SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ ՄԵԾ (306-337)
id591Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ընթացք կունենար աշխարհի պատմությունը առանց ս. Կոստանդիանոս Մեծ կայսեր, որը Եկեղեցու պարծանքն է և երկրային տիրակալների ճշմարիտ տիպարը:
Նրա հայրը՝ Կոստասը, մեծահամբավ զորավար էր, որը 293 թ. դառնում է Հռոմեական կայսրության արևմտյան մասի ինքնակալ Մաքսիմիանոս կայսեր (286-305) գահակիցը: Մինչև վախճան (306) Կոստասը մեծ հաջողությամբ է վարում իր պաշտոնը՝ շարունակ հաղթանակներ տանելով կայսրության թշնամիների նկատմամբ և հմտությամբ ու բարեխղճությամբ կառավարելով իրեն ենթակա գավառները: Ըստ քրիստոնյա պատմիչների՝ Կոստասը ծածուկ համակրել կամ հարել է քրիստոնեությանը, ինչով էլ բացատրվում է այն, որ Դիոկղետիանոսի (284-305) հակաքրիստոնեական հրովարտակից (303) հետո նա չհալածեց իր տիրապետության տակ գտնվող քրիստոնյաներին և բավարարվեց միայն մի քանի եկեղեցի փակելով:
Իր բազմաթիվ զավակների մեջ Կոստասը հատկապես սիրում էր Բութանիայում կնության վերցրած գեղեցկուհի Հեղինեից 272 թ. ծնված որդուն՝ Կոստանդիանոսին, որը մանկուց բոլորից տարբերվում էր առույգ ու զվարթ բնավորությամբ, խելացի և ուշիմ մտքով: Այդ պատճառով նա է ընտրվում է իբրև իրավահաջորդ: Տակավին երիտասարդ՝ 298 թ. Կոստանդիանոսը հայտնի է դառնում որպես հմուտ և քաջարի զորավար՝ հաղթանակ տանելով բարբարոս ցեղերի նկատմամբ: 306-ին, Կոստասի մահից հետո, Կոստանդիանոսը Բրիտանիայում հռչակվում է կայսր՝ փոխարինելով հորը, որն արդեն մեկ տարուց ավելի կայսրության արևմտյան մասի ինքնակալն էր:
Կոստանդիանոսը հորից ժառանգում է ոչ միայն գահը, այլև նրա բոլոր դրական հատկանիշները. ինչպես որ Կոստասը, նա էլ երբեք չէր չարաշահում կայսրական իշխանությունը, իր հպատակների հետ մեղմ էր, արդարամիտ ու առատաձեռն և բնավ նման չէր կայսրության մյուս ինքնակալներին՝ նրանց անագորույն ու խստասիրտ բարքով և քրիստոնյաների դաժան հալածանքներով: Այս ամենը կարևոր դեր է ունենում նրա քաղաքական վերելքի համար, ինչը պայմանավորված էր ոչ թե աշխարհում ընդունված նենգ եղանակներով ու ոչ այնքան նրա բնածին ռազմավարական հանճարով, որքան բացահայտ երկնային պահպանությամբ և ուղղակի միջամտությամբ: Աստված ընտրել էր նրան մեծագույն առաքելության համար՝ ոչ միայն դադարեցնել քրիստոնյաների հալածանքները և լինել Եկեղեցու պատվարը, այլև ահռելի հեթանոսական կայսրությունը վերածել հզոր քրիստոնեական տերության:
Կոստանդիանոսի գահակալության սկզբում կայսրությունը լրջագույն քաղաքական ճգնաժամի մեջ էր. միաժամանակ մի քանի իշխանավորներ հավակնում էին ողջ տերության միանձնյա գահակալությանը, ինչի համար դիմում էին ոչ միայն զենքի ուժին, այլև անլուր դավադրությունների: Այդ անզիջում պայքարում Կոստանդիանոսը կարողանում է հերթով վնասազերծել իր բոլոր հակառակորդներին: Այդ ճանապարհին նրան ուղեկցում են զարմանալի նշաններ, որոնք վերահաստատում են նրա հավատը և նպաստում հեթանոսական աշխարհայացքի վերջնական հաղթահարմանը:

