևոր զգացումներ, քանզի չէր ձգտում ամեն ինչով հաճոյանալ Աստծուն:
Աբելի սպանությունից հետո Ադամը մի որդի էլ ունեցավ՝ Սեթ անունով: Նրա ժառանգները շարունակեցին պաշտել ճշմարիտ Աստծուն և կոչվում էին Աստծո որդիներ: Բայց եկավ մի ժամանակ, երբ նրանց աստվածպաշտությունն էլ վերածվեց սոսկ արտաքին պարտականության, իսկ ներքուստ նրանք այն աստիճան հեռացան Աստծուց, որ սկսեցին խառնակվել Կայենի ամբարիշտ սերունդների հետ:
Այս պատճառով վարդապետները նշում են, որ անգամ աստվածպաշտության ամբողջ կարգն ամբասիր կատարելը առանց ներքին բարեպաշտության և խոնարհության, անկեղծ ապաշխարության և ճշմարիտ առաքինագործության՝ անպտուղ է:


Գոյություն ունի երկու աստվածպաշտություն: Առաջինը ընդհանուր հաստատված կարգն է: Սկսվելով պարզ զոհաբերությունից՝ այն դարերի ընթացքում վերաճեց ամբողջական ծիսական արարողության, որի ընթացքում իրականանում են Եկեղեցու խորհուրդները ընթերցանությամբ, աղոթքով, երգեցողությամբ, երկրպագությամբ և այլ գործողություններով: Այս աստվածպաշտությունն իրագործում են հոգևորականները, իսկ եկեղեցում ներկա ժողովուրդը նրանց միջոցով մասնակցում է կատարվող խորհրդին և ընդունում Սուրբ Հոգու շնորհները:
Երկրորդ աստվածպաշտությունը կոչվում է առանձնական, որով մարդը, առանձնության մեջ որոշակի կարգով աղոթելով, իր ծառայությունն է մատուցում Աստծուն: Առանձնական աստվածպաշտությունը նույնքան կարևոր է, որքան ընդհանրականը, մանավանդ ապաշխարելու և առաքինությունների մեջ հաստատվելու, Աստծո ներկայությունը մշտապես հիշելու, Նրա պատվիրանները պահելու և ոչ ձևականորեն, այլ ի սրտե Աստծուն նվիրվելու համար:
Ով թերանում է առանձնական աստվածպաշտության մեջ, նրա համար ընդհանուր եկեղեցական աստվածպաշտությունն էլ վերածվում է ծանր ու տհաճ մի պարտականության: Դրա հետևանքով մարդը կարող է կտրվել իրական բարեպաշտությունից և Սեթի ժառանգների պես վաղ թե ուշ խառնակվել մեղսալից աշխարհի հետ և լիովին հեռանալ Աստծուց: Մինչդեռ նրանց համար, ովքեր ապրում են առանձնական աստվածպաշտությամբ և ձգտում են առաքինի վարքով հաճոյանալ Աստծուն, ընդհանրական աստվածպաշտությունը դառնում է շատ ավելի ցանկալի և նշանակալից:

Պատարագի պահ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. խնկարկություն
Ծաղկազարդ. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի


Ընդհանրական կամ եկեղեցական աստվածպաշտության հիմնական վայրը եկեղեցին է՝ իբրև հատկապես սրբագործված և երկնային բնակիչների ներկայությունը կրող սրբազան տարածք, որի կառուցվածքը ոչ միայն որոշակիորեն համապատասխանեցված է ծիսական գործողություններին, այլև հոգևոր խորհուրդների յուրահատուկ խորհրդանիշ է:
Եկեղեցական աստվածպաշտության հիմնական մասն են կազմում Եկեղեցու խորհուրդները, որոնց մեջ ս. հաղորդությունը եկեղեցական արարողությունների գագաթնակետի՝ ս. պատարագի բովանդակության առանցքն է:
Ընդհանրական աստվածպաշտությունը կարգավորված է ըստ տարվա հատուկ շրջանների, շաբաթվա օրերի և օրվա ժամերի, քանզի այդ ժամանակահատվածներից յուրաքանչյուրը պարունակում է կարևորագույն հոգևոր խորհրդակիր պահեր կամ կրոնական հիշատակություններ:
Տարվա շրջաններով ու օրերով նշանավորվում են եկեղեցական տոներն ու պահոց շրջանները, իսկ օրվա ժամերով կարգավորվում է քրիստոնյայի ամենօրյա պաշտամունքը՝ ըստ հատուկ աղոթաժամերի:
Եկեղեցական աստվածպաշտության մեջ յուրաքանչյուր արարողություն կատարվում է հատուկ սահմանված ծիսակարգով, որը ներառում է մի շարք խորհրդավոր գործողություններ, ինչպիսիք են քահանայի օրհնության կամ բուրվառակրի խնկարկության պահերին խաչակնքելն ու երկրպագելը, արարողության ավարտին խաչն ու ավետարանը համբուրելը և այլն:
Եկեղեցու հիմնական ծեսերը տոն օրերին համալրում են այնպիսի գեղեցիկ ու զվարթարար արարողություններ, ինչպիսիք են անդաստանն ու թափորը, ջրօրհնեքն ու ճրագալույցը, ոտնլվան և խաղողօրհնեքը:
Այս ամենով եկեղեցական աստվածպաշտությունը հոգևոր սկզբունքների կայացման ամբողջական և կատարյալ համակարգ է, որն ահռելի նշանակություն ունի քրիստոնյայի փրկության համար: Ծանոթանալով այդ համակարգին՝ մարդն իմաստնանում է քրիստոնեական ճշմարտություններով, հաստատվում հավատով ու հույսով, իսկ կենդանի և մշտական մասնակցությունը եկեղեցական արարողություններին աճեցնում է քրիստոնյայի ջերմեռանդությունն ու սերն առ Աստված, լցնում շնորհներով և զորացնում՝ կյանքում առավել բարեպաշտ և առաքինի լինելու համար:

Պատարագի պահ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Ծաղկազարդ. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի



 
sacredtradition.am