SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍԱՀԱԿ ԵՎ Ս. ՀՈՎՍԵՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐ (+808)
id587Այս երևելի վկաները պայծառացան Հայոց աշխարհում, երբ այն գտնվում էր Արաբական խալիֆայության կազմում ՝ Հարուն (Ահարոն) ամիրապետի (786-809) և Բյուզանդիայի Նիկեփորոս I կայսեր (802-811) օրոք: Նրանք զավակներն էին Կարին քաղաքում բնակվող արաբ իշխան Կայսի և բարեպաշտ հայուհի քրիստոնյայի, որին իշխանը չէր արգելել մկրտել և քրիստոնեական հավատով դաստիարակել իր երեք որդիներին: Հովսեփը ավագն էր, Սահակը՝ միջնեկը, իսկ կրտսերի անունը մեզ չի հասել: Մանկուց վարժվելով աղոթքի և բարեպաշտության մեջ՝ երեք եղբայրներն ապրում էին ջերմեռանդ ու առաքինասեր կյանքով:
Սակայն իշխող հակաքրիստոնեական կարգերի պատճառով նրանք ստիպված էին թաքցնել իրենց աստվածպաշտությունը և, երբ հասնում են հասուն տարիքի, որոշում են անկաշկանդ և լիարժեք հոգևոր կյանքով ապրելու համար հեռանալ Բյուզանդիա, որին սահմանակից էր իրենց հայրենի Կարին քաղաքը: Հունաց դեսպանի միջոցով նրանք գրություն են ուղարկում Նիկեփորոսին՝ հայտնելով իրենց ցանկությունը, և դրական պատասխան ու հրավեր ստանալով՝ հորից թաքուն պատրաստվում են ճամփորդության: Բայց Կայսը ուրիշներից տեղեկանում է նրանց նպատակի մասին և բռնությամբ արգելում որդիներին հեռանալ հայրենիքից: Կրտսեր եղբայրը, կարողանալով փախչել հայրական տնից, հասնում է բաղձալի նպատակին, իսկ մյուս եղբայրները որոշում են չհակառակվել հորը, բայց միառժամանակ անց պատեհ առիթով դարձյալ դիմում են փախուստի: Այս անգամ նրանց կանխում է Կարինի քաղաքապետի գործակալը, որը հատուկ հսկում էր քաղաքի ելումուտը և, կռահելով եղբայրների ուղևորության պատճառը, նրանց բերում է քաղաքապետի մոտ:
Երանելի քրիստոնյաներն իսկույն Սուրբ Հոգու ազդմամբ հասկանում են, որ Տիրոջ կամքը չէ, որ իրենք հեռանան օտար երկիր, և որ Նա իրենց համար ավելի մեծ ու ցանկալի նվեր է պատրաստել: Առանց վարանելու քաղաքապետին խոստովանում են իրենց քրիստոնյա լինելը և ժխտական վերաբերմունքը իսլամի նկատմամբ: Քաղաքապետը, զարմացած նրանց համարձակությունից և խիստ վիրավորված իր կրոնի հանդեպ անարգալից վերաբերմունքից, բանտարկում է եղբայրներին, իսկ իր խորհրդականների հետ շտապ խորհրդակցելով՝ որոշում է հատուկ անձանց ուղարկել բանտ՝ զանազան խոստումներով հրապուրելու և համոզելու իշխանազուններին հրաժարվել քրիստոնեությունից: Բայց եղբայրները մնում են անդրդվելի և պատրաստ նահատակության: Այդժամ նրանց այցելում է ծերունի հայրը և ողբալով աղաչում, որ գոնե, խղճալով իրեն, առերևույթ ուրանան և շարունակեն ծածուկ պաշտել իրենց Աստծուն: Եղբայրները մերժում են հոր թախանձանքները՝ վկայակոչելով Քրիստոսի խոսքը, թե՝ «ով Ինձ կուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ» [Մատթ. 10.33]:
Անխուսափելի մահվան դատավճիռը երանելի նահատակներն ընդունում են իբրև բարի լուր և իրենց անվեհեր օրինակով քաջալերում բանտում գտնվող այլ քրիստոնյա արաբների, որոնց ազգակիցները խոշտանգելով ստիպում էին ուրանալ Քրիստոսին: Երբ եղբայրներին տանում են կառափնարան, Հովսեփը խնդրում է, որ առաջինը գլխատեն եղբորը՝ իբրև կրտսերի: Այս է պատճառը, որ մարտիրոս եղբայրների հիշատակության անվանման մեջ նախապատվված է ս. Սահակի անունը: Նահատակների մարմինները նետում են մի ամայի վայր՝ արգելելով բնակիչներին մոտենալ նրանց, որպեսզի, իբրև ուրացած մահմեդականներ, շների և թռչունների կեր դառնան: Բայց հանկարծ ի վերուստ լույս է իջնում սրբերի վրա՝ զմայլանք ու ահ պատճառելով ներկաներին: Այդժամ Կարինի իշխանը զղջալով՝ թույլատրում է քրիստոնյաներին պատվով վերցնել ու հողին հանձնել սուրբ նահատակների մարմինները, իսկ բանտարկված մյուս քրիստոնյաներին ազատ է արձակում:
Մարտիրոսացած եղբայրների հանգստարանի վրա որոշ ժամանակ անց վայելուչ վկայարան է կառուցվում, որտեղ նրանց բարեխոսությամբ բազմաթիվ բժշկություններ են կատարվում: Մինչև այժմ Կարինի բնակիչները ցույց են տալիս «Նահատակի աղբյուր» կոչվող նշանավոր ուխտատեղին, որտեղ, ըստ ավանդության, գլխատվել են սրբերը:
Ս. Սահակի և ս. Հովսեփի նահատակությունը տեղի ունեցավ 808 թ. հոկտեմբերի 19-ին: Այժմ այն հիշատակվում է Ս. Էջմիածնի տոնին հաջորդող հինգշաբթի օրը:


 
sacredtradition.am