Ս. Կոստանդիանոս Մեծի կիսանդրին
Հռոմի Կապիտոլյան թանգարան

Երբ 312 թ. Կոստանդիանոսը ստիպված է լինում արշավել Հռոմ՝ կայսրության մայրաքաղաքում ամրացած ինքնակոչ բռնակալ Մաքսենտիոսի դեմ, վճռական ճակատամարտից առաջ հանկարծ երկնքում դեպի մայրամուտ իջնող արևի վրա տեսնում է հստակ ուրվագծվող խաչի լուսեղեն նշանը՝ աստղանման գրությամբ. «Սրանո՛վ հաղթիր»: Տեսիլքը երևում է նաև նրա զորքին, ինչից բոլորը համակվում են երկյուղով: Այդ գիշեր Կոստանդիանոսին երազում հայտնվում է Քրիստոս նույն նշանով հանդերձ և պատվիրում, որ նա խաչի պատկերը զետեղի դրոշների ու զինվորների զրահների վրա իբրև հաղթության և անխորտակելի զորութան խորհրդանիշ: Վարվելով ըստ վերին հրամանի՝ Կոստանդիանոսի բանակը, քանակով զգալիորեն զիջելով հանդերձ թշնամուն, լիակատար հաղթանակ է տանում: Այդ հաղթանակի պատվին Հռոմում կառուցվում է հսկայական հաղթակամար, որը կանգուն է մինչև այսօր:

Կոստանդիանոս Մեծի հաղթակամարը Հռոմում. 313-315 թթ.

