Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ
id582 Ս.
Հովհաննես Մկրտչին նվիրված տոների մեջ սա տարվա երրորդ տոնն է՝ ս. Նախակարապետի ծննդյան և գլխատման հիշատակություններից հետո: Սակայն
Հայ Եկեղեցու ավանդության մեջ այն առավել առաջնային է իր պատմական նշանակությամբ:
Երբ Կեսարիայի պատրիարք Ղևոնդիոսը ս.
Գրիգոր Լուսավորչին քահանա և հայոց
եպիսկոպոսապետ է ձեռնադրում, իբրև մեծարանքի նշան նվիրում է նրան Կեսարիայում պահվող մեծագույն
սրբությունը՝ ս.
Հովհաննես Մկրտչի նշխարները, ինչպես նաև Սեբաստիայի
եպիսկոպոս ս. Աթանագինեի
նշխարները: Վերջինս ս.
Գրիգոր Լուսավորչի աներորդին էր և դրանից մի քանի տարի առաջ
նահատակվել էր Դիոկղետիանոսի (284-305) սանձազերծած հալածանքների հետևանքով:
Երբ հայոց նորընծա
հայրապետն իր շքախմբով ու բանակի ուղեկցությամբ հայրենիք էր վերադառնում
սրբերի նշխարներով, Տարոնի գավառում հանդիպում է
հեթանոսությունից դեռևս չհրաժարված քրմերի զինված դիմադրությանը: Տեսնելով, որ ճակատամարտն անխուսափելի է, ս.
Գրիգորն առաջին հերթին հոգում է
սրբերի նշխարների մասին և դրանք թաքցնում է մի անհայտ վայրում, իսկ Մոկաց իշխանը
հայրապետին շտապ հեռացնում է ռազմի վայրից ու հասցնում Ողական անառիկ ամրոցը: Երկու օր պատերազմելուց հետո
կռապաշտները պարտվում են, և նախարարները սուրհանդակ են ուղարկում ամրոց: Ս.
Գրիգորն իր խմբով դուրս է գալիս ամրոցից և դիմում դեպի մարտի վայրը, սակայն տակավին տեղ չհասած՝ մութն ընկնում է, և խումբը մոլորվում է՝ կորցնելով ճանապարհը: Այդ ժամանակ հանկարծ պահված
նշխարներից մի պայծառ
լույս է ծագում՝ գիշերվա մթության մեջ արեգակի ճառագայթների պես լուսավորելով շրջակա գյուղն ու դաշտերը: Տեղի բնակիչներն ապշահար դուրս են գալիս տներից ու դիմում դեպի
լույսի աղբյուրը և մեծ երկյուղով սկսում են
աղոթել ու
ապաշխարել, իսկ
հեթանոսության մեջ համառածները
դարձի են գալիս: Ողջ գիշեր մինչև առավոտ ս.
Գրիգորի խումբը
նշխարներով շրջում է գյուղում՝ ցնծությամբ տոնելով կատարված հրաշքը:
Հաջորդ օրը հայտնի է դառնում, որ Տարոնի Իննակնյա կոչվող վայրում ինքնիրեն կործանվել է Դեմետրի մեհյանը: Երբ ս.
Գրիգորը հասնում է Իննակնյա, տեսնում է մեհյանի ավերակները և նրա պաշտոնյայներին՝ ողբաձայն աղաղակելիս: Այդժամ օդի մեջ երևում է
դևերի մեծ բազմություն, որ խուռներամ կոծում էր՝ ասելով. «Վա՜յ մեզ, քանզի մեռյալների ոսկորները (այսինքն՝ ս.
նշխարները) հալածում են մեզ այստեղից»: Իսկ քրմերի դասից ոմանք, խոշտանգվելով
դևերից, մահամերձ ընկնում են գետնին: Ս.
Գրիգորը աղոթքով բժշկում է նրանց, ապա հրամայում ավերել այդ վայրի մյուս՝ դեռևս կանգուն Գիսանեի մեհյանը: Այնուհետև Դեմետրի մեհյանի վայրում ս.
հայրապետը վկայարան է կառուցում՝ ս.
Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեի
նշխարների մի մասն ամփոփելով շինության հիմքում, ինչից հետո մկրտում է տեղի բնակիչներից ավելի քան 5000 հոգու:
Մկրտության ժամանակ երկնքից սյունաձև լույս է իջնում և շուրջ 3 ժամ, արարողության ողջ ընթացքում, շարունակ ճառագում մկրտվողների գլխավերևում:
Մկրտությունից հետո
ս. Գրիգորը բոլոր նորադարձների հետ մեծ տոնախմբություն է կատարում ս. Կարապետի վկայարանում և կարգադրում յուրաքանչյուր տարի նույն օրը, որ Նավասարդ ամսի 1-ն էր և հայոց հին Ամանորը, կատարել ս. Կարապետի տոնը՝ ի հիշատակ նրա և ս. Աթանագինեի
նշխարները Հայաստան փոխադրելու:
Ս.
նշխարների մնացած մասով հայոց
հայրապետն ուղևորվում է Աշտիշատ՝ կործանելու Վահեվահյան, Արտեմիսի և Աստղիկ դիցուհու մեհյանները, որոնցում դեռևս ժողովուրդը զոհեր էր մատուցում: Սակայն Տիրոջ հրամանով, չհասած Աշտիշատի մեհյաններին, ս. Գրիգորը Արածանի գետի ձորափին մի փոքր մատուռ է կառուցում, որի հիմքում էլ զետեղում է
սրբերի նշխարները (հետագայում այն կոչվեց Հովհաննավանք կամ Մատրավանք): Մինչ ընթանում էր մատուռի շինարարությունը, ս.
Գրիգորը հանձնարարում է, որ զորականները գնան Աշտիշատ և քանդեն մեհյանները, սակայն դա նրանց ոչ մի կերպ չի հաջողվում: Այդժամ Լուսավորիչը բարձրանում է քաղաքի հանդիպակաց բարձունքը, և նրա աղոթքով ահռելի ուժգնությամբ քամի է ելնում, որն ամբողջովին ավերում է մեհյանները, այնպես որ նույնիսկ դրանց հետքը չի մնում: Այս ահավոր նշանը տեսնելով՝ տեղի բնակիչները դարձի են գալիս: Ս.
Գրիգորն Աշտիշատում հիմնում է մի մեծ տաճար՝
մկրտության ավազանով հանդերձ, որտեղ 20 օր շարունակ
մկրտում է տասնյակ հազարավոր մարդկանց: Ապա իջնելով Մատրավանք՝ ս.
հայրապետը ս.
Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեի անթեղված
նշխարների վրա ս.
սեղան է կառուցում, որի վրա մատուցում է իր առաջին
պատարագը և ս.
հաղորդություն բաշխում ժողովրդին: Այդ օրը, որ հայոց Սահմի 7-ն էր, ս.
հայրապետը նույնպես կարգադրում է մեծ տոնախմբությամբ նշել ամեն տարի՝ ի հիշատակ ս.
նշխարների փոխադրության և կատարված հրաշքների:
Հետագայում ս.
նշխարների փոխադրմանը նվիրված այս երկու տոնախմբությունները վերածվեցին ընդհանուր տոնի, որը կանոնակարգվեց կատարել ս.
Հռիփսիմյան կույսերի հիշատակություններից հետո և ս.
Գրիգոր Լուսավորչի՝
Խոր վիրապից ելնելու տոնից առաջ՝ հինգշաբթի օրը: