ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ)
id564Զաքարիան սերում էր քահանայական ցեղից,
Անգե մարգարեի ժամանակակիցն էր և իր
մարգարեական ծառայությամբ գործակցում էր նրա հետ՝ խրախուսելով
Երուսաղեմի տաճարը վերակառուցողներին: Ենթադրվում է, որ
մարգարեն ծնվել է հրեաների
բաբելոնյան գերության ժամանակ և առաջին գերեդարձների հետ (մ. թ. ա. 530-ական թթ.)
Երուսաղեմ ժամանել երիտասարդ տարիքում: Մինչդեռ, ըստ մեկ այլ ավանդության, Զաքարիան ծնվել է Հրեաստանում նախքան գերությունը և իր ծառայությունը սկսել է դեռևս Բաբելոնում՝ մեծ մխիթարություն լինելով հրեաների համար, քանզի տարիներ առաջ
մարգարեացավ Կյուրոսի հաղթանակի, նրա շնորհիվ ժողովրդի գերեդարձի և
Երուսաղեմի տաճարի վերաշինման մասին, ինչին և ականատես ու մասնակից դարձավ՝ ապրելով մինչև խոր ծերություն:
Տասներկու փոքր մարգարեների գրքերի մեջ Զաքարիայի գիրքն ամենաընդարձակն է: Այն բովանդակում է
մարգարեի ինը
տեսիլքները, որոնց միջոցով Տերը սթափեցնում է Իր ժողովրդին անտարբերության թմբիրից, քաջալերում վերսկսել
Երուսաղեմի տաճարի շինությունը, ցույց տալիս, որ Իր զորավոր աջով պահպանում է Հրեաստանը աշխարհի ալեկոծությունների մեջ, կոչ է անում չնմանվել գերությունից առաջ
կռապաշտության ու բազում անօրինությունների մեջ ընկած իրենց նախահայրերին, այլ պատվել
Աստծուն ոչ թե ձևական, այլ ճշմարիտ
բարեպաշտությամբ՝
ողորմածությամբ և անոխակալությամբ, որպեսզի առհավետ վայելեն Տիրոջ
օրհնությունն ու զորավոր պահպանությունը: Զաքարիան
մարգարեանում է, որ կվերականգնվի
Իսրայելի նախկին
փառքը, և «դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ» [
Զաք. 8.20], որտեղից
փրկություն կլինի աշխարհին: Նա կանխատեսում է
Մեսիայի մուտքը
Երուսաղեմ ոչ թե մարտական երիվարներով, այլ՝ ավանակի վրա նստած [
Զաք. 9.9], քանզի Նա գալիս է նվաճելու ոչ թե աշխարհը, այլ մարդկանց սրտերը՝ երկնային խաղաղություն տարածելով «մինչև երկրի ծագերը» [
Զաք. 9.10]:
Փրկչի այս խոնարհ կերպարի ուրվագծերը՝ կապված Նրա ինքնանվաղման և ինքնազոհաբերման
խորհրդի հետ, լրացնում են գրքի մյուս
մարգարեական դրվագները, որոնցում Զաքարիան կանխահայտնում է Հուդայի մատնությունը երեսուն արծաթի դիմաց [
Զաք. 11.12],
Քրիստոսի ձերբակալվելն ու աշակերտների ցրվելը [
Զաք. 13.7],
խաչելությունն ու խոցվելը
գեղարդով [
Զաք. 12.10]:
Ենթադրվում է, որ Զաքարիա մարգարեին է վերաբերում
Քրիստոսի խոսքը տաճարի և զոհասեղանի միջև սպանված Զաքարիայի մասին [տե՛ս [
Մատթ. 23.35]:
Մարգարեի գերեզմանը գտնվում է
Ձիթենյաց լեռան ստորոտում՝ ապառաժի մեջ կտրված քառակողմ, եռանկյունաձև գմբեթով դամբարանում, որը Պաղեստինի ամենանշանավոր ուխտատեղիներից է:
Զաքարիա մարգարեի գերեզմանը