Տիրանալով Հռոմին՝ Կոստանդիանոսը դառնում է կայսրության արևմտյան մասի լիիրավ տիրակալը: Առաջին կարևոր գործը, որով հավետ փառավորվեց Կոստանդինի անունը, կայսրության արևելյան մասի ինքնակալ Լիկինիոսի (307-324) հետ Մեդիոլան (ներկայիս Միլան) քաղաքում 313 թ. հրապարակած հրովարտակն էր, որով դադարեցվում են քրիստոնյաների հալածանքները, և արտոնվում է նրանց ազատորեն ապրել ըստ սեփական հավատի: Կոստանդիանոսը չէր հավակնում ավելի մեծ իշխանության: Նա սեփական քրոջը՝ Կոստանցիային, կնության է տալիս Լիկինիոսին՝ ձգտելով ամրապնդել իրենց համերաշխ երկիշխանությանը: Սակայն շուտով Լիկինիոսը սկսում է դավադրություններ նյութել Կոստանդիանոսի դեմ և, իբրև համոզված հեթանոս, իր տերության սահմաններում վերսկսում է քրիստոնյաների հալածանքները:
Երկու ինքնակալների բախումն անխուսափելի է դառնում, ինչից դարձյալ կախված էր քրիստոնյաների հետագա ճակատագիրը կայսրությունում: Կոստանդիանոսը, որը Քրիստոսի և Նրա հաղթության նշանի զորության անմիջական վկան էր, օրեցօր ավելի է հաստատվում քրիստոնեական հավատի մեջ և խորապես հասկանում, որ իր առաքելությունը պետք է շարունակի մինչև վերջ, քանզի իր և Լիկինիոսի հակամարտությունը ոչ թե անձնական, ոչ թե նույնիսկ քաղաքական, այլ կրոնական բնույթ է կրում՝ մարմնավորելով բարու և չարի պատերազմը: Հեթանոսական պատգամախոսները Լիկինիոսին խոստանում էին փայլուն հաղթանակ, իսկ քրիստոնեական Եկեղեցին օրնիբուն աղոթում էր Կոստանդիանոսի համար: Նրանց զորաբանակների միջև տեղի ունեցած երեք վճռական ճակատամարտերում էլ Լիկինիոսը խայտառակ պարտություն է կրում՝ ամեն անգամ հաշտություն աղերսելով ու նոր տարածքներ կորցնելով: Ի վերջո նա վերջնականապես կորցնում է իշխանությունը և վախճանվում, և Կոստանդիանոսը 324-ին դառնում է կայսրության միակ ինքնակալը:
Դեպի արևելք կատարած արշավանքներից հետո կայսրը որոշում է այդ կողմերում հաստատել իր տերության մայրաքաղաքը: Դրա համար նա ընտրում է Բոսֆորի ափին գտնվող Բյուզանդիոնը՝ գնահատելով այդ քաղաքի բացառիկ ռազմավարական դիրքը: Կոստանդիանոսի մահից հետո կայսրության նոր մայրաքաղաքը վերանվանում են Կոստանդնուպոլիս:
Կոստանդիանոսն աստիճանաբար խորամուխ է լինում քրիստոնեության էության մեջ, որը նրա համար արդեն ոչ միայն զորության ու հաղթանակների, այլև նոր կյանքի աղբյուր էր, որ բխում էր հավատի հիմնական սկզբունքներից: Ուստի նա չէր կարող անտարբեր լինել այդ սկզբունքների վերաբերյալ ներեկեղեցական տարաձայնությունների հանդեպ՝ գիտակցելով ճշմարտությունից շեղվելու վտանգը: Այդ ժամանակ մեծ տարածում էր ստացել արիոսականությունը, որը սպառնում էր խաթարել հավատի ուղղափառ հիմքերը՝ ալեկոծելով ողջ Եկեղեցին: Այդ առիթով քրիստոնյա կայսեր նախաձեռնությամբ 325 թ. Նիկիա քաղաքում գումարվում է առաջին տիեզերական ժողովը, որը դատապարտում է Արիոսի ուսմունքը և հաստատում առաջին Հավատո հանգանակը:
Կոստանդիանոսը խթանում և անձամբ հովանավորում է քրիստոնեական տաճարների շինարարությունը: Արժանահիշատակ են նրա հովանավորությամբ իր մոր՝ ս. Հեղինե թագուհու միջոցով Պաղեստինի տնօրինական վայրերում կառուցված եկեղեցիները, որոնց նավակատիքը մինչև օրս տոնում է Եկեղեցին:
Մյուս կարևոր ավանդը, որը ներդրեց առաջին քրիստոնյա կայսրը քաղաքակրթության մեջ, բարեփոխումներն էին պետական օրենսդրության մեջ ըստ նոր՝ քրիստոնեական սկզբունքների: Դրանցից էին, օրինակ, աղքատների և հիվանդների համար պետական հատկացումները, հոգևորականներին հարկերից ազատելը, կիրակին որպես համընդհանուր տոնական և հանգստյան օր հաստատելը, քրիստոնյաներին բարձր պետական պաշտոններ վստահելը և այլն:
Կոստանդիանոսը, ըստ վարքագիրների, իր պալատում մատուռ էր կառուցել, որտեղ աղոթում էր արքունիքի անդամների հետ: Հաճախ մինչև լույս ուսումնասիրում էր Սուրբ Գիրքը՝ ամրապնդելով իր հավատը և աստվածային խոսքերով զինվելով ընդդեմ բազմաստվածության: Նա հատուկ հոգ էր տանում, որ իր զավակներին դաստիարակեն ու կրթեն քրիստոնյա վարդապետները:
Ապրելով հանդերձ քրիստոնյայի կյանքով՝ Կոստանդիանոսը շարունակ հետաձգում էր իր մկրտությունը՝ թերևս գիտակցելով խորհրդի վեհությունը և իրեն անպատրաստ համարելով: Եվ միայն կյանքի վերջում, զգալով մոտալուտ մահը, նա մկրտվում է և աղոթքը շուրթերին ավանդում հոգին 377 թ. մայիսի 21-ին:
Կոստանդիանոսին իր մահից հետո պատմիչները պատվեցին Մեծ մականունով, իսկ Եկեղեցին սրբերի շարքը դասեց, քանզի նա, արդարև, սրբությամբ ավարտեց իր կյանքը, և նրա գործերն անգնահատելի նշանակության ունեցան Եկեղեցու և համայն մարդկության պատմության համար:
Հայ Եկեղեցին ս. Կոստանդիանոս Մեծի հիշատակը տոնում է Հոգեգալստյան երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ իր մոր՝ ս. Հեղինե թագուհու հետ միասին:


 
sacredtradition.am