Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310)
id584Լիկինիոս կայսեր (307-324) հալածանքների ժամանակ Ամասիայի
բարեպաշտ քրիստոնյաների զավակ Ակակիոսին տակավին պատանի հասակում ձերբակալում են իր
հավատի համար և ստիպում ուրանալ
Քրիստոսին ու զոհեր մատուցել կուռքերին: Սակայն պատանու անդրդվելի հավատարմությունն ու անվեհերությունը պատճառ են դառնում անհավատալի հրաշքների՝ հայտնելով
Քրիստոսի զորությունը և
փառքը հեթանոսների մեջ: Երբ Լիկինիոսը տեսնում է, որ պատանին դաժան գանահարությունից ու խոշտանգումներից հետո մնացել է ոչ միայն հոգով անկոտրում, այլև մարմնով՝ բացարձակ անվնաս, խուսափելով իրեն սպասվող խայտառակ պարտությունից՝ պատանուն հանձնում է եպարքոս Տերենտիոսին: Վերջինս Ակակիոսին նետել է տալիս ձեթով ու ճարպով լի եռացող կաթսայի մեջ, սակայն կրակը հանգչում է, կաթսան՝ սառչում, և պատանին դարձյալ մնում է կենդանի ու անվնաս:
Չկամենալով նահանջել
Քրիստոսի բացահայտ զորության առջև՝ հեթանոս կառավարիչը կատարվածը վերագրում է կախարդական հնարանքի ու որոշում է դա հաղթահարել իր պաշտած աստվածների միջոցով: Նա պատանուն իր հետ տանում է Ապողոնիա և մտցնում քաղաքի մեհյաններից մեկը, սակայն
սրբի աղոթքով կործանվում են մեհյանի բոլոր կուռքերը: Քաղաքի դատավորը կատարվածի համար Ակակիոսին սաստիկ գանահարում է և նետում առյուծի առջև, բայց գազանը չի մոտենում նրան: Այդժամ սուրբ պատանուն գցում են այրվող հնոցը, որտեղից Տիրոջ
հրեշտակը մարտիրոսին դուրս է բերում առանց որևէ այրվածքի:
Տեսնելով իր պարտությունը՝ Տերենտիոսը ս. Ակակիոսին հանձնում է Պոսիդոնիոս անունով մի իշխանի: Վերջինս հրամայում է պատանուն ծանր շղթաներով կապված տանել Մելիտինե՝ հուսալով, որ քաղաքի կուռքերը կհնազանդեցնեն ըմբոստ
քրիստոնյային: Բայց այստեղ էլ
սուրբն իր
աղոթքներով կործանում է կուռքերի արձանները: Այլևս ոչինչ չէր մնում անել, քան գլխատել երանելուն որպես մոգի ու կախարդի: Եվ սուրբ պատանին ծնրադիր
աղոթելուց հետո կամավոր խոնարհում է իր պարանոցը դահճի առջև՝ սիրով ընդունելով մարտիրոսության անապական պսակը 310 թվականին: Երանելու մարմինը Ղևոնդիոս անունով մի
քահանա տանում է Սինոպ քաղաքը և ամփոփում մի ծածուկ տեղում:
590-ին, հայազգի Մորիկ կայսեր (582-602) օրոք, Սինոպում հայտնաբերվում են ս. Ակակիոսի
նշխարները, որոնց վրա փառահեղ
եկեղեցի է կառուցվում: