SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳՅՈՒՏԸ
id595Ս. Գրիգոր Լուսավորիչը կյանքի վերջում հեռանում է Սեպուհ լեռը և ապրում մարդկանցից ծածուկ՝ Մանյա այրք կոչված վայրում՝ հանձնվելով ճգնակեցության և անդադար աղոթքի: Երբ նա վախճանվում է, վերին նախախնամությամբ ճգնավայր են այցելում տեղի հովիվները և տեսնում պատվական աճյունը՝ հայրապետական հանդերձանքով ու գավազանով, ս. սեղանով և սկիհով հանդերձ: Հասկանալով, որ իրենց գտած ծերունին սուրբ անձնավորություն է, նրանք մեծ պատկառանքով խոնարհվում և օրհնություն են խնդրում ննջեցյալից, ապա ծածկում են քարայրի մուտքը քարերով, խնամքով ծեփում բոլոր անցքերը և հեռանում՝ գոհանալով Արարչից:
Այսպես շատ տարիներ աստվածային տնօրինությամբ ս. հայրապետի աճյունը մնում է անթեղված ապահով և մարդկանց համար անհայտ վայրում, որպեսզի այն, ինչպես գրում է ս. Մովսես Խորենացին, նորահավատ ժողովրդի կողմից անխոհեմ պաշտամունքի առարկա չդառնա: Իսկ երբ արդեն շուրջբոլորը հաստատվել էր քրիստոնեական վարդապետությունը, Գառնիկ անունով մի ճգնավորի երազում հայտնվում է ինքը ս. Գրիգորը և նկարագրելով իր նշխարների վայրը՝ պատվիրում է, որ ճգնավորը դրանք տանի Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը և հանձնի հողին: Ս. հայրապետի նշխարները մեծ պատվով ամփոփվում են Թորդանի եկեղեցում՝ առիթ դառնալով բազում հիվանդների ու ցավագարների բժշկության:
Ս. Վարդանանց ժամանակներում Լուսավորչի նշխարների գլխավոր մասը փոխադրվում է Ս. Էջմիածին: Հայոց հայրապետներն ավանդաբար կարևոր հանդիսությունների ժամանակ ս. Գրիգորի հրաշագործ նշխարներից մի մասունք դուրս էին բերում՝ դրանով ներկաներին օրհնելու համար: Առ այսօր ս. հայրապետի աջ ձեռքի մասունքը պահվում է Ս. Էջմիածնի գանձատանը՝ մասունքի պահարան-աջի մեջ, որով ամեն անգամ օրհնվում է նոր մեռոնը: Լուսավորչի նշխարներից որոշ մասեր այսօր սրբությամբ պահպանվում են աշխարհի տարբեր երկրներում:
Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը ս. հայրապետին նվիրված երեք տոներից մեկն է, որը կատարվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, և որին նախորդում է համանուն շաբաթապահք:


 
sacredtradition.am