SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԽԱԴ ԵՊԻՍԿՈՊՈՍ (+370)
id589Երանելի Խադը ծնունդով Բարձր Հայքի Կարին գավառի Մարագա գյուղից էր: Աշակերտելով ս. Ներսես Մեծին՝ նա ամեն ինչով նմանվում է նրան, մանավանդ աղքատասիրությամբ, ինչը տեսնելով՝ ս. հայրապետը նրան դեռևս սարկավագ եղած ժամանակ կարգում է հիվանդանոցների և օտարանոցների վերակացու: Պատմում են, որ Խադն այնպիսի անմնացորդ սիրով էր խնամում հիվանդներին ու հոգում աղքատների կարիքները, որ իր տնօրինության տակ գտնվող շտեմարաններն արագորեն սպառվում էին, սակայն աղոթելուց հետո դարձյալ հրաշքով լցվում էին՝ երբեք ձեռնունայն չթողնելով երանելուն իր նվիրական գործում:
Խադը ս. Ներսեսի ամենահավատարիմ սպասավորն ու գործակիցն էր: Ուստի երբ ս. հայրապետը 364 թ. ստիպված եղավ առժամանակ հեռանալ Հայաստանից, Խադին ձեռնադրեց Բագրևանդ գավառի և Արշարունյաց նախարարության եպիսկոպոս և կարգեց որպես իր փոխանորդ՝ վստահելով Հայոց աշխարհի հովվապետությունը մինչև իր վերադարձը: Ըստ պատմիչների՝ Խադն այդ ընթացքում, իբրև հայոց հոգևոր առաջնորդ, ոչնչով պակաս չէր ս. Ներսեսից. շարունակում էր օգնել աղքատներին, շրջում էր երկրով մեկ, ամենուր քարոզում ու խրատում և իր մեծ ուսուցի պես բազմաթիվ հրաշքներ ու բժշկություններ էր գործում:
Խադը խիստ սիրված էր ժողովրդի կողմից, քանզի անբասիր էր թե՛ խոսքով և թե՛ գործով: Ու թերևս այդքան կատարյալ լինելու պատճառով նկատելի դարձավ նրա հակումը գեղեցիկ հանդերձների ու երիվարների հանդեպ, ինչի համար արված հանդիմանությունը սուրբն ընդունեց այնպիսի խոնարհությամբ, որ մինչև կյանքի վերջը եղավ խարազնազգեստ և ձիու փոխարեն ավանակ էր հեծնում:
Արշակ II-ի գործած անիրավությունները չէին կարող անտարբեր թողնել Քրիստոսի հավատարիմ ծառային, և նա խստորեն հանդիմանեց արքային, երբ վերջինս մեծ դաժանությամբ կոտորել էր Կամսարականներին: Բայց Խադի հանդիմանությունից Արշակը ոչ թե սթափվեց, այլ զայրացած հրամայեց քարկոծել սրբին: Բարեբախտաբար, երանելու ազգականները հասցրին փրկել նրան քարկոծողների ձեռքից և փախցրին իրենց գավառը՝ Ապահունիք, որտեղ սրբությամբ ապրելով իր կյանքի մնացած տարիները, նա խաղաղությամբ վախճանվեց նախքան իր սիրելի ուսուցիչը՝ 370 թ.:
Ինչպես որ ս. Խադի կյանքն ու գործունեությունն էր, այնպես էլ նրա հիշատակությունը անբաժան մնաց ս. Ներսես Մեծից և կատարվում է միևնույն՝ Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:
 
sacredtradition.am